
Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային վերջին զարգացումները և տարածաշրջանային հաղորդակցության ուղիների վերաբացման սկզբունքային համաձայնությունը երկխոսության նոր փուլ են բացել, այդ թվում՝ «3+3» ձևաչափով գործակցության հարթակի համար․այս մասին IRNA-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ Նախարարական հաջորդ հանդիպման ժամկետներն առայժմ հստակ չեն՝ «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ IRNA-ի հետ հարցազրույց է ունեցել նաև Իրանի արտաքին գործերի նախարարն ու ուշագրավ մանրամասներ հայտնել։ Այս քննարկումները հատկապես ուշագրավ են Իրանի նախագահի՝ առաջիկա օրերին Հայաստան այցի համատեքստում։
«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Երևանում կամ Բաքվում՝ իրանական IRNA-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
«Երկխոսության այս ձևաչափը կարող է հարմար հարթակ դառնալ տարածաշրջանային նախագծերի քննարկման համար, հատկապես՝ տրանսպորտային և ենթակառուցվածքային հաղորդակցությունների ոլորտում»։
Այս համատեքստում ուշագրավ է, որ «3+3» ձևաչափի շուրջ Թեհրանում քննարկումներ է ունեցել նաև Իրանի արտաքին գործերի նախարարը՝ Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ։ Քննարկման առանցքում են եղել Հարավային Կովկասում վերջին զարգացումները: Աբբաս Արաղչին վերահաստատել է Իսլամական Հանրապետության աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, նաև շեշտել տարածաշրջանում առկա խնդիրների լուծման համար «3+3» մեխանիզմն օգտագործելու կարևորությունը: Իրանի արտգործնախարարը շեշտել է.
«Տարածաշրջանային ցանկացած համաձայնագրում հարևան երկրների անվտանգությանը վերաբերող նկատառումները պետք է հաշվի առնվեն»։
Իրանագետ Ժաննա Վարդանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատել է, որ Իրանն, ըստ էության, վերահաստատում է իր դիրքորոշումը։ Պարզապես, ասում է, հիմա ականատես ենք լինում այդ դիրքորոշումն արտահայտելու տարբեր եղանակների։
«Այսինքն, սկզբունքները, որոնց մասին շեշտում է Իրանը, սրանք են՝ տարածքային ամբողջականության պահպանում, ազգային ինքնիշխանության նկատմամբ հարգանք, սահմանների անխախտելիություն։ Իրանը շարունակում է շեշտել նույն սկզբունքների մասին, այդ թվում նաև արտատարածաշրջանային ուժերի ներկայության բացառման վերաբերյալ։ Սա եղել է թե՛ վերջին 5 տարիների ընթացքում, թե՛ վերջին օրերին արվող արվող հայտարարությունների շրջանակում»։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին էլ IRNA գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին: Նա, մասնավորապես, ասել է, մեջբերում ենք.
«Բնականաբար, այս հարցի մասշտաբները մինչև վերջ պարզ չեն։ Բայց այն, ինչ մակերեսին է, և այն, ինչ մեզ ասացին հայերը․․․ պարոն Փաշինյանը՝ Հայաստանի վարչապետը, զանգահարեց մեր նախագահին, նրանց արտաքին գործերի նախարարը զանգահարեց ինձ, նրանք իրենց փոխարտգործնախարարին ուղարկեցին Թեհրան․ նրանք սպառիչ բացատրություններ տվեցին»։
Իրանի բարձրաստիճան պաշտոնյան մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել՝ խոսելով թե մինչ օրս հանրությանը ոչ հայտնի հարցերի, թե Իրանի՝ այս պահին էլ ունեցած որոշ մտահոգությունների մասին։Արաղչին նշել է, որ երբ սկսվել են Զանգեզուրի վերաբերյալ քննարկումները, հիմնական մտավախություններն առնչվել են հայկական Սյունիքի մարզի տարածքների հանդեպ ադրբեջանական հավակնություններին և միջանցքին, որի միջոցով և պետք է ապահովվեր Նախիջևանի ու Ադրբեջանի միջև կապը։ Այս համատեքստում դիվանագետն օգտագործել է Հայաստանից տարածքներ գրավելու ձևակերպումը։
