ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Հայերը կկարողանա՞ն այցելել Շուշի. վարչապետը պատասխանել է «Ռադիոլուրի» հարցին

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարելու գրեթե զուգահեռ անդրադարձել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրին և Միացյալ Նահանգների հետ կնքված եռակողմ հռչակագրին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի հստակեցում է արել․ «Թրամփի ուղին» կամ Սյունիքով անցնող ճանապարհը ԱՄՆ-ն ոչ թե վերահսկելու, այլ կառավարելու է։ «Ռադիլուր»-ի հարցին, թե հայ-թուրքական փակ սահմանների պայմաններում արդյոք հնարավոր է Հայաստանի ապաշրջափակումը, վարչապետը պատասխանել է, որ թեև Թուրքիան ստորագրված հռչակագրի կողմ չէ, բայց ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը կարող է արագացնել հայ-թուրքական սահմանի բացման գործընթացը։ Ադրբեջանի նախագահն էլ լրագրողների հետ զրույցում  ընդգծել է Հայաստանի տարածքում կառուցվելիք երկաթգծի կարևորությունը, և պնդել, որ այն Ադրբեջանի հերթական պատմական հաջողությունն է։

Վարչապետն արձակուրդից վերադարձել է շնորհավորանքների արժանի նորությամբ։ Կառավարության հերթական նիստը սկսվում է օգոստոսի 8-ի վաշինգտոնյան իրադարձությունների հերթական հետհայացքով։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է ասում կառավարության բոլոր անդամներին:

«Մենք չենք լուսաբանել, բայց նաև արձակուրդների ընդհատումներով՝ կառավարության կազմով, Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով, հանրապետության նախագահի, խորհրդարանական մեր գործընկերների մասնակցությամբ քննարկումների շարք ենք ունեցել։ Այսինքն՝ ես հրավիրել եմ ներկանաերից շատերին, և Վաշինգտոն մեկնելուց առաջ խորհրդակցություններ ենք ունեցել, քննարկումներ ենք ունեցել, տեքստի վերլուծություններ ենք ունեցել»։

Բայց սա ոչ թե խաղաղության օրակարգի աշխատանքների ամփոփման տեքստն է, այլ հակառակը՝ դրա նոր փուլի ազդագիրը՝ ասում է վարչապետը․

«Եվ ես համոզված եմ, որ այս քայլով մենք դուրս ենք եկել զարգացման նոր օրակարգ»։

Վաշինգտոնյան իրադարձությունների ու ստորագրված փաստաթղթերի թեման Փաշինյանը շարունակում է կառավարության նիստի ավարտից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում։ «Ռադիոլուր»-ի հարցին, թե հնարավոր է հայ-թուրքական փակ սահմանների պայմաններում Հայաստանի ապաշրջափակումը և արդյոք «Թրամփի ուղին» վերաբերում է նաև հայ-թուրքական սահմանին, վարչապետը պատասխանում է՝ ստորագրված հռչակագիրը երկու կողմ ունի՝ Հայաստանը և Ադրբեջանը, բայց չի բացառում, որ ներդրումային ծրագրերը կարագացնեն գործընթացը:

«Մենք բանակցում ենք Թուրքիայի հետ ուղիղ։ Եվ իհարկե, տարածաշրջանային ծրագրերը, նոր ծրագրերի ներդրումը իրենք որոշակի ազդեցություն կունենան, բայց ինչպես նկատել եք, հռչակագիրը ունի 2 կողմ, և Միացյալ Նահանգների նախագահն է ստորագրել որպես վկա։ Ինչ երաբերվում է Թուրքիայի սահմանի բացմանը, ապա առնվազն մի քանի ուղղություններով դա կարող է տեղի ունենալ, ես հույս ունեմ և համոզված եմ, որ նաև ինչ-որ մի պահի կբացվի նաև Հայաստան-Թուրքիա սահմանը»

«Ռադիոլուրի» մյուս հարցին, թե տարածաշրջանային ապաշրջափակումը ենթադրո՞ւմ է, որ ՀՀ քաղաքացին կկարողանա այցելել օրինակ Շուշի, Փաշինյանը պատասխանում է․

«Այո, խաղաղության պայմաններում բոլորը բոլոր տեղերը կարող են գնալ որպես զբոսաշրջիկ»։

Փաշինյանը հստակեցնում է՝ «Թրամփի ուղին» կամ Սյունիքով անցնելիք ճանապարհը, որ պիտի կապի Ադրբեջանը Նախիջևանի հետ, ԱՄՆ-ն ոչ թե վերահսկելու, այլ կառավարվելու է։

