
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունը, որով նա առաջին անգամ հրապարակայնորեն անդրադարձել է Օսմանյան կայսրության կողմից հայերի, ասորիների և հույների նկատմամբ իրականացված ցեղասպանությանը, բուռն քննարկումների թեմա է դարձել։ Նեթանյահուի խոսքերը միջազգային մամուլում գնահատվել են որպես Իսրայելի դիրքորոշման հնարավոր փոփոխության ազդանշան։ Հայաստանում փորձագետները նկատում են, որ վերջին տասնամյակների ընթացքում՝ Թուրքիայի հետ հարաբերությունների յուրաքանչյուր սրացման ժամանակ, Իսրայելի իշխանության այս կամ այն ներկայացուցիչն ակնարկել է Հայոց Ցեղասպանության ճանաչման հնարավորության մասին: Իսրայելի վարչապետի հայտարարությունը դիտարկվում է նաև այն համատեքստում, որ Գազայում, ըստ միջազգային տարբեր գնահատումների, ցեղասպանություն գործող Նեթանյահուն այսպես ասած «ճանաչում» է Հայոց Ցեղասպանությունը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն առաջին անգամ հրապարակայնորեն հայտարարել է, որ ճանաչում է Օսմանյան կայսրության կողմից 20-րդ դարի սկզբին հայերի, ասորիների և հույների դեմ իրականացված ցեղասպանությունը, գրում է Times of Israel-ը։
Պատրիկ Բեթ-Դեյվիդի հետ փոդքասթում, ի պատասխան հարցի, թե ինչո՞ւ Իսրայելը մինչ այժմ պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Նեթանյահուն ասել է․
«Կարծում եմ՝ փաստացի ճանաչել ենք։ Քնեսեթը դրա վերաբերյալ բանաձև է ընդունել»։
Այդպիսի օրենք, սակայն, Քնեսեթը չի ընդունել՝ դիտարկմանն ի պատասխան Նեթանյահուն արձագանքել է.
«Ես հենց նոր ճանաչեցի։ Ահա»։
Հայոց ցեղասպանության օրն այդ երկրում նշելու մասին օրինագիծը դեռ 2018-ին դրվել էր Իսրայելի խորհրդարանի լիագումար նիստի քննարկմանը, սակայն չէր ընդունվել:
Բեթ-Դեյվիդը ծագումով Իրանից ասորի քրիստոնյա ընտանիքից է։ Այս մասին հիշեցնելով՝ Times of Israel-ը գրում է.
«Տարածած հայտարարությամբ նա կարծես ազդարարում է Իսրայելի դիրքորոշման հնարավոր փոփոխությունը, քանի որ Թուրքիայի հետ հարաբերությունները շարունակում են սրվել»։
Ցեղասպանագետ Արմեն Մարուքյանը, սակայն, «Ռադիոլուրի» հետ զրույցում դժվարանում է Նեթանյահուի հայտարարությունը որպես իրական ճանաչում ընկալել։ Մինչև այդ նմանատպ հայտարարություններ Իսրայելի նախագահն էլ է կատարել՝ հիշեցնում է ցեղասպանագետը՝ հավելելով.
«Երբ հերթը հասել է արդեն Քնեսեթում՝ կոնկրետ օրենսդիր մարմնի կողմից ճանաչմանը, այդ հարցը միշտ հետաձգվել է։ Ինչպես միշտ՝ Իսրայելը շահարկում է այդ հարցն իր արտաքին քաղաքական նպատակների համար։ Հատկապես, երբ Թուրքիայի հետ լարված հարաբերությունների փուլ է թևակոխում, այդ ժամանակ հիշում են հայերի ցեղասպանության մասին և փորձում են դրանով ինչ-որ հոգեբանական ճնշում գործադրել թուրքական իշխանությունների կամ թուրքական պետության վրա։ Հերթական անգամ մենք դրա ականատեսն ենք, որովհետև Թուրքիան, գիտենք, որ հրապարակայնորեն Գազայում Իսրայելի գործողությունները դատապարտում է։ Հիմա սա, այսպես ասենք, լռեցնելու, զսպելու ինչ-որ գործիք է, որն ավանդաբար Իսրայելն օգտագործում է։ Եթե իրականում դա ազնիվ մղում լիներ, Երուսաղեմի հայկական թաղամասում մեր պատրիարքության նկատմամբ այդ գործողություններն էլ չէին լինի, հերթական անգամ «Կովերի պարտեզ» կոչված տարածքը պատրիարքությունից խլելու գործընթաց է տեղի ունենում։ Այնպես որ, սա քաղաքական շահարկում է, և ավել բան դրանից սպասել չարժե»։
Times of Israel կայքը նաև հիշեցրել է, որ հայերը տասնամյակներ շարունակ ձգտում են ցեղասպանության միջազգային ճանաչման՝ ընդգծելով, որ Օսմանյան կայսրության կողմից իրականացված զանգվածային սպանությունները, տեղահանումներն ու բանտարկությունները, որոնք խլել են մոտ 1,5 միլիոն մարդու կյանք, ցեղասպանություն են։ Թուրքիան, որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ, շարունակում է կտրականապես մերժել այդ որակումը։ Կայքը հիշեցրել է նաև, որ առաջին երկիրը, որը 1965 թվականի ապրիլի 20-ին պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, Ուրուգվայն է։
