
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարծում, թե ժողովուրդը դեմ կքվեարկի Սահմանադրությանը, «եթե հանկարծ պարզվի, որ դա որևէ ազդեցություն կարող է ունենալ խաղաղության գործընթացի վրա»։
Նա նշել է, որ Հայաստանն ամենօրյա աշխատանք է տանում, որ Խաղաղության համաձայնագիրն ստորագրվի։ Վարչապետը նշել է, որ առաջիկա ընտրություններում քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև։
«Ես չեմ ուզում ասել խաղաղության և պատերազմի, ես ավելի մեղմ կասեմ՝ խաղաղության և ոչ խաղաղության միջև, և սա է պատճառը նաև, որ ես իմ երկուշաբթի օրվա ուղերձում հստակ արձանագրեցի, որ այս խաղաղությունը հաստատված ամենօրյա խնամքի կարիք ունի, և այդ ամենօրյա խնամքը մի գործ է, որը պետք է անենք բոլորով, յուրաքանչյուրս մեր տեղում»,- ասել է նա։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում այսօր կա նոր Սահմանադրություն ընդունելու օրակարգ եւ այժմ մշակվում է Հիմնական օրենքի նախագիծը։
«Երբ որ պատրաստ լինի, մենք, ըստ ամենայնի, կգնանք հանրաքվեի, բայց դա որևէ կապ չունի զուգահեռաբար այս գործընթացի [խաղաղության] հետ, չնայած ռազմավարական առումով կարող է նաև ազդեցություն ունենալ այդ գործընթացի վրա»,- շեշտել է վարչապետը։




