Քաջերի քաղաք համարվող Քաջարանում նախօրեին տոնական տրամադրություն էր։ Քաղաքը նշել է իր հիմնադրման 67-ամյակը։ Հայաստանի հսկա հանքարդյունաբերական ձեռնարկության՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հիմքի վրա էլ ձևավորվել է քաղաքը։ Քաջարանն ակնկալում է դառնալ խաղաղության խաչմերուկի կենտրոններից մեկը, քանի որ այստեղով է անցելու հյուսիս-հարավ ճանապարհը։
«Համայնքը հզոր է, հնարավորությունները՝ մեծ։ Համայնքում այնքան շինարարական աշխատանքներ է կատարվում։ Վերջին անգամ Քաջարանում շենք է կառուցվել 70-ականներին, 1968թ.-ի երկրաշարժից հետո»։
Քաջարանցի 70-ամյա Նիկոլայ Սարուխանյանն է Քաջարանի տոնին հպարտանում իր քաղաքով։ Ջրագծերի նորոգում ու կառուցում , համայնքային մանկապարտեզի կապիտալ նորոգում, դեպի գյուղական բնակավայրեր՝ Գեղի-Գեղավանք, Փուխրուտ-Լեռնաձոր տանող ճանապարների նորոգում՝ մոտ 1 մլրդ դրամի, տանիքների նորոգում՝ թվարկում է Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանն ու ավելացնում՝

«Այնքան շատ են ծրագրերը, որ մի մասը արդեն չեմ հիշում»։
Քաջարանում իրականացվող բազմաթիվ ծրագրեր սուբվենցիոն են։ Համայնքային որոշ ծրագրեր էլ ֆինասավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որտեղ պետությունն ունի մասնաբաժին։ Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյան․

«Քաջարանը մարզի եզակի բնակվայրերից է, որ անկախ աշխարհա-քաղաքական իրավիճակից, իր զարգացման տեմպերը չի թուլացրել։ Քաջարանում մեծ ներդրումներ են իրականացվում ոչ միայն համայնքային, այլ նաև պետական միջոցներով։ Օրինակ՝ կառուցվող դպրոցական շենքերը, մանկապարտեզները, ինչու չէ նաև մի ծրագիր, որ Քաջարանը կդառնա խաղաղության խաչմերուկի կենտրոններից մեկը, քանի որ Քաջարանի տարածքով է անցնելու հյուսիս-հարավ ճանապարհը ու այդ համատեքստում Քաջարանը էլ ավելի արագ կզարգանա»։
8500 բնակիչ ունեցող Քաջարանից արտագաղթ գրեթե չկա․ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատելու համար Քաջարան են տեղափոխվում նաև այլ բնակավայրերից։ Քաղաքը ձևավորվել է Քաջարան և Ողջի ավանների միացմամբ՝ 1958թ-ին։ Իսկ որպես բանվորական ավան ձևավորվել էր 1952թ-ին, երբ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը տվեց իր առաջին արտադրանքը։ ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Արթուր Նիկողոսյան․

«Երբ մենք ասում ենք՝ Քաջարան, մենք հասկանում ենք ԶՊՄԿ, երբ ասում ենք ԶՊՄԿ, հասկանում ենք՝ Քաջարան։ Մի քաղաք, որ արժանի է սիրո ու հպարտության խոսքերի, որ օրինակ է ծառայում ամբողջ Հայաստանին՝ իր աշխատանքով, իր ձեռքբերումներով, աշխատավոր ժողովրդով։ Մաղթում եմ մեր քաղաքին էլ ավելի բարգավաճում»։
Հանուն հայրենիքի նահատակվածների հիշատակը հարգելուց հետո Քաջարանի միջոցառումները շարունակվում են մշակույթի կենտրոնում։ Սյունյաց թեմի առաջնորդ Հայր Մակար Հակոբյանը նախ աղոթում է, հետո ուրախությամբ նշում, որ նման փոքր համայնքում 4 եկեղեցի է գործում։

«Քաջարանցին ինձ համար հայի լավ տեսակն է, որովհետև հողից, քարից հաց քամող ժողովուրդ է։ Եվ քաջարանցիների աշխատանքի շնորհիվ զորանում է մեր մարզը, մեր մեր երկիրը։ Թող Աստված ձեզ օրհնի, թող Աստծո աջը ձեզ պահապան լինի, ու թող մեր քաղաքը վատ օրեր չտեսնի»։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը երկար է մտածել՝ քաջարանցուն ինչպես է ճիշտ բնութագրել՝ իրենց քաջությա՞մբ, թե աշխատանքով․ երկուսն էլ հատուկ են քաջարանցուն, ու դա տարբեր ժամանակներում ապացուցվել է։

Ռոբերտ Ղուկասյան․ «Քաջարանցիներն այս տարիների ընթացքում կերտել են իրենց ուրույն կերպարը։ Եվ Քաջարանն այն վայրն է, որտեղ կա ոչ թե անհատական, այլ միասնական ջանք։ Հենց այդ միասնական ջանքով Քաջարանն այսօր ավելի է ծաղկում և զարգանում։ Վերջին տարիներին համայնքի, կառավարության, «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի հետ համատեղ բազմաթիվ աշխատանքներ են իրականացվում Քաջարանում՝ բոլոր ոլորտներում ։ Եվ աշխատանքի քաջությունը տարածվում է նաև կրթության ոլորտում, մշակույթի ու հոգևոր ոլորտներում, ու մենք ամենօրյա զարգացում ենք տեսնում, որը հենց քաջարանցուն է մարմնավորում։ Քաջարանցին ապացուցում է, որ կա մի բան, որը չի կարող աննկատ մնալ․ դա աշխատանքն է ու աշխատող մարդը, հետևաբար ամեն ինչի կենտրոնում Քաջարանում մարդն է»։
Աշխատող մարդը միշտ գնահատվել է, ու Քաջարանի տոնին համայնքապետ Մանվել Փարամազյանը շնորհակալագրեր, հուշանվերներ, դրամական պարգևներ հանձնեց համայնքային կյանքի տարբեր ոլորտներում դերակատարում, վաստակ ու ներդրում ունեցող անձանց։

Համեստ ենք մենք, զուսպ ու բարի, հյուրընկալ և մեծահոգի, ինչպես վայել է քաջերի սերնդին, բայց գիտակցում ենք մեր պատվավոր դերն ու ավանդը հայրենիքի զարգացման, շենացման սուրբ գործում»՝ ասում է Մանվել Փարամազյանը։
«Սեր, համերաշխություն, լիություն եմ մաղթում ձեր օջախներին, տարեցներին՝ վաստակած, անկարիք հանգիստ, երեխաներին անհոգ մանկություն։ Համայնքային իշխանությունը մշտապես ձեզ հետ, ձեր կողքին է,անում է և կանի հնարավորը, որ քաջարանցին բարեկեցիկ և արժանապատիվ ապրի։

Դու արժանի ես լավագույնին, բարիք ստեղծող իմ բարի ժողովուրդ:
Ծավալվի՜ր, տարածվի՜ր, զորացի՜ր: Շնորհավո‘ր տոնդ, Քաջարան»։

Օրը հագեցած էր տարբեր միջոցառումներով՝ նարդու առաջնություն, մշակութային ծրագրեր, հրավառություն։




