ՌեպորտաժներՏնտեսական

Արտաշարում ցանկանում են վերականգնել գոմեշաբուծությունը

Մեծամոր համայնքի Արտաշար բնակավայրը նախկինում հայտնի էր գոմեշաբուծությամբ:  Ժամանակին գյուղում դրա համար բավարար պայմաններ կային. ճահճուտները շատ էին: Վերջին տարիներին ստորերկրյա ջրերի մակարդակը զգալիորեն իջել է, ճահիճները ցամաքել են: Դրանց փոխարինում են ավազի արդյունահանման տեղերում գոյացած լճակները: Արտաշարում Մարգար Գենջոյանի ընտանիքը որոշել է վերականգնել գոմեշաբուծության ավանդույթներն ու ֆերմա բացել:

Արտաշար գյուղում Գենջոյան եղբայրներին ճանաչում են որպես գոմեշաբույծներ: Նախնիները գոմեշներ պահել են անհիշելի ժամանակներից, երբ ապրում էին Սասունում: Հիմա իրենք են ավանդույթը պահում: Արտաշար գյուղի ճահճոտ հողերը հարմար են գոմեշաբուծությամբ զբաղվելու համար:

Մարգար Գենջոյան․ «Արոտավայր է հարկավոր ու ջուր: Գոմեշները ջուր են սիրում, ճահիճներ, բայց հիմա մեր մոտ ջրերն արդեն նստել են, ճահիճները՝ չորանում»:

Նախկինում գյուղում գոմեշ պահողներ շատ կային, ստորերկրյա ջրերի մակարդակի  նվազման հետևանքով գյուղացիներն աստիճանաբար հրաժարվեցին անասնապահության այդ ճյուղից: Խորհրդային տարիներին գյուղում գոմեշի ֆերմա են ունեցել՝ ասում է Մարգարը:

«Այստեղ միշտ եղել է, ժողովուրդը, բոլորն էլ  պահում էին գոմեշ, իսկ հիմա պահողներ շատ չկան, հատուկենտ են: Սևջուր գետի ափին ֆերմա է եղել, բայց հիմա  Սևջուրն էլ է ցամաքել: Արդեն գոյություն չունի, առվակ է դարձել է, առվակ»:

Հիմա գյուղում գոմեշաբուծությունը եղբայրներով են փորձում զարգացնել: Մարգարի կրտսեր եղբայրը՝ Տիգրանը, շուրջ 40 գլուխ գոմեշ ունի՝ մեծ ու փոքր: Մարգարը մոտ 20 գլուխ է պահել, բայց վերջին տարիներին կենդանիների քանակը պակասել է: Ասում է՝ պայմաններ չունի զարգացնելու համար, բայց չի հրաժարվում մեծ ֆերմա ունենալու գաղափարից:

«Ես գյուղի կենտրոնում եմ ապրում, հնարավորությունները սահմանափակ են: Ես մի քանի անգամ դիմել եմ, որ ինձ գյուղի ծայրամասում տարածք հատկացնեն, որ անասնապահությամբ զբաղվեմ, գոմեշաբուրծություն զարգացնեմ»:

Ճահճուտների չորացման հետևանքով նոր հնարավորություն է ստեղծվել այդ հողերն արտադրական նպատակով օգտագործելու համար: Մարգարի որդին 44-օրյայի մասնակից է, մասնագիտությամբ՝ անասնաբույժ, Մարգարը՝ նույնպես: Անասնապահության հետ սեր ունեն: Ասում է՝ եթե գյուղի վերջում՝ չորացած ճահիճների տեղում, աճուրդով հողատարածք հատկացնեն, ապա մեծ ֆերմա կկառուցի ու կզբաղվի սիրած գործով: Չորացած ճահիճներին հիմա փոխարինել են ավազահանքի լճակները:

«Մեր տարածքում ավազի հանքեր են քանդում, որի մեջ գոյացած ջուր կա: Գոմեշները մտնում են այդտեղ ու լողանում: Հենց ջուր են տեսնում, վազում, մտնում են մեջը, որովհետև հիմա մեզ մոտ ջուրն այնքան սուղ է, որտեղ տեսնում են, մտնում են»:

Գոմեշից օգուտն ավելի մեծ է, քան տավարից՝ համոզված են գյուղացիները: Թեև կովերն ավելի շատ են կաթ տալիս, բայց գոմեշի կաթն  ավելի օգտակար է՝ ասում է  Մարգար Գենջոյանը.

«Կաթից ոչ մի հիվանդություն չի անցնում և հում վիճակով կարող ես օգտագործել: Գոմեշը բրուցելոզով չի հիվանդանում, բրուցելոզով չեն վարակվում, այսինքն կաթի մեջ բրուցելոզ չկա: Կարող եք պանիրն էլ առանց աղի օգտագործել»:

Մարգարը գոմեշի կաթը անհատներին վաճառում է 1 լիտրը 1000 դրամով, բացի դրանից նաև մշակում են. կինը «Մոցարելա» տեսակի պանիր է պատրաստում, մածուն, թթվասեր ու յուղ: Տանն արդեն 10 դույլ վաճառքի յուղ ունեն: Եղբայրը կաթը հանձնում է վերամշակող գործարաններին, միսը նույնպես իրացնում են:

Գոմեշները մի առանձնահատկություն ունեն․ բացի խնամողից ուրիշ ոչ մեկին թույլ չեն տալիս կթել, պարզապես մոտ չեն թողնում:

«Կովին ով ուզի, կկթի, բայց գոմեշին պարտադիր ես ու կինս պետք է լինենք: Մինչև ինքը ձագին չտեսնի, չի թողնի կթես: Իսկ եթե ձագը հանկարծ սատկի, վերջ, էլ չի թողնի կթես»:

Այդպիսի դեպքեր շատ են եղել, մի անգամ էլ այլընտրանքային լուծում էին գտել ու փորձել սատկած ձագը փոխարինել խրտվիլակով՝ պատմում է Մարգարը:

«Հայրս ձագին քերթեց, կաշվի մեջ խոտ լցրեց: Այդ կաշին դրեցինք դիմացը, լիզեց, ու մի երկու անգամ փորձեցինք կթել, բայց հասկացավ, որ իր ձագը չէ, մոտ չթողեց: Հիմա էլ, եթե ձագը ստակի, վերջ, էդ գոմեշն արդեն ցամաքում է»:

Գոմեշներն ընտանի մյուս կենդանիներից մի տարբերություն էլ ունեն: Մարգարն ասում է՝ ազգակից կենդանու հետ չեն խաչասերվում:       

Կարդացեք նաև

Back to top button