«Միացյալ Նահանգների ընկերությունը ոչ թե վերահսկելու է ճանապարհը, այլ կառավարելու է ճանապարհը, այսինքն՝ բիզնես կառավարում է իրականացնելու»։

Վարչապետի խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանային անցակետերն աշխատելու են պարզեցված ընթացակարգով, ինչը ենթադրում է, որ նվազագույնի է հասնելու ֆիզիկական շփումը։ Փաշինյանը բացառում է, որ քննարկվող ցանկացած տարբերակի դեպքում կողմերը կշրջանցեն տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության, սահմանների անխախտելիության և փոխադարձության սկզբունքներից որևէ մեկը։

«Մենք երբեք չենք ասել, որ պատրաստվում ենք խոչընդոտ հարուցել Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև հաղորդակցության համար, և և Վաշինգտոնի հռչակագրում ասված է, որ այդ առավելությունը Ադրբեջանն ունի։Այսինքն՝ կապ ունենալու առավելություն ընդգծված է՝ վերը նշված սկզբունքների շրջանակում, և ընդգծված է Հայաստանի Հանրապետության համար ներքին, այսինքն՝ երկրից երկիր և միջազգային, այսինքն՝ դեպի երրորդ երկիր փոխադարձ առավելություններով»։

Նիկոլ Փաշինյանը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման աշխատանքների շարունակականությունը ևս դիտարկում է տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության, սահմանների անխախտելիության և փոխադարձության համատեքստում։ Ասում է՝ կան Հայաստանի իքնիշխան տարածքներ, որ Ադրբեջանի վերահսկողության տակ են և հակառակը․

«Մենք բազմիցս Ադրբեջանի հետ պայմանավորվել ենք, որ միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը ճանաչում ենք 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, իսկ Ալմա-Աթայի հռչակագիրը հստակ արձանագրում է, որ հայկական ԽՍՀ տարածքը նույնական է Հայաստանի Հանրապետության տարածքի հետ, իսկ ադրբեջանական ԽՍՀ-ն՝  Ադրբեջանի Հանրապետության տարածքի հետ։ Մենք այդ տարածքները, սահմանները գծանշող բոլոր քարտեզներն ունենք, Ադրբեջանն էլ ունի, և իմիջիայլոց, Կիրանց- Ոսկեպար հատվածում սահմանազատումը իրականացվել է այդ քարտեզներով»։

Վարչապետի խոսքով՝ թե խաղաղության բանակցությունների ընթացքում, թե դրանցից հետո երբևէ չի եղել անկլավներից հրաժարվելու մոտեցում։

«Ես վաղուց ասել եմ, որ ես չեմ կարող հրաժարվել անկլավների թեմայից, որովհետև  էքսկլավ- անկլավների խնդիր մենք ինքներս ունենք, և յուրաքանչյուր քաղաքացի կարող է ակնկալել, որ ես Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի և տարածքային ամբողջականության վերականգնման հետևից պիտի գնամ։ Մենք գնալու ենք էդ տրամաբանությամբ»։

Վարաչապետի ճեպազրույցին գրեթե զուգահեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում հայտարարել է, որ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը վերջ է դնում Հայաստանի հետ առճակատմանը։  Նա պնդել է, որ խաղաղության համաձայնագրի հիմքում ընկած են Ադրբեջանի դիրքորոշումները։

«Մենք ամբողջությամբ արդիականացնում ենք Նախիջևանի երկաթուղին», — հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և պնդել, որ Հայաստանը ևս պետք է երկաթգիծ կառուցի իր տարածքում։

«Հայաստանը նման պարտավորություն է ստանձնել, և սա մեր հաջորդ պատմական հաջողությունն է», — ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը չի թաքցրել վերաբերմունքը Մինսկի խմբի նկատմամբ ու անկեղծորեն  խոսել է՝ «ատելի Մինսկի խումբն ապրում է իր վերջին օրերը»։ Ալիևը նկատի ունի այն,  որ վաշինգտոնյան եռակողմ հռչակագրի կետերից մեկով Հայաստանը և Ադրբեջանը համատեղ դիմել են այն լուծարելու համար։ Խաղաղության համաձայնագիրը ստորագրելու Ադրբեջանի միակ նախապայմանը մնում է Հայաստանի սահմանադրության փոփոխությունն է։ Բաքուն ակնկալում է, որ Հայաստանի մայր օրենքից կհանվեն, իր գնահատմամբ, Ադրբեջանի նկատմամբ դեռևս գոյություն ունեցող տարածքային պահանջները։

Կարդացեք նաև

Back to top button