
Օգոստոսի 8-ի կեսգիշերին Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի հետևանքով կրակը տարածվել էր շուրջ 5 հա տարածքի վրա։ Փրկարար ծառայության տվյալներով՝ օջախներին մղվել է ավելի քան 22 հազար տոննա ջուր, աշխատանքներին ներգրավվել է 430 փրկարար։ Հրդեհը մարվել է օգոստոսի 9-ի առավոտյան, սակայն տարածքում երկար ժամանակ շարունակվել է ծխելը։
Երևանի քաղաքապետարանի խորհրդական Կամո Արեյանի խոսքով՝ քաղաքապետարանի բոլոր վարչական շրջանները, ինչպես նաև մի շարք մասնավոր ընկերություններ ներգրավվել են հրդեհաշիջման և հետևանքների վերացման գործընթացին։ Ընդհանուր առմամբ, աշխատանքներին մասնակցել է օրական 20-22 միավոր տեխնիկա։ Հողի ծածկույթ ապահովելու համար 9 օրում աղբավայր է տեղափոխվել շուրջ 2450 բեռնատար հող, ինչի արդյունքում ծուխը դադարել է։
Ներկայումս աղբավայրում սահմանված է շուրջօրյա հերթապահություն, շարունակվում են հողածածկման և անվտանգության լրացուցիչ աշխատանքները։ Քաղաքապետարանը նաև ներկայացրել է առաջարկություններ՝ խնդրի երկարաժամկետ լուծման նպատակով։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կարևորել է խնդրի համակարգային լուծումը՝ ընդգծելով, որ մինչև տարեվերջ պետք է անցկացվի նոր վերամշակման գործարանի մրցույթ, հակառակ դեպքում կկայացվեն կադրային որոշումներ։