«Այժմ այդ բոլոր գաղափարները վերածվել են ճանապարհի, որը կառուցելու է Հայաստանում գրանցված ամերիկյան ընկերություն և գտնվելու է Հայաստանի օրենքների և իրավասության ներքո։ Այս ճանապարհը գտնվում է Հայաստանի ինքնիշխանության ներքո։ Մեր կողքին ոչ մի ամերիկյան զորք չի տեղակայվելու, և Իրանի բոլոր կարմիր գծերը պահպանվում են»։
Արաղչին ասել է, որ հիմք են ընդունել հայ պաշտոնյաների հավաստիացումները, որ ճանապարհը կկառուցվի ըստ Հայաստանի օրենսդրության՝ Հայաստանում գրանցված ամերիկյան ընկերության կողմից: Մեջբերում․ «Նրանք մեզ ասում են, որ հարգել և ուշադրություն են դարձրել Իրանի բոլոր կարմիր գծերին այս հարցում»՝ հայտարարել է Իրանի գլխավոր դիվանագետը:
Ինչպես ՆԱՏՕ-ի հարևան դառնալու, այնպես էլ ցանկացած օտարերկրյա ներկայության առնչությամբ իր մտահոգությունները Թեհրանը փոխանցել է նաև Ադրբեջանին։
«Աշխատանքները պետք է իրականացնի ամերիկյան ինժեներական ընկերությունը, բայց Իրան-Հայաստան սահմանին ամերիկյան ուժեր չեն տեղակայվի», — ասել է Արաղչին:
«Անվտանգությունը կապահովի ինքը՝ Հայաստանը, և նույնիսկ մասնավոր ամերիկյան ընկերություններին թույլ չի տրվի ապահովել անվտանգությունը։ Սրանք հայ պաշտոնյաների հայտարարություններն են, իհարկե, մենք կպահպանենք անհրաժեշտ զգոնությունը»։
Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ իրենց սահմանին՝ հայկական տարածքում, ամերիկյան ուժեր չեն լինելու. «Նրանք նույնիսկ թույլ չեն տալու ամերիկյան մասնավոր անվտանգության ընկերություններին մուտք գործել երկիր…»՝ նկատել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։
«ԱՄՆ նախագահի ներկայությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ տարածաշրջանի սահմաններն անփոփոխ են, տարածաշրջանի բոլոր երկրների անկախությունն ու տարածքային ամբողջականությունը հարգվում են, և սա հենց մեր դիրքորոշումն է։ Այսինքն՝ սկզբից ևեթ մեր դիրքորոշումն այն էր, որ Կովկասում ինչ քայլեր էլ ձեռնարկվեին, տարածաշրջանի սահմանները չպետք է փոխվեին։ Մեզ համար կարևոր էր, որ Հայաստանի և որևէ այլ երկրի ինքնիշխանությունը չխաթարվեր»:
Ուշագրավ է, որ այս հայտարարությունների համատեքստում ակտիվանում են նաև «3+3» հարթակի հետ կապված խոսակցությունները։ Արդյոք այս ձևաչափը կնպաստի՞ վաշինգտոնյան համաձայնագրի իրականացմանը։ «Ռադիոլուրի» հետ զրույցում իրանագետ Նվեր Դավթյանը նախ նկատեց, որ խորհրդատվական այդ հարթակի հիմնական նպատակը տարածաշրջանային երկրների խնդիրները նախ տարածաշրջանային երկրների միջոցով լուծելն է։
«Այս իմաստով, եթե վաշինգտոնյան զարգացումների հետ ենք փորձում կապել «3+3»-ի մեխանիզմի հնարավորությունների օգտագործումն առաջին հերթին նպատակ ունի տարածաշրջանի երկրների միջոցով լուծել տարածաշրջանում առկա խնդիրները՝ խուսափելով արտատարածաշրջանային ուժերի ներգրավվածությունից և նրանց հնարավոր ազդեցությունից ներտարածաշրջանային զարգացումներում»։
Փորձագետը նկատում է նաև, որ վաշինգտոնյան հռչակագրի դրույթներում առանցքային կարևորություն ունի ենթակառուցվածքների, հաղորդուղիների ապաշրջափակումը, որն առնչվում է մի շարք քաղաքական հանգամանքների։
«Հայկական կողմից մեկնաբանություններ, հավաստիացումներ եղել են, իրանական կողմից էլ դրանք ընդունվել են։ Մեր կողմը մեկնաբանել է, որ դա սահմանափակվում է միայն տնտեսական ներկայությամբ, բայց այնտեղ կան իրավական և այլ տեխնիկական հարցեր, որոնց շուրջ մանրամասն բացատրություններ մենք դեռևս չունենք»։
Ըստ իրանագետի, մասնավորապես, ԱՄՆ-ի ներկայության, այսպես ասենք, չափի, ազդեցության վերաբերյալ դետալների մասին է խոսքը, ուստի «3+3» հարթակը պետք է դիտարկել ոչ թե որպես փոխլրացնող, այլ՝ այլընտրանքային տարբերակ, որը կարող է, իր ձևակերպմամբ, թերևս զսպել արտատարածաշրջանային ուժերի, տվյալ դեպքում՝ ԱՄՆ-ի չափից ավել ազդեցությունն ու ներկայությունը։




