ԿարևորՄիջազգային

Եվրոպական եռյակը փորձում է վերականգնել Իրանի դեմ պատժամիջոցները, Թեհրանը` խոստանում պատասխանել

Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան նախօրեին՝ օգոստոսի 28-ին, իրականացրել են իրենց սպառնալիքը․ նախաձեռնել ՄԱԿ-ի միջոցով  Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների վերականգնելու 30-օրյա գործընթաց։ Իրանը, իր հերթին, խոստացել է  «համապատասխան քայլ ձեռնարկել այս անօրինական և անհիմն գործողության» դեմ, հայտնում է RFI-ն։

Եվրոպական երեք երկրները` E3-ը,  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հղած նամակում հայտարարել են, որ փաստերի վրա հիմնված իրենց գնահատականի համաձայն` Իրանը էականորեն չի կատարում 2015թ․ ստորագրված միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, և իրենք գործի են դնում «snapback» հայտնի մեխանիզմը։ Այն նախատեսում է 30-օրյա ընթացակարգ, որի արդյունքում կարող են վերականգնվել տասը տարի առաջ սառեցված պատժամիջոցները։

Ի պատասխան` Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ նախարար Աբաս Արաղչին եվրոպացի գործընկերների հետ հեռախոսազրույցից հետո ընդգծել է, որ «Իրանը համարժեք ձևով կպատասխանի այս անօրինական և անհիմն գործողությանը»։

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպանը եւս պնդել է, որ E3-ը-ի որոշումը «բացարձակապես ոչ մի իրավական հիմք չունի»։

ՄԱԿ-ի պատժամիջոցները ինքնաշխատ կվերականգնվեն 30 օրում, եթե համաձայնություն չլինի։ Թեհրանը հայտարարել է, որ կդադարեցնի համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ, եթե եվրոպացիները գործարկեն «snapback»-ը։

Վերջին օրերին Իրանը թույլատրել էր ՄԱԿ-ի տեսուչների վերադարձը երկիր, սակայն չէր համաձայնել նրանց մուտքը այն միջուկային օբյեկտներ, որոնք հարձակման են ենթարկվել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից։

Կարդացեք նաև

Back to top button