ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Գերակա համարել բնապահպանական ռի՞սկը, թե՞ տնտեսական օգուտը․ Ամուլսարի շուրջ բանավեճը վերսկսվել է

«Լիդիան Արմենիա»-ն ներգրավել է անհրաժեշտ վարկային միջոցները և վերսկսել շինարարական աշխատանքները։ Ընկերությունը տեղեկացրել է, որ տասը կապալառու ընկերություն է աշխատելու հանքի տարբեր ենթակառուցվածքների շինարարությունն ավարտին հասցնելու համար։

Այս հայտարարությունը դարձյալ թարմացրել է Ամուլսարի շուրջ բանավեճը։  Բնապահպանները շարունակում են պնդել, որ հանքավայրի շահագործումը ռիսկային է։ Հանքարդյունաբերության զարգացման կողմնակիցներն ընդգծում են, որ հանքը հնարավոր է անվտանգ ու ժամանակակից տեխնոլոգիաներով շահագործել։

Գերակա համարել բնապահպանական ռիսկե՞րը, թե՞ տնտեսական օգուտները․ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման շուրջ քննարկումը վերսկսվել է ընկերության՝ օրերս տարածած հայտարարությունից հետո։ «Լիդիան Արմենիա»-ն տեղեկացրել է, որ հանքավայրի շահագործման նպատակով շինարարական աշխատանքները վերսկսվել են, ներգրավվել է տասը կապալառու ընկերություն հանքի տարբեր ենթակառուցվածքների շինարարությունն ավարտին հասցնելու համար: Ընկերությունը վերահաստատել է իր պարտավորությունը հանքի շինարարությունն ու շահագործումն իրականացնելու՝ բնապահպանական կառավարման և աշխատանքային անվտանգության միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան։

«Ամուլսարի հանքավայրի շահագործումը զգալի նշանակություն է ունենալու Հայաստանի հետագա տնտեսական զարգացման և հատկապես Ամուլսարի շրջակա համայնքների համար: Մասնավորապես ոսկու ներկայիս միջազգային շուկայական գների պայմաններում շահագործման ընթացքում ընկերությունը նախատեսում է վճարել տարեկան 100-120 մլն ԱՄՆ դոլար հարկեր և ռոյալթիներ: Ստեղծվելու է 1000 ուղղակի և մոտ 5000 անուղղակի աշխատատեղ, ՀՆԱ-ն, ըստ կանխատեսումների, աճելու է լրացուցիչ 1%-ով»։

Ամուլսարի ծրագիրը շուրջ չորս տարի չէր իրականացվում։ Շահագործումն անհնար էր դարձել բողոքի ակցիաների պատճառով։ Հանքավայր տանող ճանապարհը տեղի բնակիչներն ու բնապահպանները 2018-ից փակ էին պահում՝ թույլ չտալով ընկերությանը շինարարություն սկսել։ Հանքը շահագործելու թույլտվության գործընթացում հնարավոր չարաշահումները ստուգելու նպատակով քրեական գործ էր հարուցվել, որը, սակայն, 2021-ին կարճվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Դրանից հետո կառավարությունը հայտարարեց, որ նախագծի շարունակման հնարավորությունը մեծ է։

2024-ի հունվարից «Լիդիան Արմենիա» ընկերության 100% բաժնետոմսերի 12,5%–ի սեփականատերը Հայաստանի կառավարությունն է։ Բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահվել է Էկոնոմիկայի նախարարությանը։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդգծում է․ «Լիդիան Արմենիան իր բաժնետոմսերի 12,5 %-ը փոխանցել է կառավարությանը։ Մենք աուդիտ էինք պատվիրել։ Այն ցույց տվեց, որ այս նախագիծն ամբողջովին իրագործելի է։ Եկամտաբեր է»։

Տնտեսագետ Սոս Խաչիկյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ընդգծում է՝ ռիսկեր միշտ կարելի է գտնել։ Ամուլսարը եզակի հանքավայր է, որն առնվազն ռազմավարական առումով մյուսներից տարբերվում է տեխնոլոգիական մոտեցումներով։

«Սա պարզապես հանք չէ, որը լրջորեն  կվնասի։ Կարևոր հանգամանք կա, թե ինչպես ենք մենք սա հանրայնացնում՝ որպես հանքարդյունաբերակա՞ն գործունեություն, թե՞ տեխնոլոգիական ներդրում։ Իհարկե, հանքարդյունաբերությունը մնում է հանքարդյունաբերություն, բայց եթե նորմալ ու առաջավոր կապիտալ ներդրումներով է իրականցվելու, իհարկե, որոշակի ռիսկեր կան, բայց դրանք կարելի է չեզոքացնել»։

Տնտեսագետը շեշտադրում է ոլորտում որակավորված աշխատուժի ներգրավման հնարավորությունը։ Սա և՛ եկամտաբեր է, և՛ պակաս ռիսկային՝ ասում է նա։

«Տնտեսապես այնքան էլ նպատակահարմար չէ հանքարդյունաբերության ոլորտում ներգրավել թեկուզ շատ մեծ աշխատուժ, բայց ցածր որակավորմամբ։ «Ձեռքի աշխատուժի» վրա հիմնված հանքարդյունաբերությունը տնտեսապես նպատակահարմար չէ, ավելի լավ է քիչ աշխատուժով, բայց գիտելիքահեն հանքարդյունաբերություն զարգացնել։ Սա ավելի քիչ բնապահպանական վնասներով ու ավելի շատ տնտեսական արդյունքներով է հնարավոր իրականացնել»։

Տնտեսագետների մատնանշած այս փաստարկները համոզիչ չեն բնապահպանների համար։  Ծրագիրը շարունակում է ռիսկային մնալ՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է բնապահպան Նազելի Վարդանյանը։ Նրա կարծիքով՝ պետական երաշխիքը ոչ թե նվազեցրել, այլ ավելացրել է ռիսկերը։

«Բնապահպանական ռիսկերի մասով․ դրանք մինչև այժմ էլ կան։ Չեն վերանալու, անկառավարելի են, դրա մասին տարբեր փորձագետներ տարբեր երկրներից արտահայտվել են։ Դրանք կան․ և՛ թթվային դրենաժը, և՛ սեյսմիկ վտանգը, սողանքները, կենսաբազմազանության վերացումը, ռադիացիայի բարձր լինելը բնապահպանական կայուն ռիսկեր են, որոնք անկառավարելի են տվյալ տարածքի պարագայում»։

Հայաստանի կառավարությունը 2025-ին ակնկալում է 5,5%-ի շրջակայքում տնտեսական աճ ապահովել։ Բայց եթե Ամուլսարի հանքը չշահագործվի, տնտեսական աճն ավելի ցածր կլինի։ Ի դեպ, այս մտահոգությունը ներառված է նաև 2025 թ․ պետական բյուջեի ռիսկերի բաժնում։

«Լիդիան Արմենիան» նախատեսում է նվազագույնը 25 տարի շահագործել հանքը՝ տարեկան 75-100 մլն դոլարի հարկեր-տուրքեր վճարելով։ Ընկերությունը հանքավայրում ոսկու պաշարները գնահատել է 70 տ։

Կարդացեք նաև

Back to top button