
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցային գրառմամբ ներողություն է խնդրել այն բանից հետո, երբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը օգոստոսի 15-ին հրապարակել է եզրակացություն, ըստ որի՝ Փաշինյանը, որպես պետական պաշտոնյա, վարքագծի կանոն է խախտել երկու կոպիտ բառի օգտագործմամբ՝ մեկը ֆեյսբուքյան գրառմամբ, մյուսը՝ խորհրդարանում՝ ուղղված ընդդիմադիր խմբակցության որոշ անդամների։ Ինչո՞ւ է ներքաղաքական դաշտում կիրառվող քաղաքական խոսույթը կոշտացել։
ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու հայտնի դրվագով վարքագծի կանոնների խախտում է արձանագրել վարչապետի հրապարակային խոսքում։ Հանձնաժողովն այդ եզրակացությանն է եկել երկուսուկես ամսում՝ լինգվիստական փորձաքննություններով, բացատրական ու հոմանիշների բառարանների ու ոճագիտական ձեռնարկների հիմքով կազմած 30 էջանոց եզրակացությամբ հանգելով նրան, որ վարչապետի օգտագործած երկու հայտնի բառերը կոպիտ, անվայելուչ են և վիրավորական:
Արձանագրելով, որ վարչապետը վարքագծի կանոն է խախտել՝ հանձնաժողովը վարքագծի կանոններն է հիշեցրել.
«Անկախ դիմացինի վարքագծից՝ հանրային պաշտոն զբաղեցնողը զուսպ, քաղաքավարի ու բարեկիրթ պետք է լինի»։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությանը հաջորդեց Փաշինյանի պատասխան սոցցանցային գրառումը։ Մինչև այդ էլ հանձնաժողովը երկու բառի առնչությամբ հարուցած վարույթի շրջանակում Փաշինյանից պարզաբանում էր խնդրել ու ստացել: Վարչապետի դիրքորոշումն այն է եղել, որ իր օգտագործած բառերը խոսակցական են, բայց ոչ անպարկեշտ, և որ օգտագործվել է սուրբ եկեղեցու արժեքները պաշտպանելու համատեքստում: Հանձնաժողովի եզրակացությունից հետո Փաշինյանը չվարանեց ֆեյսբուքյան գրառմամբ ներողություն է խնդրել.
«Սիրելի ժողովուրդ, չնայած որոշումների մի քանի գնահատականների հետ այնքան էլ համաձայն չեմ, բոլորիցդ ներողություն եմ խնդրում։ Ճշգրիտ լինելու համար ընդգծեմ. ներողությունս վերաբերվում է կոնկրետ երկու արտահայտությունների, որոնց վերաբերյալ որոշում է կայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը»,-գրել է փաշինյանը։
Նա նաև նշել է, որ իր կիրառած ձևակերպումների հետ ասոցացված քաղաքական, հոգեւոր եւ բարոյական սկզբունքների վերահաստատման նպատակը եւ այդ նպատակը ժողովրդի աջակցությամբ իրագործելու իր կամքն անսասան են, որովհետեւ դա, իր գնահատմամբ, կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության քաղաքական, իրավական, հոգեւոր անվտանգության համար։ Եվս մեկ մեջբերում Փաշինյանի գրառումից.
