
Իրանի արտաքին գործերի փոխնախարար և արտաքին գործերի նախարարության քաղաքական և միջազգային հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Սաիդ Խաթիբզադեն Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Օքայ Մեմիշի հետ Անկարայում քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, հայտնում է IRNA գործակալությունը։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային վերջին զարգացումներին։ Նրանք ընդգծել են իսլամական աշխարհում համերաշխության և միասնության կարևորությունը, ինչպես նաև տարածաշրջանային ընդհանուր մարտահրավերները հաղթահարելու համար Իրանի և Թուրքիայի միջև շարունակական խորհրդակցությունների անհրաժեշտությունը։
Խաթիբզադեն գնահատել է Թուրքիայի կառավարության և ժողովրդի կողմից Իրանի ժողովրդին աջակցելու և նրա հետ համերաշխություն պահպանելու դիրքորոշումը՝ Իրանի դեմ Իսրայելի ագրեսիայի ժամանակ։




