
Հուլիսի 28-ից գործում է «Հայորդի» ամենամյա 5-րդ ճամբարը։ Այն կազմակերպում է նույնանուն բարեգործական հիմնադրամը՝ նպատակ ունենալով միավորելու և աջակցելու պատերազմի հետևանքով կորուստ ունեցած ընտանիքների երեխաներին: Այս տարի ճամբարին մի քանի փուլով մասնակցում է 330 երեխա։
Այս երեխաների մանկությունն ընդհատվեց 44-օրյա պատերազմը սկսվելուն պես։ Այդ օրվանից նրանք այլևս չտեսան իրենց հայրերին, եղբայրներին, շատերը՝ նաև հայրենի տունը։
Նրանց պատմությունները տարբեր են, սակայն ճակատագիրը՝ նույնը։ Հայկուհի Սուլեյմանյանը Ճարտարից է։ 44-օրյա պատերազմում կորցրել է եղբորը։ Ասում է՝ երկար ժամանակ չէր կարողանում շփվել մարդկանց հետ, ընկերանալ։ Բայց 2022-ին, երբ առաջին անգամ եկավ «Հայորդի» ճամբար, հանդիպեց իր բախտակիցներին ու աստիճանաբար սկսեց վերագտնել իրեն։ Այսօր արդեն Հայկուհին ջոկատավար է։

Ճամբարի կազմակերպչական աշխատանքներին որպես կամավորներ ու ջոկատավարներ ներգրավված են պատերազմի միջով անցած մարդիկ։ Խոհանոցում աշխատում են զոհվածների կանայք և մայրեր, իսկ երեխաների հետ՝ վիրավորված զինվորականներ։
Այս տարվա «Հայորդի»–ն նվիրված էր Պաշտպանության բանակի փոխգնդապետ Խորեն Օհանյանի հիշատակին։ Նրա այրին որդիների հետ նույնպես մասնակցում է ճամբարի աշխատանքներին։
«Միշտ ասում էր՝ չվախենաք․ ամեն ինչ նորմալ է»։
Խորեն Օհանյանն իմ հրամանատարն էր՝ պատմում է 44-օրյա պատերազմում վիրավորված Սուրեն Դիլբարյանը՝ «Հայորդի» ճամբարի կամավորներից մեկը։
«Ես վիրավորվել եմ պատերազմի 44-րդ օրը, դրանից 5 րոպե հետո ռմբակոծություն է եղել այն ուղղությամբ, որտեղ հրամանատարն էր․ այդ ժամանակ է զոհվել»,- պատմում է Սուրեն Դիլբարյանը։

Ինչպես ասում է «Հայորդի» հիմնադրամի հիմնադիր Վաչե Վարդանյանը,
ցավը կրողը դարձել է ուրիշի ցավը փարատող։
«Բացի հագեցած ծրագրից՝ երեխաները այստեղ սովորում են, որ մենակ չեն, որ հարյուրավոր բախտակիցներ ունեն։ Եվ ամենակարևորը՝ տուն են վերադառնում հույսով ու հավատով, որ ամեն ինչ չի ավարտվում կորստով»։
Ճամբարում, խաղերից, համերգներից և մրցույթներից բացի, ուսուցողական դասընթացներ են անցկացվում։

«Շատ բան եմ սովորել «Հայորդի» ճամբարում։ Սկզբում վախենում էի նոր ծանոթություններից, բայց այստեղ ազատ եմ շնչում, շփվում եմ բոլորի հետ… հասկանում եմ, որ մեզ միավորում է նույն ցավը»։
Այս երեխաները եկել են նույն ցավով և տուն են գնում միևնույն հույսով։ «Հայորդի» ճամբարը նրանց համար սոսկ ամառային հանգիստ չէ․ դա հանդիպման վայր է, որտեղ կորուստը դառնում է ընկերություն, ցավը՝ համերաշխություն, իսկ մանկական ծիծաղը՝ ամենաազդեցիկ հաղթանակը։ Այս երեխաների աչքերում այսօր ոչ թե պատերազմի ստվերն է, այլ ապագայի լույսը։ Եվ այդ լույսը նրանք տանում են իրենց հետ՝ հաջորդ տարի վերադառնալու ակնկալիքով։




