Առողջապահության նախարարությունը հայտնում է 45-68 տարեկան կանանց որոշակի խմբերի համար սքրինինգային ծառայությունների ծրագրի շարունակման մասին։ Նախարար Անահիտ Ավանեսյանն օրերս մանրամասնել էր, որ շահառուների խմբի անդամ կանայք կարող են ներկայանալ իրենց պոլիկլինիկա և ստանալ ուղեգիր՝ ստանալու անվճար սքրինինգ-հետազոտություն։
Հայաստանում կրծքագեղձի անվճար սքրինինգի պետական ծրագիրն իրականացվում է արդեն երրորդ տարին, սակայն, պաշտոնական վիճակագրությունը նաև մտահոգիչ ցուցանիշներ է արձանագրում․ ուշ դիմելիությունը մնում է լուրջ խնդիր․ որոշ ուսումնասիրությունների համաձայն՝ Հայաստանում կրծքագեղձի ուռուցքների 4-րդ՝ ամենաբարդ փուլում հայտնաբերված դեպքերի մասնաբաժինը մոտ 20.8% է․ սա նախկին խորհրդային երկրների ամենամտահոգիչ ցուցանիշներից է։ Կրծքագեղձի առողջության թեման ամենևին էլ միայն կանացի առողջության հարց չէ։ Սա նաև տարատեսակ սխալ պատկերացումների, կարծրատիպերի, երբեմն սիրողական, երբեմն՝ արհեստական բանականության լուծմանը վստահված խնդիր է։
Ինչ պատկեր է այսօր երկրում, ինչպես են ժամանակակից էսթետիկ և մազահեռացման ծառայությունները ազդում կանացի առողջության վրա․ այս ու ուշագրավ բազմաթիվ այլ թեմաների շուրջ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանի և նրա դստեր՝ նույն կենտրոնի ռադիոլոգ, բժիշկ ու բլոգեր Շաքե Հմայակյանի հետ այս հարցերի շուրջ զրուցել են Լիանա Եղիազարյանն ու Արմինե Գևորգյանը։




