ԿարևորՀասարակություն

«Զավակներդ՝ հայրենատեր, ընթացքդ՝  հարատև»․ Կապանում նշել են քաղաքի տոնը

Տեղ սահմանամերձ համայնքի և Գորիսի օրերին նվիրված տոնակատարություններից հետո հերթը մարզկենտրոն Կապանինն էր։ Նախօրեին Հայաստանի հարավային մայրաքաղաքը նշել է իր տոնը՝ «Զավակներդ՝ հայրենատեր, ընթացքդ՝ հարատև» կարգախոսով։ Օրը հագեցած է եղել տարաբնույթ միջոցառումներով ու տոնական տրամադրությամբ։

Թեև Կապանը 1938 թվականին է քաղաքի կարգավիճակ ստացել, սակայն Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ՝ տեղանունը գալիս է դեռևս 5-րդ դարից։ Հարյուրամյակներ շարունակ Կապանը եղել է Սյունյաց աշխարհի քաղաքական, տնտեսական, վարչական կենտրոններից մեկը, իսկ 10-րդ դարից՝ Սյունիքի կամ Կապանի թագավորության մայրաքաղաքը։

Ամեն տարի Կապանի տոնը նշելիս  համայնքապետարանն առաջնորդվում է կոնկրետ թեմայով։ Այս տարի տոնակատարությունների առանցքում Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի կերպարն է։ Ծնունդով կապանցի գործչի կերպարը թե՛ քաղաքական, թե՛ պետական ու ռազմական առումներով ուսանելի շատ դրվագներ ունի՝ ասում է Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։

«Այլ  հարց է, թե մենք ինչպես ենք ընդօրինակել նրան մեր նոր պետությունը կառուցելու ընթացքում։  Նրա կյանքն ու գործունեությունը դասագրքային բացառիկ օրինակ են ու պատասխան են այն հարցերին, թե ինչ է պետությունն ու պետականությունը, ինչ է դիվանագիտությունը, ինչ ասել է համազգային միասնություն ու համերաշխություն, ինչպես կարելի է դրան հասնել,  ինչպես կարելի է հարաբերվել ու երկխոսել հարևան ժողովուրդների հետ՝ անսակարկելի  անկյունաքար ունենալով հայ ժողովրդի շահերը։ Ահա հենց կերպարի վերլուծությունից և այսօր գոյություն ունեցող մարտահրավերներից է ծնվել այս տարվա կարգախոսը՝ «Զավակներդ՝ հայրենատեր, ընթացքդ՝ հարատև», որի հիմքում այն գաղափարն է, որ յուրաքանչյուր երկրի ընթացքն ու ապագան կախված են նրա զավակների՝ հայրենիքին ու ծննդավայրին տեր կանգնելու անկեղծ վերաբերմունքից»։

Տոնական միջոցառումները մեկնարկում են Բաղաբուրջի սարահարթում՝ հայրենիքի համար նահատակվածների հիշատակին ծաղիկներ խոնարհելու արարողությամբ։ Ծաղիկներ դրվեցին նաև անվանի կապանցիներ Արամ Մանուկյանի և Պողոս Տեր-Դավթյանի հուշարձանների մոտ։ Հետո հանդիսությունը տեղափոխվում է քաղաքի մշակույթի տան մեծ դահլիճ։ Հանդիսավոր նիստը  Տերունական աղոթքով բացում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն, ծնունդով կապանցի Հոգեշնորհ տեր Գարեգին վարդապետ Համբարձումյանը։

«Անչափ սիրելի կապանցիներ, պար լույս, հունց ըք՞, լյավ ը՞ք․․․

Կապանը քաղաք է, որտեղ Աստծո արարչագործ շնորհներն առատորեն հեղված են մարդկային ստեղծագործ մտքի վրա։ Կապանը ոչ թե լոկ աշխարհագրական տեղանք է, այլ կենդանի վկայություն է հայկական ոգու, հյուասեր ոգու, այն վկայություն է տոկունության, որ կրկին վեր է հառնում յուրաքանչյուր դժվարություններից։ Կապանը նաև վկայություն է հույսի, որ նայում է վաղվան՝ Աստծո հավատքով»։

Սյունիքի մարզպետ  Ռոբերտ Ղուկասյանը, ավանդույթի համաձայն, Հայաստանի հարավային մայրաքաղաքի տոնը շնորհավորել է ուղերձով։ «Հարուստ ավանդույթներով, պատմամշակութային, կրթական արժեքներով հայտնի Կապանի օրը առիթ է բնակիչների համար ևս մեկ անգամ հաստատելու նվիրվածությունը քաղաքի զարգացման, նրա յուրահատուկ բնույթը պահպանելու և ավելի լավ ապագա կառուցելու գործին։ Տոնը միավորում է ոչ միայն կապանցիներին, այլև բոլոր նրանց, ովքեր սիրում և գնահատում են մեր հայրենիքի այս զարմանահրաշ անկյունը»,-ասված է մարզպետի ուղերձում։ 

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը հպարտ է, որ Կապանում է ծնվել ու մեծացել։

«Այստեղ  գտնվող յուրաքանչյուր կապանցի կփաստի, որ Կապանն առահասարակ բնավորություն կերտող և ոգի տվող քաղաք է։ Եվ այսօր շատ լավ առիթ է յուրաքանչյուրիս համար ասելու, թե որքան շատ ենք սիրում մենք Կապանը, որքան հպարտ ու օրհնված ենք մենք, որ ծնվել ու մեծացել ենք  Կապանում»։

Հեծանվավազք, ֆուտբոլ, կրկեսային ծրագիր փոքրիկների համար, «Հայոց Մեծ Արամը՝ Կապանա տնից» խորագիրը կրող ամսագրի շնորհանդես, կապանցի արտադրողների ապրանքանիշերով ցուցահանդես-վաճառք և այլն․ օրը հագեցած էր տարաբնույթ  միջոցառումներով և ամփոփվում է Կապանի Գարեգին Նժդեհի անվան հրապարակում՝ տոնական համերգով։

Կարդացեք նաև

Back to top button