«Իսկ հոգեւոր նորոգման օրակարգում ես ինքս պիտի իմ բացթողումներն ընդունեմ, էմոցիաներս ավելի լավ կառավարեմ։ Քաղաքական եւ պետական նորոգման համատեքստում կարեւոր են հանդուրժողականությունը եւ հարգանքը պետական, ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ, ինչը եւ այսպիսով դրսեւորում եմ»։
Քաղաքագիտական և հասարակական շրջանակներում վերջին շրջանում հաճախ են հնչում գնահատումներ, որ կոշտ ձևակերպումները դարձել են ներհայաստանյան քաղաքական դիսկուրսի մաս, ու, որ ավելի մտահոգիչ է, գնալով մեծացող մաս։ Հատկապես խորհրդարանական կյանքում վերջին ամիսներին բուռն քննարկումների ու վիրավորական արտահայտությունների պակաս չի եղել քաղաքական ուժերի կողմից՝ թե իշխանական, թե ընդդիմադիր։ Հոգեբանները դա հակված են բացատրել նաև պատերազմից հետո հասարակության լարված հոգեվիճակով, երբ տեղի են տալիս կուտակված հույզերը, տագնապն ու անորոշ անհանգստությունները, և դա արտահայտվում է տարբեր հարթակներում, այդ թվում՝ պաշտոնական։
Քաղտեխնոլոգ Արմեն Բաղդասարյանը սա նաև տարածաշրջանի քաղաքական կուլտուրային է վերագրում, նկատում, որ այն նմանություն չունի եվրոպական կամ այլ տարածաշրջանների քաղաքական կուլտուրայի հետ։
«Իհարկե, լինում են նաև սուբյեկտիվ մոտեցումներ, երբ մարդիկ իրենց խոսքն ավելի ազդեցիկ դարձնելու համար դրան հաղորդում են լրացուցիչ զգացմունքայնություն, բայց օբյեկտիվորեն եթե նայում ենք՝ այս ամբողջ տարածաշրջանն այնպիսի քաղաքական կուլտուրայի արեալում է գտնվում, որտեղ բնակչությունն ավելի «տաք» ժողովուրդ է, որը շատ դեպքերում «սառը» բանավեճեր չի կարողանում իրականացնել, ինչպես Եվրոպայում, Ռուսաստանում և այլն։ Սա նաև տեղային բնորոշում է, սա միայն հայերին չի բնորոշ»։
Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը, դիտարկելով ընդհանուր քաղաքական դաշտում առկա խոսույթը, նկատում է, որ ընդհանրապես, կա ընդունված տեսակետ, որ հայհոյանքը փաստարկների բացակայությունն է.
«Ես կարծում եմ, որ ներքաղաքական դաշտում ներքաղաքական քննարկումները բավարար չափով բովանդակային տարրեր չեն պարունակում։ Խորքային բանավեճ չկա, և քաղաքական ուժերը փորձում են դա «փոխհատուցել», «փոխլրացնել» կոշտ բառապաշարով, այդ թվում նաև հայհոյանքներով՝ հույս ունենալով, որ նախ դա ժողովրդին՝ ժողովրդի ցածր խավերին դուր կգա ավելի շատ։ Փորձում են այդպիսով իրենք ավելի սկզբունքային, ավելի արմատական երևալ և շահել էլեկտորատի համակրանքը։ Կարծում եմ՝ հիմնականում սա է պատճառը, ինչը, բնականաբար, անընդունելի է»։
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն իր դիտարկումներն ունի․
«Իհարկե, կարող են լինել առանձին դեպքեր, երբ միտումնավոր զգացմունքայնությունն ուժեղացնեն՝ այս կամ այն նպատակին հասնելու համար, բայց հիմնականում տարածաշրջանի ժողովուրդներն ավելի տաքարյուն են և, շատ դեպքերում, իրենք ավելի շատ զգացմունքին են ուշադրություն դարձնում, քան բուն ռացիոնալ խոսքին։ Դու միտումնավոր զգացմունքայնություն ես տալիս՝ հասկանալով, որ դիմացինն ավելի զգացմունքային ընկալող է, և այդպիսով քո խոսքն ավելի սուր կհնչի-կընկալվի դիմացինի համար»։
Արմեն Բաղդասարյանի գնահատմամբ՝ այդ խոսույթի պատճառը նաև վերջին տարիների իրողություններն են։ Քաղաքական վերլուծաբան այս իրավիճակը գնահատում է նաև կոնկրետ օրինակով․
«Եթե հաշվի առնենք վերջին տարիների իրողությունները, երբ, օրինակ, քաղաքական ուժերից մեկը, որը հայհոյախառը բառապաշարից բացի, ուրիշ ոչնչով աչքի չէր ընկնում, օրինակ, Երևան քաղաքի ընտրություններում զբաղեցրեց երրորդ տեղը (եթե չեմ սխալվում): Ամեն դեպքում, անցողիկ տեղ զբաղեցրեց և դա, կարծում եմ, նպաստեց, որ այդ խոսույթը, այդ քարոզչական մարտավարությունը շատերը որդեգրեն»։
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը, մինչդեռ, կարծում է, որ քաղաքական այդ կուլտուրան դարերով է ձևավորվել այս մեծ տարածաշրջանում՝ Վրաստանից մինչև Մերձավոր Արևելքի երկրներ, երբ զգացմունքները երբեմն գերիշխում են ռացիոնալ մտքի վրա, հետևաբար, ըստ քաղտեխնոլոգի, դա փոխելու համար երկար ժամանակ է պետք։




