
Այս տարվա հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվությունն աճել է 9%-ով՝ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է էկոնոմիկայի նախարարը։ Ըստ Գևորգ Պապոյանի՝ ամենամեծ աճը գրանցվել է շինարարության ոլորտում՝ 26%։ Աճի տեմպերով՝ երկրորդը ծառայությունների ոլորտն է, երրորդը՝ արդյունաբերությունը։ Էկոնոմիկայի նախարարը թվային տվյալներ է ներկայացրել նաև Վերին Լարսով Ռուսաստան գնացող բեռնատարների մասին՝ արձագանքելով ահազանգին, թե անցակետում դարձյալ խնդիրներ կան։
Խմիչք, միրգ-բանջարեղեն, ձուկ, կաթնամթերք, թեթև արդյունաբերական արտադրանք, մեխանիկական սարքավորումներ․ սրանք այն հիմնական ապրանքներն են, որոնք օգոստոսին արտահանվել են ՌԴ՝ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է էկոնոմիկայի նախարարը։ Նա նաև բեռնատարների թիվն է ներկայացրել՝ 2․427 բեռնատար ամսվա ընթացքում, կամ մեկ օրում ավելի քան 100 մեքենա։ Մեջբերում նախարարի գրառումից։
«Օգոստոս ամսվա ընթացքում Ռուսաստան է մտել Հայաստանի մրգերով և բանջարեղենով բարձված 762 բեռնատար մեքենա, և Վրաստանից վերադարձվել է ընդամենը 4-ը»:
Թվերը նախարարը ներկայացրել է ի պատասխան ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի գրառման։ Վերջինս նաև տեսանյութ էր հրապարակել, որում երևում են ճանապարահի մի կողմում կանգնած բեռնատարները։ Մեջբերում պատգամավորի գրառումից․
«Մեր տեղեկություններով՝ Վերին Լարսի անցակետից գյուղմթերքով՝ սալորով, դեղձով, խաղողով բեռնված հարյուրավոր մեքենաներ վերադառնում են: Բեռնափոխադրողներն ահազանգում են, որ իրենց չի տրվում հստակ պատճառաբանություն, նշվում են բուսասանիտարիայի հետ կապված ինչ-որ խնդիրներ»:
Վերին Լարսի անցակետը Հայաստանի միակ ցամաքային ճանապարհն է, որով հայկական արտադրանքն արտահանվում է։ Վիճակագրությունը փաստում է, որ դեպի ՌԴ արտահաման ծավալները նվազում են, դեպի ԵՄ երկրներ՝ ավելանում։ 2025 թ․ հունվար-հուլիս ամիսներին Հայաստանից ԵԱՏՄ արտահանումը կազմել է 1 մլրդ 788 մլն ԱՄՆ դոլար։ Ցուցանիշը 42 մլն դոլարով կամ 2,4%-ով ավելին է, քան 2024–ի նույն ժամանակահատվածում։ Փորձագետները նկատում են, որ թեև ՌԴ-ն շարունակում է մնալ Հայաստանի առևտրային հիմնական գործընկերը, սակայն նորերը նույնպես քիչ չեն և հետզհետե ավելանում են։ «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Էլիզա Մաթևոսյան․
«Հայաստանի առևտրային գործընկերների շարքում Արաբական Միացյալ Էմիրությունները, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում եղել է երկրորդը, այժմ երրորդ հորիզոնականում է։ Միաժամանակ Ռուսաստանի հետ արտաքին առևտրի շրջանառության փոփոխությունները միայն ներմուծման կրճատումով չեն սահմանափակվել։ Նվազել է ոչ միայն ներմուծումը, այլև արտահանումը, սակայն համեմատաբար ավելի քիչ չափով՝ 7,4%–ով»։
