
Սպիտակ տունը պաշտոնական էջ է բացել TikTok հարթակում: Առաջին 27 վայրկյանանոց տեսանյութը, որի կադրերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է, սոցիալական ցանցում հայտնվել է երեքշաբթի՝ օգոստոսի 19-ին: «Ամերիկա, մենք ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ենք: Ի՞նչ կա, TikTok»,- ասվում է տեսանյութին կից կարճ գրառման մեջ:
Հրապարակման պահին Սպիտակ տան հաշիվն ունեցել է ավելի քան 50,000 բաժանորդ: Արդեն հրապարակվել է երեք տեսանյութ: Դոնալդ Թրամփի անձնական հաշիվը, որը ԱՄՆ նախագահը բացել էր 2024 թվականի ընտրարշավի մեկնարկից առաջ, արդեն ունի ավելի քան 15 միլիոն հետևորդ:
Չինական ByteDance ընկերությանը պատկանող TikTok հարթակը, որի օգտատերերի թիվը 2025 թվականին ամբողջ աշխարհում գերազանցել է 1.5 միլիարդը , բազմիցս մեղադրվել է տվյալների անբավարար պաշտպանության մեջ: Մասնավորապես, կան մտահոգություններ, որ Չինաստանի իշխանությունները կարող են տեղեկություններ հավաքել օգտատերերի մասին:
Այս ֆոնին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձգտում է TikTok-ի ամերիկյան հատվածը առանձնացնել չինական կոնցեռնից։
Եվրահանձնաժողովը նույնպես մեղադրել է TikTok-ին ինտերնետում գովազդ տեղադրելու կանոնները խախտելու մեջ։




