
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանը: Մարզադպրոցը կառուցվում է «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ:
Միջոցառմանը ներկա են եղել նաև Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը, Ա. Ազարյանի անվան մարզադպրոցի տնօրեն Պավել Քարտաշյանը, մարզիկներ:
Մարզադպրոցի կառուցման նպատակով Կառավարությունը հատկացրել է 6.9 միլիարդ դրամ։ Բյուջեն ներառում է նոր մարզադպրոցի նախագիծը, շինարարական աշխատանքները, հեղինակային և տեխնիկական հսկողությունը, սպորտային սարքավորումները, ներքին հարդարանքը և ենթակառուցվածքների ձևավորումը։ Մարզադպրոցը կունենա հատուկ մարզատեսակների (գեղարվեստական մարմնամարզություն և ակրոբատիկա) մարզասրահ, ունիվերսալ մարզադահլիճ՝ տրիբունայով՝ 532 հանդիսատեսի համար, կենցաղային տարածքներ, հանդերձարաններ և սանհանգույցներ, վարչական և սպասարկման տարածքներ, ավտոկայանատեղի՝ 88 մեքենայի համար, տեխնիկական տարածք, գույքի պահեստներ և արհեստանոց, ջեռուցման և օդափոխության համակարգ՝ առանձին սենյակների համար կարգավորումներով։
Նախատեսվում է մարզադպրոցի շինաշխատանքներն ավարտին հասցնել 2026թ․ նոյեմբերին։
Նոր մարզադպրոցը կդառնա շուրջ 300 պատանի և երիտասարդ մարզիկների պատրաստման ժամանակակից՝ միջազգային չափանիշներին համապատասխանող կենտրոն։ Համալիրում հնարավոր կլինի անցկացնել նաև միջազգային մրցաշարեր՝ ամրապնդելով Հայաստանի դիրքը և հեղինակությունը մարմնամարզության և սպորտի աշխարհում։
Նոր համալիրը նաև կհյուրընկալի 2027 թվականին Հայաստանում առաջին անգամ անցկացվելիք Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը՝ լիարժեք ենթակառուցվածքային պատրաստվածությամբ։
Ալբերտ Ազարյանն արժանացել է մի շարք պարգևների
1954 ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ
1967 ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ
2000 թվականին նրան շնորհվել են «Երևան քաղաքի պատվավոր քաղաքացի» և «Լոռվա ասպետ» կոչումները
2000 թվականին ճանաչվել է 20-րդ դարի Հայաստանի լավագույն մարզիկը
Երևանի պատվավոր քաղաքացի
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2013)։
Մասնակցել է մրցումների աշխարհի 49 պետություններում, նվաճել է 45 ոսկյա, 42 արծաթյա և 10 բրոնզե մեդալներ։ ԽԱՀՄ առաջնություններում 11 անգամ արժանացել է չեմպիոնի կոչման։
2022 թվականի դեկտեմբերի 1-ին Երևանում Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի բակում բացվել է Ալբերտ Ազարյանի կիսանդրին։
2024 թվականի սեպտեմբերի 5-ին Երևանի Կոմիտասի անվան այգում բացվել է Ալբերտ Ազարյանի բրոնզե արձանը։




