ԿարևորՀասարակություն

ԱԳՆ պարզաբանումը «Ռադիոլուրին»՝ հայ գերիների վերադարձի շուրջ բանակցությունների մասին

Հաշվի առնելով, որ Ադրբեջանում փակվել է Կարմիր խաչի ծառայությունը, ու այնտեղ պահվող հայ գերիներին տեսակցելու հնարավորությունն այլևս  բացառվում է, «Ռադիոլուրը» Հայաստանի արտաքին գտործերի նախարարությունից հետաքրքրվել էր, արդյոք ՀՀ–ն որպես միջազգային իրավունքի գործիք դիտարկո՞ւմ է դիմել որևէ երրորդ երկրի, որը կարող է ստանձնել հայ գերիներին Ադրբեջանում «հյուպատոսական այցելություններ» կազմակերպելու պատասխանատվությունը, և արդյոք Հայաստանը պաշտոնապես ստացե՞լ է «հյուպատոսական այցելություններ» կազմակերպելու առաջարկ։

Ի պատասխան հարցման՝ ԱԳՆ-ից  հայտնել են, որ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց հայրենադարձման խնդիրը շարունակում է մնալ ՀՀ ուշադրության կենտրոնում։  

Մեջբերում․ «Հարցին վերջերս հրապարակային անդրադարձ եղել է ամենաբարձր մակարդակով՝ ՀՀ վարչապետի կողմից, ով ընդգծել է, որ չկա որևէ բանակցություն, որի ընթացքում խնդրին չի հատկացվում պատշաճ, անհրաժեշտ ուշադրություն: ՀՀ ներկայացուցիչները տարբեր ձևաչափերի հանդիպումներում բարձրացնում են խնդիրը և փնտրում լուծումներ»․ մեջբերման ավարտը։

«Ռադիոլուրը» հետաքրքրվել էր նաև՝ արդյոք պաշտոնական Երևանը պաշտոնական Բաքվի հետ քննարկե՞լ է հայ գերիներին երրորդ երկրի հանձնելու հարցը։

Ըստ ԱԳՆ պատասխանի՝ նույն կերպ պահվող անձանց ազատ արձակման հարցը շարունակում է մնալ ՀՀ ԱԳ նախարարության առաջնային օրակարգում՝ «առաջին հերթին ադրբեջանական կողմի հետ շփումներում՝ ակնկալելով դրական հանգուցալուծում, այդ թվում նաև՝ որպես կողմերի միջև վստահության ամրապնդմանն ուղղված կարևոր քայլ»։

«Թեման և հնարավոր լուծումները պարբերաբար քննարկվում են նաև միջազգային գործընկերների հետ շփումների ընթացքում թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ Կարմիր Խաչի կոմիտեի ներկայացուցիչների հետ քննարկումներում»,-ասված է ԱԳՆ պատասխանում։  

Կարդացեք նաև

Back to top button