Հիանալի տեսք ունեք այդ կոստյումով
Փոխադարձ հաճոյախոսություններով ուղեկցվող զրույցներ, բարեկամական ժպիտներ, ձեռքսեղմումներ, բայց նաև որոշակի մտահոգություն ու կասկածանք աչքերում:
Թերևս այդպես կարելի է նկարագրել երեկ երեկոյան Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների և Եվրոպայի հզոր լիդերների հանդիպումը:

«Իրական Ամերիկայի ձայնը»՝ կաբելային, սթրիմինգային և արբանյակային աջակողմյան հեռուստակայան է, դրա աստղ-հաղորդավար Բրայան Գլենը հաճախ է ներկա լինում Դոնալդ Թրամփի և բարձրաստիճան հյուրերի հանդիպումներին:
Երեկ նա գովեստով է խոսել Վլադիմիր Զելենսկու հագուկապի մասին. «Պարոն նախագահ, հիանալի տեսք ունեք այդ կոստյումով»:
Լրագրողին երկրորդել է նախագահ Թրամփը. «Ես էլ եմ դա ասում, նա վերջին անգամ քեզ վրա է գրոհել, հիշո՞ւմ ես, տես, ինչ պարկեշտ տղա է հիմա»:
Զելենսկին նշել է, որ հիշում է այդ դրվագը: Խոսքը փետրվարյան սկանդալային հանդիպման մասին է, որի ընթացքում Թրամփը հեգնանքով է արտահայտվել զինվորականի համազգեստի ոճով կարված Ուկրաինայի ղեկավարի հագուստի մասին:

Ոչ միայն և գուցե ոչ այնքան Զելենսկու արտաքին տեսքն է նպաստել հանդիպման գործնական ու գրեթե ընկերական մթնոլորտին, որքան Սպիտակ տան փաստարկներն ըմբռնելու ու միանգամից չմերժելու Զելենսկու պատրաստակամությունը:
ԱՄՆ-ն կմասնակցի անվտանգության երաշխիքների տրամադրմանը
Կիևում գիտակցում են, որ ռուս-ուկրաինական պատերազմի հարցում Թրամփի դիրքորոշումն էապես տարբերվում է ուկրաինացիներին անվերապահորեն սատարելու նախորդ նախագահ Ջո Բայդենի դիրքորոշումից: Դա իրողություն է, որն անհնարին է հաշվի չառնել:

Մյուս կողմից, Թրամփը գիտակցում է, որ ամբողջ արևմտյան աշխարհի առաջատար տերություն համարվող Միացյալ Նահանգները չպետք է զիջի Ռուսաստանին, ոստի ուկրաինական կողմին անվտանգության երաշխիքներ է առաջարկում: Այդ է ընդգծում հենց Զելենսկին. «Կարևոր է, որ Միացյալ Նահանգները հստակ ազդանշան է ուղարկում, որ ինքը կլինի համակարգմանը նպաստող երկրների շարքում և նաև կմասնակցի Ուկրաինայի անվտանգության երաշխիքների տրամադրմանը, կարծում եմ՝ սա մեծ քայլ է առաջ»։
Զելենսկու փոխանցմամբ, անվտանգության երաշխիքների փաթեթի մասին տեղեկությունները կհրապարակվեն առաջիկա մեկ շաբաթում, առավելագույնը տասն օրում: Միացյալ Նահանգների, Ուկրաինայի և Ռուսաստանի ղեկավարներն առայժմ չեն ցանկանում հստակ գնահատականներ տալ այս մի քանի օրվա բանակցություններին: Վերլուծաբանները կաշկանդված չեն:
Բանակցություններից Մոսկվան է շահել
Ջոն Հոփքինսի համալսարանի միջազգային հետազոտությունների բաժնի պրոֆեսոր Սերգեյ Ռադչենկոն համոզված է, որ այս բանակցություններից նախևառաջ Մոսկվան է շահել: Պուտինն Ալյասկայից տուն է վերադարձել որպես հաղթող: Նա կանգնել է Թրամփի կողքին, ասել է թե հաղթահարել է տարիներ տևող միջազգային մեկուսացումը և ցույց է տալիս եվրոպացիներին, որ իրեն հնարավոր չէ շրջանցել ու անտեսել:
Ռադչենկոյի փոխանցմամբ, Պուտինն այսպիսի ուղերձ ունի նաև ռուսաստանցիներին. «Տեսեք, եվրոպացիները փորձել են մեզ մեկուսացնել, վանել, բայց մենք վստահ կեցվածքով վերադարձանք միջազգային ասպարեզ»:
Խանդավառություն և ոգևորություն ռուսական ԶԼՄ-ներում
Ռուսական լրատվամիջոցներն էլ Ալյասկայի և Վաշինգթնի հանդիպումները ցնծությամբ են լուսաբանում:
«Ռոսիա 24» հեռուստակայանի հաղորդավար Ալեքսանդրա Սուվորովա. «Անկեղծ և խիստ կառուցողական՝ երեկ երեկոյան Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ։ Այն նախաձեռնել է ամերիկյան կողմը։ Սպիտակ տան ղեկավարը Ռուսաստանի առաջնորդին տեղեկացրել է Վլադիմիր Զելենսկու հետ իր բանակցությունների արդյունքների մասին»։

Սուվորովայի փոխանցմամբ, Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Ալյասկայում տեղի ունեցած հանդիպման համար և գնահատել Է «Թրամփի ջանքերը «ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ»։
Լավրովը գովում է ամերիկացիներին և քննադատում եվրոպացիներին
Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովն էլ գովեստով է խոսում Ալյասկայում տեղի ունեցած հանդիպման և ամերիկացիների մոտեցման մասին:
«Մթնոլորտը շատ դրական էր, դա արտահայտվել է նաև երկու նախագահների հայտարարություններում, ակնհայտ էր, որ Թրամփն ու նրա թիմն ամենայն անկեղծությամբ ուզում են ապահովել հարատև, կայուն և հուսալի արդյունք՝ ի տարբերություն եվրոպացիների, որոնք ամեն անկյունում գոռում են հրադադարի կարևորության մասին ու դրանից հետո զենք ուղարկում Ուկրաինա»,- ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարը:
«Պուտինին հազվադեպ է կարելի վստահել»
Մինչդեռ, եվրոպացիները բնավ խանդավածված չեն, և որքան աշխարհագրորեն մոտ Ռուսաստանին, այնքան ավելի հոռետեսական է դառնում գնահատականը:
Ֆինլանդիան 1271 կիլոմետրանոց սահման ունի Ռուսաստանի հետ, այնտեղ հանգիստ է, միջադեպեր չեն լինում, բայց Ուկրաինայի վրա ռուսների հարձակումից հետո Ֆինլանդիան անդամակցել է ՆԱՏՕ-ին:
Նախագահ Ալեքսանդր Ստուբի համոզմամբ, չի կարելի զգոնությունը կորցնել:
«Պետք է հիշել, որ Պուտինին հազվադեպ է կարելի վստահել, տեսնենք, արդյոք նա կունենա՞ Թրամփի և Զելենսկու հետ եռակողմ հանդիպման գնալու խիզախություն, թե՞ էլի ինչ-որ խաղ կխաղա, եթե հասկանանք, որ ժամանակ է ձգում՝ նոր լուծումներ կորոնենք»,- ասել է Ստուբը:




