Պայթյունի ալիքն ինձ շպրտեց պատի վրա, տեսա, որ ոտքս չկա, հետո ինչ-որ մեկն ինձ տարավ հիվանդանոց
Զոհերի թիվը հասել Է 62064-ի
Նոր պայթյուն, մեզ հասնում է սարսափազդու ձայնը, ծուխ է բարձրանում, այդ կադրերը տեսախցիկը հեռվից է արձանագրել, չես իմանա ինչն է քանդվել, բայց տուժածներ հաստատ կան: Հրթիռը, ռումբը՝ մահ ու ավեր են բերում մոլորակի ամենադժբախտ անկյուններից մեկը, որը հայտնի է Գազա անունով:
Այստեղ պաղեստինյան այդ դժոխքում 2023 թվականի հոկտեմբերին սկսված անողոք պատերազմում զոհված պաղետսինցիների թիվը հասել է 62 հազար 64-ի, դաժան է հնչում, սակայն վստահ կարելի է պնդել, որ թիվը կավելանա, քանզի մարդկային այս տառապանքների վերջը չի երևում:
Աշխարհում հաշմանդամություն ունեցող մարդկանց ամենամեծ համայնքը Գազայում է
Բոլոր պատերազմներում կյանքից զրկվում են, հաշմանդամ են դառնում, տուն ու տեղ են կորցնում, դժբախտանում են նախևառաջ թույլ և անօգնական մարդիկ, ահավասիկ զարհուրելի պատմություններ, որոնք Գազայում այլևս սովորական ամենօրյա երևույթ են դարձել, այս փոքր տղայի անունը Մոհամադ Հասան է։
«Գնացել էի ֆալաֆել առնելու, վերադարձա, արդեն մոտեցել էի տանը, երկնքում նկատեցի մեզ վրա ընկնող հրթիռը, փորձեցի փախչել, բայց արդեն ուշ էր, պայթեց, ալիքն ինձ պատի վրա շպրտեց, մեկ էլ տեսա, որ ոտքս չկա, հետո ինձ ինչ-որ մեկը հիվանդանոց տարավ»,- ասել է երեխան:
Վերջին անգամ կարճատև հրադադար էր հայտարարվել այս տարվա մարտի 18-ին, դրանից հետո ցայսօր սպանվել է 10-ը հազար 518 և վիրավորվել է 44 հազար 532 մարդ:
Հազարավոր պաղեստինցիներ են վերջույթները կորցրել: Այս պահին, ըստ ՄԱԿ-ի մարդասիրական օգնության հարցերով գրասենյակի, աշխարհում հաշմանդամություն ունեցող մարդկանց ամենամեծ համայնքն ապրում է Գազայում, իհարկե, եթե այն ինչ այնտեղ կատարվում է, կարելի է կյանք անվանել:
Աղաչում ենք՝ օգնեք պրոտեզավորենք աղջնակին
Տասնյակ հազարավոր ողբերգական ճակատագրերից ևս մեկը: Պատմում է պստիկ Մարյամ Աբու Ալբայի տատիկը:
«Առաջին ռումբն ընկավ հարևան տան վրա, երկրորդը՝ մեր տան վրա, երեխայի ոտքը հեռացրել են, մյուս ոտքում մետաղյա ձողեր են տեղադրել, երեխան ահավոր ցավերի մեջ է, տանջվում է, մենք աղաչում ենք՝ օգնեք պրոտեզավորենք աղջնակին, օգնեք բուժենք մյուս ոտքը, որովհետև ջլերը կտրվել են, նյարդերը վնասվել են»,-ասել է վշտացած տատիկը:
Վիրավորների թիվը Գազայում գերազանցել է 156 հազար 570-ը, միայն անցած 24 ժամում պաղեստինյան անկլավում սպանվել է 60 և վիրավորվել է 343 մարդ: Ընդ որում 20 մարդ սպանվել և մոտ 200-ը վիրավորվել են մարդասիրական օգնություն ստանալու համար հերթում կանգնելու ժամանակ: Մոտ երկու հարյուր մարդ էլ սովից է մահացել:
Աշխարհը պահանջում է դադարեցնել կոտորածը Գազայում
Աշխարհը միանշանակ, առանց վերապահումների դատապարտում է 2023 թվականի հոկտեմբերի 7-ի վաղ առավոտյան ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների կատարած կայծակնային հարձակումը, որի հետևանքով ավելի քան հազար անմեղ հրեա է սպանվել և հարյուրավոր մարդիկ պատանդառվել են:
Ոչ ոք կասկածի տակ չի առնում ինքնապաշտպանության դիմելու և ահաբեկիչներին ոչնչացնելու Իսրայելի իրավունքը, սակայն աշխարհը դատապարտում է Գազայում անմեղ պաղեստինցիների անվերջանալի կոտորածը:
Համասն ընդունել է հրադադարի ամերիկյան առաջարկը
Միացյալ Նահանգները շարունակում է ջանքեր գործադրել Գազայում 60-օրյա հրադադար հաստատելու համար: Այդ մասին Սպիտակ տանը երեկ տեղի ունեցած ճեպազրույցում ասել է մամլո խոսնակ Քարոլին Լևիթը:
«Չեմ կարծում, թե պատահականություն է, որ ՀԱՄԱՍ-ն ընդունել է առաջարկն այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը հանդես է եկել շատ կոշտ հայտարարությամբ, որը տեղադրվել է Թրութ Սոշիալ կայքում: ՀԱՄԱՍ-ը հրադադարի առաջարկն ընդունել է, ուստի ԱՄՆ-ն շարունակում է քննարկումները, և թող նախագահ Դոնալդ Թրամփը վերջնական վճիռը կայացնի դրա վերաբերյալ»,- ասել է խոսնակը:
Իսրայելը պատրաստվում է ցամաքային գործողության
Մինչդեռ, հրասայլերը մոտենում են Գազայի հետ սահմանին, Իսրայելը պատրաստվում է Գազայում խոշոր ցամաքային օպերացիային, և ակնհայտ է, որ անկլավում կորուստների վերաբերյալ տխուր վիճակագրությունը կաճի:




