
Քրեական վարույթի շրջանակում դատախազը «Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամ» ՓԲԸ-ի (ԱՆԻՖ) տնօրեն, «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ խորհրդի նախագահ Դավիթ Փափազյանի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում, 1lurer.am-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:
«Քրեական վարույթի շրջանակում՝ դատախազը 2025 թվականի օգոստոսի 15-ին «Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամ» ՓԲԸ-ի (ԱՆԻՖ) տնօրեն, «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ խորհրդի նախագահի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) 2-րդ մասի, 277-րդ հոդվածի (Համակարգչային հափշտակությունը) 2-րդ մասի 2-րդ կետի և 296-րդ հոդվածի (Փողերի լվացումը) 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով»,- հայտել են դատախազությունից:
Գերատեսչությունից տեղեկացրել են, որ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել նաև «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ տնօրենի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի (Փողերի լվացումը) 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, ինչպես նաև «Ձեռնարկատեր + Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ տնօրեն, «Ձեռնարկատեր + Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդի կառավարչի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) 2-րդ մասի, 277-րդ հոդվածի (Համակարգչային հափշտակությունը) 2-րդ մասի 2-րդ կետով:




