
ԵԱՀԿ Մինսկի խմբի փակումը նախատեսվում է սեպտեմբերի 1-ին` լուռ ընթացակարգով Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» լրատվականին հայտնել են ԵԱՀԿ քարտուղարությունից։
«Ռադիոլուրին» ուղարկած նամակում ԵԱՀԿ խոսնակը հիշեցրել է, որ օգոստոսի 11-ին ստացել են Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ դիմումը ուղղված Նախարարների խորհրդին՝ Մինսկի գործընթացը դադարեցնելու եւ դրա հետ կապված կառույցները փակելու առաջարկով։
Ըստ ԵԱՀԿ-ից ստացված տեղեկության` կառույցի 2025 թվականի գործող նախագահ Ֆինլանդիան մասնակից պետությունների հետ քննարկումներ է անցկացնում՝ Մինսկի գործընթացը և դրան առնչվող կառույցները փակելու վերաբերյալ։ Դրա համար անհրաժեշտ է Նախարարների խորհրդի որոշումը, որն ընդունվում է մասնակից բոլոր 57 պետությունների կողմից՝ կոնսենսուսով։
«Օգոստոսի 25-ին կայացած մշտական խորհրդի հատուկ նիստից հետո Մինսկի գործընթացը և դրան առնչվող կառույցները փակելու վերաբերյալ Նախարարների խորհրդի որոշման նախագիծը ներկայացվել է մասնակից պետություններին` մինչև սեպտեմբերի 1-ը լուռ ընթացակարգով հաստատելու համար։ Այս ընթացակարգը հնարավորություն է տալիս որոշումն ընդունել այդ օրը, եթե ոչ մի մասնակից պետություն առարկություն չներկայացնի։ Քարտուղարությունը պատրաստ է իրականացնել այս քննարկումների ցանկացած արդյունք»,- «Ռադիոլուրին» փոխանցել է ԵԱՀԿ խոսնակը։




