ԿարևորՀասարակություն

Լոռու մարզում կամավոր ատեստավորում է անցել 665 ուսուցիչ. օգոստոսյան խորհրդակցությունները շարունակվում են

Լոռու մարզի հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների մասնակցությամբ անցկացվել է ամենամյա օգոստոսյան խորհրդակցություն, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Նաիրա Բարիկյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության ներկայացուցիչներ, մարզի հանրակրթական, նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների ղեկավարներ, պատասխանատու այլ պաշտոնյաներ:

Խորհրդակցությանը նախորդել է «Կրթական էքսպո» ցուցահանդես, որում ներկայացվել են մարզի դպրոցների լավագույն նախագծային աշխատանքները: Պաշտոնյաները նախ ծանոթացել են էքսպոյի նախագծերին, զրուցել միջոցառման մասնակից աշակերտների և ուսուցիչների  հետ:

Օգոստոսյան խորհրդակցությունը մեկնարկել է «Տարվա լավագույնները 2024–2025» հանրապետական մրցույթում հաղթած 37 մանկավարժների պարգևատրմամբ․ վերջիններս ԿԳՄՍ նախարարության անունից արժանացել են շնորհակալագրերի։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է ոլորտի խնդիրներին, իրականացված և նախատեսվող աշխատանքներին: Նա  նշել է, որ ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով Լոռու մարզում նորոգման, կառուցման և վերակառուցման ընթացքի մեջ են 54 դպրոց և 46 մանկապարտեզ, մի քանիսի կառուցումն արդեն ավարտված է: Լոռու մարզի 84 դպրոցներ արդեն ստացել են ԲՏՃՄ լաբորատոր սարքավորումներ, մյուսները համալրման փուլում են: Արաքսիա Սվաջյանը կարևորել է դրանց ակտիվ կիրառումը բնագիտական առարկաների դասավանդման որակի բարձրացման նպատակով:

Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև մի շարք վիճակագրական տվյալներ Լոռու մարզի շրջանավարտների միասնական քննությունների արդյունքներից. հայտագրվել է 1162 դիմորդ, մասնակցել՝ 1112-ը, բուհ է ընդունվել 811 դիմորդ՝ դիմորդների 72%-ը։ Ամենապահանջված բուհերի շարքում առաջին տեղում Վանաձորի պետական համալսարանն է (404 դիմորդ, ընդունվել է 289-ը), երկրորդում՝ Երևանի պետական համալսարանը (173 դիմորդ, ընդունվել է 102-ը), երրորդում՝ Երևանի պետական բժշկական համալսարանը (73 դիմորդ, ընդունվել է 43-ը), իսկ չորրորդ տեղում՝ Պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղը (71 դիմորդ, ընդունվել է 51-ը)։

Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ընթացքին՝ տեղեկացնելով, որ Լոռու մարզում ատեստավորում է անցել 665 ուսուցիչ․ մարզն այս ցուցանիշով գտնվում է 3-րդ հորիզոնականում։ Նա հորդորել է շարունակել գործընթացը՝ նշելով, որ ատեստավորման ուղեցույցներն արդեն հրապարակված են, իսկ հայտագրումը բաց է մինչև սեպտեմբերի 30-ը։

Տեղեկացվել է, որ նոր ուստարում հանրակրթության պետական չափորոշիչը ներդրված կլինի 1-11-րդ դասարաններում, իսկ վերջին՝ 12-րդ դասարանում այն կներդրվի հաջորդ տարվանից:

4-րդ և 9-րդ դասարաններում՝ որպես նոր չափորոշչով ավարտողներ, քննությունները նոր ձևաչափով են կազմակերպվելու:

Խոսելով դպրոցներում երկարօրյա ծառայության մասին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ այն նախատեսված է առաջադիմության խնդիր ունեցող սովորողների համար, ուստի կարևոր է, որ դպրոցները ծրագիրն իրականացնեն առավել արդյունավետ՝ նպաստելով կրթության որակի բարելավմանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ  2025-2026 ուսումնական տարին հայտարարվելու է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի»։ Նախաձեռնության նպատակն է դպրոցներում ստեղծել բռնությունից զերծ, առողջ և պաշտպանված կրթական մթնոլորտ։ Սեպտեմբերին դպրոցները կստանան անվտանգության ուղեցույց, որը ներառելու է բռնության կանխարգելման և հայտնաբերման մեխանիզմներ։

Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը նշել է, որ մարզի կրթական հաստատություններում ընթանում են մեծածավալ կապիտալ շինարարության  և վերանորոգման աշխատանքներ, որոնք թույլ կտան է՛լ ավելի բարելավել կրթական պայմանները և ապահովել ժամանակակից ստանդարտներին համապատասխան կրթական միջավայր:

Հանդիպման ավարտին ներկաներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել պաշտոնյաներին:

Կարդացեք նաև

Back to top button