Այս տարվանից բոլոր դպրոցներում՝ 1-ից 11-րդ դասարանները ներառյալ, ուսուցումը կիրականացվի նոր չափորոշչով, այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ 2023 թվականից մեկնարկած բարեփոխումների արդյունքում էականորեն վերափոխվել է դասագրքերի ստեղծման գործընթացը, ձևավորվել է մրցակցային միջավայր, ինչը հնարավորություն է տվել դպրոցներին ստանալ և ներդնել որակապես նոր դասագրքեր։
«Այս 3 տարիների ընթացքում տպագրվել է ավելի քան 220 դասագիրք՝ ընդհանուր առմամբ 159 անվանում։ Այս տարվա արդյունքներով դրանց շուրջ 45 % ունեցել է այլընտրանք, ինչը նշանակում է, որ նույն առարկայի և նույն դասարանի համար դպրոցներին առաջարկվել են երկու տարբեր դասագրքեր, և ուսուցիչները հնարավորություն են ունեցել ընտրելու իրենց համար առավել հարմար տարբերակը»,-ասել է Անդրեասյանը։
Նա նշել է, որ դասագրքերի բաշխումը հիմնականում արդեն ավարտված է 4 մարզերում, իսկ ամբողջությամբ կավարտվի օգոստոսի 28-ին և սեպտեմբերի 1-ին։ «Մեզ ոչինչ չի խանգարելու, որպեսզի ուսումնական գործընթացը կազմակերպվի պատշաճ կերպով»,-ընդգծել է նախարարը։
Անդրեասյանի խոսքով՝ դասագրքերի էլեկտրոնային տարբերակները ուսուցիչներին հասանելի են եղել արդեն մայիս-հունիս ամիսներին, ինչը հնարավորություն է տվել նրանց ծանոթանալ և ընտրել նյութերը։
Նախարարը շեշտել է, որ դպրոցներում անհրաժեշտ բոլոր դասագրքերն առկա են։ Որոշ առարկաներ՝ մասնավորապես քիմիան, կենսաբանությունը, ռուսաց լեզուն և հանրահաշիվը բարձր դասարաններում, դեռևս դասավանդվում են հին դասագրքերով։
«Խոսքը Քիմիա, Կենսաբանություն առարկաների մասին է, ռուսաց լեզուն և հանրահաշիվը։ Միայն 11-րդ դասարանում մենք առանձին աշխատանք ենք տանում ֆրանսերենի ուղղությամբ և այստեղ աշխատում ենք նաև դեսպանատան հետ։ Բայց ես ուզում եմ նաև հիշեցնել, որ ֆրանսերենի ուսուցում իրականացվում է ոչ բոլոր դպրոցներում, և այս խնդիրը, ուրեմն, դասագրքերի, հին դասագրքերի գործածման շարունակում է մնալ այն դպրոցներում, որոնք ֆրանսերենով ուսուցանում ունեն, և ինչպես նաև մենք որդեգրել ենք մոտեցում, որ ավագ դասարաններում հրաժարվում ենք միայն դասագրքային ուսուցումից և անցնում ենք ուսումնական թղթապանակների և մասնավորապես պատմության պարագայում նաև այս մեթոդով ենք ուսուցանումը իրականացնում։ Իհարկե, զուգահեռաբար նաև 10-րդ և 11-րդ դասարանի Հայաստանի պատմության դասագրքերի մրցույթներ են հայտարարված ու ես վստահ եմ, որ կունենանք առաջարկներ, որոնք արդեն կկարողանան նաև որպես հիմնական ուսումնական նյութ կիրառվել մեր դպրոցներում»,-ասել է նախարարը։




