Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և եվրոպացի այլ առաջնորդներ օգոստոսի 18-ին կժամանեն Սպիտակ տուն՝ Վոլոդիմիր Զելենսկիի և Դոնալդ Թրամփի միջև բանակցություններին մասնակցելու համար։
«Նախագահ Զելենսկիի խնդրանքով ես կմասնակցեմ նախագահ Թրամփի և եվրոպացի այլ առաջնորդների հետ Սպիտակ տանը կայանալիք հանդիպմանը»,-սոցիալական ցանցերում գրել է ֆոն դեր Լեյենը։
«Մերցը կքննարկի խաղաղության բանակցությունների ընթացքը և կընդգծի Գերմանիայի շահագրգռվածությունը Ուկրաինայում խաղաղության համաձայնագրի հնարավորինս շուտ կնքման հարցում: Բանակցություններում, ի թիվս այլ հարցերի, կքննարկվեն անվտանգության երաշխիքները, տարածքային հարցերը և Ուկրաինային հետագա աջակցությունը՝ ռուսական ագրեսիայից պաշտպանվելու համար: Սա ներառում է պատժամիջոցների միջոցով ճնշման պահպանումը»,-հաղորդել է Բեռլինը։
Բանակցություններին կմասնակցեն նաև Մակրոնը, Ստաբը և Ռյուտեն։ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստաբը X սոցիալական ցանցում գրել է, որ կմասնակցի օգոստոսի 18-ին Սպիտակ տանը կայանալիք բանակցություններին:
Միջազգային գործակալությունները հաղորդում են, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նույնպես հաստատել են Վաշինգտոն մեկնելու իրենց ծրագրերը։
Ավելի վաղ Politico-ն, իր աղբյուրներին հղում անելով, հայտնել էր, որ եվրոպացի առաջնորդները կմեկնեն Միացյալ Նահանգներ՝ բանակցություններում Զելենսկու դիրքերն ամրապնդելու համար: Ինչպես գրել է Politico-ն, Ստաբը և Ռյուտեն ընտրվել են, քանի որ նրանք հատկապես սերտ հարաբերություններ են հաստատել ԱՄՆ նախագահի հետ։
Ըստ պորտալի՝ Վաշինգտոնում գտնվող եվրոպացի առաջնորդների նպատակն է «կանխել Թրամփի և Զելենսկու միջև ցանկացած սրացում և համոզել ԱՄՆ նախագահին ներգրավել Եվրոպային հետագա բանակցություններում»։
Եվրոպան և Ուկրաինան օգոստոսի 18-ի գագաթնաժողովը համարում են «բանալի՝ Թրամփի կողմից Պուտինի պահանջները մերժումն ապահովելու համար»։
Թրամփը և Զելենսկին կհանդիպեն Սպիտակ տանը օգոստոսի 18-ին։
Reuters-ի փոխանցմամբ, ԱՄՆ առաջնորդը նախատեսում է ճնշում գործադրել Կիևի վրա՝ համաձայնության գալու Ռուսաստանի հետ պատերազմի դադարեցման շուրջ։
Թրամփը հույս ունի, որ Ուկրաինան համաձայնագիր կկնքի Ալյասկայում Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումից հետո, որտեղ, ըստ աղբյուրների, Մոսկվան պատրաստակամություն է հայտնել հրաժարվել Ուկրաինայի օկուպացված որոշ փոքր տարածքներից՝ այլ հատվածներում զգալի զիջումների դիմաց։
Սակայն առաջարկված պայմանները Կիևի համար չափազանց բարդ են և կարող են դառնալ լարված բանակցությունների պատճառ Եվրոպայի վերջին ութ տասնամյակների ամենաարյունալի պատերազմի դադարեցման հարցում։