Մոտ մեկ ամիս առաջ Լարսի անցակետում խնդիրների առաջ էին կանգնել ծաղիկ արտահանողները։ Ամեն ինչ սկսվել էր հունիսի սկզբին «Ռոսսելխոզնադզոր»-ի արած հայտարարությունից հետո, ըստ որի՝ կտրված ծաղիկներն ու բողբոջները բուսասանիտարական բարձր ռիսկ ունեցող կարանտինային արտադրանք են։ ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը պարզաբանել էր, որ ռուսական կողմը Հայաստանից արտահանվող ծաղկի խմբաքանակներում վնասատուներ է հայտնաբերել։ Նշել էր նաև, որ հայ արտահանողների և արտադրողների հետ ՍԱՏՄ–ում քննարկում է նախաձեռնվել։ Տիգրան Պետրոսյանի գնահատմամբ՝ ռուսական կողմի խստացումները քաղաքական դրդապատճառներ չունեն։
«Ընդունող կողմն ուզում է, որ բուսասանիտարական ապրանքներն իր երկիր ներկրելիս հստակորեն համապատասխանեն իրենց պահանջներին։ Դա նորմալ է, ընդունված է բոլոր երկրներում։ Ոչ մի քաղաքական ֆոն ու աստառ չկա»։
Լարսի անցակետը պարբերաբար փակվում է ոչ միայն ընթացակարգային խնդիրների, այլև եղանակային պայմանների պատճառով։ 2023-ին Հայաստանի կառավարությունը որոշեց, որ բեռնափոխադրողներն իրենց ապրանքը Ռուսաստան և այնտեղից Հայաստան կկարողանան տեղափոխել նաև ծովային ճանապարհով։ Պետությունը յուրաքանչյուր փոխադրման համար օպերատոր ընկերությանը 120 միլիոն դրամ էր վճարելու՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ քանակի ու քանի ընկերության բեռ է տեղափոխվում։ Նախանշված էր նաև երթուղին՝ ռուսական Նովոռոսիյսկից վրացական Բաթումի, հետո՝ կրկին Նովոռոսիյսկ։ Մյուս հնարավոր ուղին վրացական մեկ այլ՝ Փոթի նավահանգստից է։ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ ծրագիրը կարճ կյանք ունեցավ։
«Լաստանավը մի քանի ամիս աշխատեց, մեր գնահատմամբ՝ բավարար լցվածություն չառաջացավ։ Բավարար հետաքրքրություն չկար նաև ներմուծողների ու արտահանողների շրջանում»։
Այժմ արդեն օրակարգում ապաշրջափակման հարցն է, որը, մասնագետների կարծիքով, էական գործոն է տնտեսական հարաբերությունների համար։ Մասնագիտական դաշտում շարունակում են կարևորել նաև առևտրատնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացումը։ Այս առումով փորձագետները դրական հնարավորություն են դիտարկում Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, TRIPP-ը, որոնք տնտեսապես երկարաժամկետ օգուտների հեռանկար են բացում: ՀՊՏՀ միջգիտակարգային կենտրոնի տնօրեն Սոս Խաչիկյանը նախաձեռնությունը կարևորում է հատկապես շուկաների դիվերսիֆիկացման առումով։
«Մեր արտահանումը և ներմուծումն էականորեն կդառնան մատչելի։ Իհարկե, մենք ունենք առևտուր Իրանի, Ռուսաստանի հետ, բայց ինչպես տեսնում ենք, դժվարությունները շատ են։ Այս առումով, կարծում եմ, նույնպես որոշակի չափով գործընթացները կհեշտանան։ Մյուս կողմից էլ, դառնալով տարանցիկ գոտի, Հայաստանը հնարավորություն է ստանում միջազգային լուրջ կառույցներից ներդրումներ ներգրավելու, այսինքն` բիզնես դաշտը ընդլայնելու»։
TRIPP-ի հեռանկարների վերաբերյալ փորձագետների տեսակետները հակադիր են։ Նրանց մի մասը տնտեսական խաչմերուկի իրագործումից միայն լավատեսական ակնկալիքներ ունի՝ նոր շուկաներ ու հեռանկարներ։ Փորձագետների մյուս մասն ավելի զգուշավոր է՝ կենտրոնանալով հնարավոր ռիսկերի վրա։




