ԿարևորՄիջազգային

Քննարկվում են Կիևի անվտանգության երաշխիքները․ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնի

Միացյալ Նահանգները և եվրոպական երկրները քննարկում են Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հնարավորությունը, որոնք հիմնված են կոլեկտիվ պաշտպանության սկզբունքի վրա, ինչպես նշված է ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածում, շաբաթ օրը՝ օգոստոսի 16-ին, հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին Ալյասկայի գագաթնաժողովից հետո: Նրա մեկնաբանությունը հրապարակվել է Իտալիայի կառավարության կայքում:

Ալյասկայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ինքը եվրոպացի առաջնորդներին տեղեկացրել է հանդիպման արդյունքների մասին:

Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալ Մելոնիի հայտարարության մեջ ասվում է, որ «նախագահ Թրամփը վերահաստատել է անվտանգության երաշխիքների վերաբերյալ Իտալիայի գաղափարը՝ ոգեշնչված ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածից»: «Առաջարկի մեկնարկային կետը կոլեկտիվ անվտանգության դրույթի սահմանումն է, որը թույլ կտա Ուկրաինային օգտվել իր բոլոր գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների աջակցությունից, որոնք պատրաստ են գործել նոր հարձակման դեպքում», — մանրամասնել է Իտալիայի վարչապետը։

«Հիմնական հարցը մնում է անվտանգության երաշխիքների հարցը, որոնք կարող են կանխել ռուսական նոր ներխուժումները, և հենց այս առումով է, որ Անքորիջի հանդիպման ժամանակ գրանցվել են ամենահետաքրքիր նորամուծությունները։ Միայն այս առումով ամուր և հուսալի երաշխիքները կկարողանան կանխել նոր պատերազմներն ու ագրեսիայի ակտերը», — հավելել է Մելոնին։

«Եվրոպական պետությունները շարունակում են միասնական մնալ Ուկրաինային աջակցելու հարցում բանակցությունների այս փուլում։ Խաղաղության ճանապարհը հեշտ չէ, բայց կարևոր է, որ այն սկսվել է», — եզրափակել է նա։

Ինչպես օգոստոսի 16-ին հայտնել են AFP-ն և Reuters-ը՝ հղում անելով ուկրաինական դիվանագիտական աղբյուրներին, Կիևը Վաշինգտոնից ստացել է անվտանգության երաշխիքների առաջարկ, նման ՆԱՏՕ-ի շրջանակներում երաշխիքներին, սակայն առանց ռազմական դաշինքին Ուկրաինայի անդամագրվելու։

«Որպես Ուկրաինայի անվտանգության երաշխիքներից մեկը՝ ամերիկյան կողմը առաջարկել է երաշխիք, ինչպես 5-րդ հոդվածում, բայց ՆԱՏՕ-ից դուրս», — ասել է AFP-ի աղբյուրներից մեկը։ Նրա խոսքով՝ այս առաջարկը «ենթադրաբար համաձայնեցվել է Պուտինի հետ»։ «Սակայն ոչ ոք մանրամասն չգիտի, թե ինչպես է սա գործելու, և ինչու է Պուտինը համաձայնել դրան, եթե նա կտրականապես դեմ է ՆԱՏՕ-ին», — հավելել է AFP-ի մեկ այլ աղբյուր։

Ինքը՝ Վլադիմիր Պուտինը, Ալյասկայում Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է, որ Մոսկվան պատրաստ է աշխատել Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ «Ես համաձայն եմ նախագահ Թրամփի հետ, նա այսօր խոսեց այս մասին, որ, իհարկե, Ուկրաինայի անվտանգությունը նույնպես պետք է ապահովվի։ Իհարկե, մենք պատրաստ ենք աշխատել այս ուղղությամբ», — ասել է նա՝ առանց բացատրելու, թե ինչ միջոցառումների մասին կարող է խոսքը։

Կարդացեք նաև

Back to top button