Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում այսօր շարունակվել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան շարժման» աջակիցների դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը։ 18 մեղադրյալներից 9-ի կալանքն արդեն երկարաձգվել է: Եվս երեք մեղադրյալ տնային կալանքի տակ է: Գալստանյանն ու նրա թիմակիցները մեղադրվում են ահաբեկչության և իշխանության յուրացման փորձի համար։
«Ես արդեն երրորդ անգամ եմ ասում, որ ոչ ոք ինձ չի ճանաչում որպես Վազգեն Գալստանյան, ես Բագրատ սրբազան Գալստանյան եմ։
-Հարգելի մեղադրյալ, հասկանալի է։ Հարգելով Ձեր անձը՝ այսուհետ նշված հարցին դատական նիստերի քարտուղարի ուշադրությունը կհրավիրվի»։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում այսօր շարունակվել է Բագրատ Սրբազանի և «Սրբազան շարժման» 17 աջակիցների դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը։ Մեղադրյալներից մեկի՝ գործարար Տիգրան Գալստյանի կալանքը երկարաձգվել է երեք ամսով։
Մեղադրող կողմը կարծում է, որ կա քննությունը խոչընդոտելու կամ դրանից թաքնվելու ռիսկ։
Հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյան․ «Դատարանը հաստատված է համարել նաև, որ ազատության մեջ մնալով՝ մեղադրյալը կարող է թաքնվել վարույթ իրականացնող մարմնից։ Թեպետ միջդատական վարույթում դատարանը հաստատված չի համարել նոր հանցանք կատարելու հավանականությունը, սակայն գտնում եմ, որ այն բանից հետո, երբ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հայտնվել են դատարանում, էապես մեծացել է հավանականությունը, որ մեղադրյալը կարող է կատարել նոր հանցանք»։
Եվ մեղադրյալը, և փաստաբանը հերքում են վերագրվող հանցանքը։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանն ասում է՝ մեղադրանքի հիմքում դրվել է հեռախոսային մի խոսակցություն՝ ծուխ բերել-չբերելու մասին։
«Իմ պաշտպանյալը հանդիսանում է մանկապարտեզների ցանցի սեփականատեր, և մենք առաջին ատյանի դատարանին ներկայացրել ենք, որ այդ ծխերը օգտագործվում են մանկապարտեզներում։ Հիմա զանգում են մեր ընկերներից մեկը ցիտում եմ բառացի ՝ «Հարցնում է՝ չե՞ս բերում։ Պաշտպանյալս ասում է՝ ի՞նչը, ծխե՞րը։ Տաքսի կդնեմ, կուղարկեմ։ Գալի՞ս ես։ Չէ, չեմ գալիս։ Վերջ»։ Հաստատված է ծխերի հանգամանքը, խուզարկությամբ այլ բան ձեռք չի բերվել։ Ու այլ բան չի բերվել»։
Մեղադրյալ Տիգրան Գալստյան․ «Այն հասցեում, որտեղ եղել են ծխերը պահեստավորված՝ թվով 50 հատ են, ու չեն եղել այլ տարածքում, որտեղ եղել է դատարանի որոշումը։ Ես անձամբ հարցրել եմ՝ ի՞նչ եք ման գալիս ինձ մոտ։ Հարցնում եմ՝ ի՞նչ եք ման գալիս, ասեցին ծխեր։ Ասեցի եկեք տանեմ ծխերը ցույց տամ»։
Սակայն դատախազը կարծում է, որ ազատության մեջ մնալով՝ Տիգրան Գալստայնը կխոչընդոտի քննությանը։
«Մեղադրող կողմը կարծես թե կարծում էր, որ ես փախչելու եմ կամ նման մտադրություն ունեմ։ Ուզում եմ նշել, որ ես 41 տարեկան եմ, 4 անչափահաս երեխաների հայր եմ և երբեք որևէ քրեական գործով անցած չեմ եղել։ Ինձ համար վիրավորական է, որ ասում են՝ թաքնվելու կամ խոչընդոտելու բան ունեմ»։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանի համար համոզիչ է դատախազի հիմնավորումը՝ քննությունից թաքնվելու ռիսկերը բարձր են։
«Վարույթը գտնվում է նախնական դատալսումների փուլում։ Մեղադրյալ Տիգրան Գալստյանի խափանման միջոցի հիմքերն ու նախապայմանները չեն նվազել, իսկ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու ռիսկերը բարձր են։ Ուստի նրա կալանքը երկարաձգվում է մինչև նոյեմբերի 25-ը»։
Նույն գործով ացնող մեղադրյալ Կարո Օլումուշյանի կալանքը նույնպես երկարաձգվեց ևս երեք ամսով։ Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալի մեղքն այն է, որ մեղադրյալ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի վարորդն է: Նրան վերագրվում է 60 գործողություն, որոնցից ոչ մեկի հետ, ըստ փաստաբանի, վերջինս առնչություն չունի։ Դատարանը մերժեց նրա խափանման միջոցը մեկուկես միլիոն դրամ գրավի դիմաց փոխելու միջնորդությունը։
Տիգրան Թոփալյանի մասով էլ դատախազ Ծովակ Մնացականյանը նշեց, որ նա և մյուս մեղադրյալները չեն հասցրել ավարտել նախապես պլանավորած հանցագործությունը և ազատության մեջ հայտնվելով՝ կարող են ավարտին հասցնել այն: Հետևաբար պետք է կալանքի տակ ման։ Մինչդեռ փաստաբանի կարծիքով՝ Թոփալյանին մեղսագրվող արարքը հստակեցված չէ, պարզ չէ, թե կոնկրետ նա ինչ հանցավոր արարք է գործել: Դատարանը որոշեց Թոփալյանին ևս երեք ամիս պահել կալանքի տակ:
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ու մյուսների գործով 18 մեղադրյալներից արդեն 9 հոգու կալանքը երկարաձգվել է: Եվս երեք մեղադրյալ տնային կալանքի տակ է:
Գալստանյանն ու նրա թիմակիցները մեղադրվում են ահաբեկչության և իշխանության յուրացման փորձի համար։




