ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Վրաստանի հետ վիզայի ազատականացումը չեղարկելու հարցը՝ ԵՄ օրակարգում

Հարևան Վրաստանը կանգնել է Եվրոպայի հետ ազատ վիզայի չեղարկման վտանգի առաջ․ պաշտոնական Թբիլիսիին Բրյուսելի տված վերջնաժամկետը լրանում է ընդամենը մի քանի օրից՝ օգոստոսի վերջին։ ԵՄ–ն Վրաստանում ժողովրդավարության հետընթաց է արձանագրում և  պահանջում  չեղարկել վերջերս ընդունված աղմկահարույց մի քանի օրինագծեր։ Վրաստանի իշխանությունները կպահեն արդեն ութ տարի գործող վիզայի ազատականացման համաձայնագիրը, թե՞ կհարաժարվեն դրանից։  

Առանց վիզայի ռեժիմը պահպանելու համար Վրաստանի իշխանություններին ուղղված Եվրամիության առաջարկությունները կատարելու վերջնաժամկետը լրանում է օգոստոսի 31-ին։ Օրակարգում վիճահարույց օրենքներն են և իրավունքների պաշտպանության հարցերը։

Բրյուսելը պահանջում է չեղարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը և Ընտանեկան արժեքների պաշտպանության փաթեթը՝ հայտարարել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը՝ խոսելով նաև հետևանքների մասին․

«Վերջնաժամկետից հետո մենք կորոշենք՝ ինչպես արձագանքել Վրաստանում ժողովրդավարության հետընթացին։ Մինչ այժմ Բրյուսելում ընդհանուր դիրքորոշում կար՝ ցավ չպատճառել վրաց հասարակությանը՝ չեղարկելով վիզայի ազատականացումը, սակայն որոշումը կազդի նրանց վրա։ Հասարակությունը պետք է տեսնի՝ կառավարությունը չի հետևում եվրոպական ուղուն և լուրջ չի վերաբերվում ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակին։

ԵՄ-ն Վրաստանին թեկնածուի կարգավիճակ է շնորհել երկու տարի առաջ՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։ Մեկ տարի անց, սակայն, Վրաստանի իշխանությունները որոշել են դադարեցնել եվրանդամակցության բանակցությունները մինչև 2030 թվականը։ 

Եվրամիություն-Վրաստան առանց վիզայի ռեժիմը գործում է շուրջ ութ տարի։ 2017-ից, երբ ուժի մեջ մտավ համաձայնագիրը, Վրաստանի քաղաքացիները հնարավորություն ստացան ազատորեն, առանց արտոնագրի մուտք գործել շենգենյան գոտու երկու տասնյակից ավելի երկրներ: Վրաստանի քաղաքացիների համար նոր՝ եվրոպական կյանք է սկսել, որն ազատության զգացողություն է տալիս․ այսպես էին բնորոշում իրավիճակը  քաղաքացիները։

Ոլորտի վրացի պաշտոնյաները «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշում են՝  վիզայի ազատականցման գործընթացը տևել է շուրջ յոթ տարի, սկսվել են օրենքների փոփոխություններ ու կոնվենցիաների ընդունում։ Վրաստանի արտաքին գործերի նախարարության եվրաինտեգրման հարցերով վարչության ղեկավար Դավիթ Բիճուաշվիլին ավելի վաղ ասել էր, թե ինչ է նշանակում վիզայի ազատականացումը քաղաքացիների համար։

Քաղհասարակությունը քննադատում է իշխանություններին՝ նշելով, որ վիզայի ազատականցաման չեղարկման պատասխանատվությունը իշխող «Վրացական երազանք»-ինն է։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեն ի պատասխան Բրյուսելի ներկայացրած վերջնագրի, ընդգծել է՝ Եվրամիությունը պարզապես շանտաժի է ենթարկում Թբիլիսիին։ Միևնույն ժամանակ, ըստ նրա, առանց վիզայի ռեժիմը կասկածելի գործիք է շանտաժի համար, քանի որ կենսական կարևորության հարց չէ։

«Եթե հարց առաջանա՝ խաղաղություն և կայունությո՞ւն, թե՞ առանց վիզայի ռեժիմ, իհարկե, մենք նախապատվությունը կտանք խաղաղությանը և կայունությանը։ Վրաստանի քաղաքացին Եվրոպա կմեկնի վիզայով, թե առանց դրա, գոյաբանական հարց չէ»։

Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը նշանակում է շենգենյան գոտում 90-օրյա կեցության իրավունք 180-օրյա ժամանակահատվածում: Այն չի տալիս երկարաժամկետ աշխատանքի կամ սովորելու իրավունք, սակայն շատերն այդ երեք ամիսն օգտագործում են գումար վաստակելու համար։ Այդ մասին փաստում է վերջին տարիներին Եվրոպա մեկնողների վիճակագրությունը։

ԵՄ արտաքին գործերի նախարարները տարակարծիք են Վրաստանի քաղաքացիների համար վիզաների հնարավոր կասեցման հարցի շուրջ․ Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին նշում է․

«Մենք կարծում ենք, որ սահմանափակումները պետք է կիրառվեն բռնաճնշումների համար պատասխանատուների, այլ ոչ թե Վրաստանի ժողովրդի նկատմամբ»։

Բրյուսելում միևնույն ժամանակ մտավախություն կա, որ Թբիլիսիի հետ վիզայի ազատականացման համաձայնագրի չեղարկումը կարող է հակառակ արդյունք տալ, քանի որ վրացիների 80 տոկոսը, ըստ վերջին հարցումների, եվրոպամետ է։

Կարդացեք նաև

Back to top button