Հասարակություն

ՆԳՆ ոստիկանները պատմամշակութային հուշարձանի տարածքում ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները ստացել էին տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն, առանց համապատասխան թույլտվության, որպես ավազահանք ապօրինի շահագործում է Խնձորեսկ գյուղի մոտ գտնվող «Մխիթար Սպարապետ» պատմամշակութային հուշարձանի տարածքը:

Ըստ տեղեկության` օգոստոսի սկզբներին, գիշերները, ընկերության աշխատակիցներն այդ տարածքում քանդել են օրական 30-40 բեռնատար ավազային զանգված, այն տեղափոխել Տեղ գյուղի վարչական տարածք, որտեղ վերամշակել և օգտագործել են որպես շինանյութ:

Տեղեկությունը ստուգվեց օգոստոսի 13-ին: Սյունիքի քրեական ոստիկաններին միացան նաև մարզի պարեկներն ու Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողներ, և ժամը 11.30-ի սահմաններում հայտնաբերվեց պատմամշակութային հուշարձանի տարածքից հանքանյութ տեղափոխող յոթ բեռնատար, որոնք տեղափոխվեցին պահպանվող հատուկ տարածք:

Կազմված փաստաթղթերն ուղարկվեցին Գորիսի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ չորս հոդվածի, այդ թվում՝ պատմության կամ մշակույթի հուշարձաններ կամ առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով:

Հանգամաքները նախաքննությամբ պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք նաև

Back to top button