Այսօրվա դրությամբ ավելի քան 30 երկիր պաշտոնապես ամբողջությամբ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Բացի այդ, Միացյալ Նահանգների Կոնգրեսը և նախագահը նույնպես պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը (2019–2021 թթ.)։ Իսրայելն այդ երկրների ցանկում չկա։
Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից հրեաների ցեղասպանության ճանաչմանը, ապա Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես կասկածի տակ չի դրել կամ մերժել Հոլոքոստի փաստը։ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն է՝ Հոլոքոստը համարվում է 20-րդ դարի ամենամեծ ոճրագործություններից մեկը։ Սակայն միջազգային որոշ նախաձեռնություններում, օրինակ՝ ՄԱԿ–ի Հոլոքոստի հիշատակի օրերի կամ հայտարարությունների քննարկման ժամանակ, ՀՀ–ն երբեմն չի միացել որոշ բանաձևերի կամ ձեռնպահ է մնացել քվեարկությունից։ Ցեղասպանագետ Արմեն Մարուքյանը նկատում է․
«Պաշտոնական հայտարարություն Հայաստանի կողմից չի եղել, բայց մենք գիտենք, որ Երևանում կա Հոլոքոստի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան, ինչը կարող ենք դիտարկել նաև այդ լույսի ներքո։ Այսինքն, ի տարբերություն հրեաների կամ հրեական պետության, Հայաստանը երբևէ կասկածի տակ չի դրել Հոլոքոստը,, մինչդեռ մենք գիտենք, որ հայերի ցեղասպանությունը նսեմացնելու պաշտոնական դիրքորոշումներ են արտահայտվել»։
Նման հայտարարություններ են արել Իսրայելի արտգործնախարարը, տարբեր դիվանագետներ։ Մարուքյանի խոսքով՝ չնայած հատուկենտ հայտարարություններին, մինչև այս պահը Հայոց ցեղասպանության ճանաչման առումով Իսրայելի պաշտոնական դիրքորոշումը շարունակել է լինել բացասական։
Վերադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին․ այս հարցն այսօր պաշտոնական Երևանը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում առաջնահերթություն չի համարում։ Խորհրդարանում ավելի վաղ սա պաշտոնապես ձևակերպել էր նաև ՀՀ ԱԳ նախարարը։ Արարատ Միրզոյանն առաջնահերթ էր համարել խաղաղության օրակարգը՝ ՀՀ ԱԳՆ-ի թիվ 1 առաջնահերթությունը համարելով Հայաստանի շուրջ խաղաղության և կայունության ապահովումը, և այս շրջանակում առաջինը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը։ Նա նաև նախանշել էր մի քանի ուղղություն՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի վերջնականացում և ստորագրում, ենթակառուցվածքների ապաշրջափակում և սահմանազատում։
«Հայոց ցեղասպանության հարցը թիվ 1 օրակարգ դարձնելը ԱԳ նախարարության օրակարգում չէ»։
Այս հայտարարությունը միանշանակ չեն գնահատում ցեղասպանագետները։ Արմեն Մարուքյանի կարծիքով՝ այդ հայտարարության օգուտն ավելի մեծ չի եղել, քան հայ ժողովրդի տարբեր շրջանակներում առաջ եկած հակասական տրամադրությունները։
Այս ապրիլին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ակնարկել էր Հայոց ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու անհրաժեշտության մասին։ Մայիսի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կառավարության օրակարգում նման հարց չկա։ Փաշինյանն ապրիլի 24-ի իր ուղերձում կոչ էր արել հայ ժողովրդին՝ մեջբերում․ «դադարեցնել հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, Ավետյաց երկիրը, որտեղ կաթ և մեղր է հոսում։ Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը մեզ համար պետք է ոչ թե կորուսյալ, այլ գտնված և իրական հայրենիքը խորհրդանշի՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության»,- ասվում էր Փաշինյանի հայտարարության մեջ։




