
Սեպտեմբերից հայաստանյան բանկերը պարտավոր կլինեն ՌԴ-ին տեղեկացնել երկրում հաշիվ ունեցող ռուսաստանցիների տվյալների մասին՝ գրել է գերմանական DW պարբերականը՝ հղում անելով РБК-ի՝ նախօրեին հրապարակած տեղեկություններին։ Պարբերականը նկատել է, որ ուկրաինական պատերազմի ընթացքում Հայաստանը ռուսաստանցիների շրջանում դարձել է հետխորհրդային տարածքի ամենապահանջված իրավաբանական տարածքներից մեկը արտասահմանյան բանկային հաշիվներ բացելու համար:
2025 թ. սեպտեմբերին Հայաստանի և Ռուսաստանի միջև կսկսվի ֆինանսական տեղեկությունների ավտոմատ փոխանակումը՝ գրում է DW-ն՝ նկատելով, որ այդպիսով բանկային և բրոքերական հաշիվների վրա ռուսաստանցիների ակտիվների մասին տվյալները հասանելի կդառնան Դաշնային հարկային ծառայությանը (ԴՀԾ): Տեղեկությունները կփոխանակվեն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) ստանդարտների համաձայն:
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը հարկային մշակույթի և վերահսկողության առումով քայլը տրամաբանական է համարում։
«Մյուս կողմից դա ոչ միայն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության նորմատիվն է, այլ նաև ԵԱՏՄ-ի՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում պայմանագրահենքը ենթադրում է նման համագործակցություն և դա պետք է ողջունել՝ նման, այսպես ասած, համագործակցությունը»։
Հայաստանը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) ստանդարտները պարտավորվել է պահպանել MLI BEPS կոչվող համապատասխան կոնվենցիան 2023-ին վավերացնելուց հետո: Համաձայնագրի և ստանդարտի նպատակն է պայքարել հարկերից խուսափելու և կրկնակի հարկման դեմ:
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) ստանդարտը պահանջում է ֆինանսական կազմակերպություններից հավաքել հաճախորդների անձնական տվյալները՝ ներառյալ հարկային նույնականացման համարն ու հաշվեհամարը:
«Եթե նկատի ունենանք, որ մեր հայրենակիցների հարյուր հազարավոր միգրանտներ աշխատում են Ռուսաստանում և, ըստ էության, հարկային, հարկահպատակության պարտավորությունները կատարելու տեսանկյունից ինֆորմացիայի, որոշակի տեղեկատվության պակաս է նաև մեզանում, այս առումով, երևի թե, մեր հարկային գերատեսչության շահագրգռվածությունը հասկանալի է»։
DW-ն գրում է, որ ռուսական Frank Media բիզնես հրատարակչության աղբյուրը հաստատել է РБК-ի տեղեկությունը: Ըստ նրա՝ հայաստանյան բանկերն ու բրոքերներն արդեն ստանում են համապատասխան կարգադարագրերը:
Բիզնես հրատարակչության անանուն աղբյուրը նշել է նաև. «Եթե նրանք չկարողանան տրամադրել անհրաժեշտ տեղեկությունները, ապա նրանց բանկային և բրոքերական հաշիվների սպասարկումը կկասեցվի»:
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը կարծում է, որ մոտեցումը հարկային տրամաբանության մեջ հասկանալի է, բայց հնարավոր է՝ խնդիրներ ծագեն անձնական տվյալների պաշտպանության առումով։
«Նկատի ունենալով վերջին տարիների միգրանտների շատ մեծ հոսքը, ինչպես ընդունված է ասել՝ «ռելոկանտների», որոնք և որպես վարձու աշխատողներ են աշխատում, և սեփական բիզնես ծրագրերն ու նախագծերն են իրականացնում, տեղեկատվությունը նրանց գործունեության վերաբերյալ ևս պետք է, բնականաբար, հետաքրքրի։ Այս իմաստով ես խնդիր չեմ տեսնում։ Բայց այնուամենայնիվ կա անձնական տվյալների պրոբլեմ, կա համապատասխան օրենսդրական բազա՝ այս տեսանկյունից։ Ամեն ինչ պետք է արվի օրենքի պահանջներին, ընդունված ստանդարտներին և նորմատիվներին համապատասխան»։
Ռուսաստանի օրենսդրության համաձայն՝ ՌԴ հարկային բնակիչ են համարվում այն անձինք, որոնք տարվա ընթացքում գտնվում են երկրի տարածքում առնվազն 183 օր: Հայկական օրենսդրությունն կիրառում է նույն սկզբունքը՝ մեկ բացառությամբ. մարդը կարող է համարվել հարկային բնակիչ, եթե նրա «կյանքի հիմնական շահերի կենտրոնն» է երկրի տարածքում: Օրինակ՝ երբ ընտանիքի հիմնական բնակության կամ գործունեության վայրը Հայաստանն է:
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ-ի) ստանդարտը կիրառում են ութսունից ավելի երկրներ։
Ռուսաստանը պարտավորվել է կատարել ստանդարտը և ֆինանսական տեղեկություններ փոխանակել կոնվենցիան ստորագրած այլ երկրների հետ: 2025 թ. օգոստոսի դրությամբ փաստաթուղթը վավերացրել է 87 պետություն:
Ըստ DW-ի՝ ուկրաինական պատերազմից հետո եվրոպական երկրների մեծ մասը կասեցրել է տվյալների փոխանակումը Ռուսաստանի հետ։
«Այդ երկրների շարքում են Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան, Բալթյան երկրները, Շվեյցարիան: Ռուսաստանն այս պետությունները ճանաչել է «ոչ բարեկամական» և նույնպես դադարեցրել ֆինանսական տեղեկությունների տրամադրումը նրանց»:
Գերմանական պարբերականը նկատում է, որ ուկրաինական պատերազմի ընթացքում Հայաստանը ռուսաստանցիների շրջանում դարձել է հետխորհրդային տարածքի ամենապահանջված իրավաբանական տարածքներից մեկը արտասահմանյան բանկային հաշիվներ բացելու համար։




