
«Կապույտ անկյունն է ընկնում՝ հենց նարնջագույնի կողքին։ Բարձր տեղեր են։ Ունեմ 12-րդ շարք, 13, 14, 15, 16․ նայած՝ ո՞րն եք ուզում»։
Այս զրույցը սեպտեմբերի 6-ին տեղի ունենալիք Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպման տոմս գնելու ակնկալիքով մի ամբողջ օր չգործող կայքում անցկացրած, նյարդ, ժամանակ ու զուր հույս սպառած երկրպագուն ունեցել է այդ տոմսերը ձեռք բերել կարողացած ու այժմ դրանք վերավաճառող մարդու հետ։ «Ռադիոլուր»-ին այս ձայնագրությունը փոխանցած քաղաքացին հայտնում է՝ հայտարարությունների ամենամեծ կայքերից մեկում՝ List.am-ում, տեսել է տոմսերի վաճառքի մասին գրառումը։ Արժեքը՝ 50․000 դրամ։ Հեռախոսազանգի ժամանակ նկատել է, որ րոպեների ընթացքում հայտարարությունը խմբագրվել է․ տոմսերն արդեն 50․000-ի փոխարեն 70․000 դրամ արժեն։
«Չէ․․․ 50․000 է։ Էդ ուղղակի․․․ բան է փոխված, 50․000-ով կլինի»։
Օգոստոսի 14-ին՝ առավոտյան ժամը 10։00–ին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարեց՝ մեկնարկում է Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը։ Դրանք ֆիզիկապես ձեռք բերել հնարավոր չէր։ Միակ աղբյուրը Ֆեդերացիայի նշած Tickets.ffa.am կայքն էր, որը, սակայն, չդիմանալով մարդկանց հոսքին՝ րոպեների ընթացքում խափանվեց։ Այս խաղը երկրպագուների համար հատկապես նշանավորվում է աշխարհահռչակ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի հնարավոր մասնակցությամբ։
Մինչև երկրպագուները թարմացնում էին խափանված կայքը՝ տոմս գնելու իրենց հնարավորությունը բաց չթողնելու ակնկալիքով, ֆեդերացիան տարածեց հայտարարություն․ ժամը 14:00-ից գործելու է հերթագրման համակարգ։ Ֆեյսբուքյան անթիվ գրառումներով՝ երկրպագուները ժամեր շարունակ դժգոհում էին՝ կայքը շարունակում է չգործել․


Երկրպագուների դժգոհությունը հատկապես սրվեց, երբ ամբողջ օրվա ընթացքում գրեթե չգործած կայքը հերթական թարմացումից հետո տեղեկացրեց՝ հանդիպման բոլոր տոմսերը սպառված են։

Ֆեդերացիայի՝ տոմսերի սպառման մասին հայտարարությունից հետո արդեն համացանցում հայտնվեցին երկար սպասված տոմսերի վաճառքի մասին հայտարարություններ, այս անգամ՝ վերավաճառողների կողմից։ «Կարմիր արծիվներ» ֆուտբոլային երկրպագուների ակումբի նախագահ Անդրանիկ Դալդումյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցի ժամանակ ասում է՝ տեխնիկական խնդիրների հավանականությունը մեծ էր ու կանխատեսելի․ մարդկանց նման հոսքի մասին իմանալով՝ վաճառքի մեկնարկից առաջ ավելի լուրջ աշխատանք պետք է տարվեր։
«Տեղի ունեցածը սպասելի էր, որովհետև առաջին անգամ չէր տեղի ունենում: Նմանատիպ դեպքեր ունեցել ենք Խորվաթիայի խաղին, դրանից հետո՝ արդեն Վրաստանի խաղին․ պարզ էր, որ սա էլ երրորդն է լինելու, որովհետև պարզ էր, որ մի քանի անգամ ավելի բուռն է լինելու, ավելի վատ վիճակ է լինելու։ Պետք է հարցին լուծում տրվեր՝ ունենալով իմ նշած երկու դեպքերը․ էդ լուծումը նախքան տոմսերի վաճառքի հանելը չէր տրվել»։


Ինչո՞ւ․ ուզում էինք ճշտել Ֆուտբոլի ֆեդերացիայից, որի ներկայացուցիչների հետ, սակայն, արդեն երկու օր է՝ կապ հաստատել չի հաջողվում։ Անդրանիկ Դալդումյանի խոսքով՝ տոմս ձեռք բերել կարողացել են միայն ամենահամբերատարներն ու ամենաբախտավորները, ընդ որում՝ արդյունքի հասնելու համար մարդը պետք է ունենար այս երկու հատկանիշները միաժամանակ։
«Ես ընկերներ ունեմ, որոնք կարողացել են տոմս գնել, բայց շատ երկար դեգերումներից ու ջանքեր գործադրելուց հետո, նույն գործողությունը 50, 60, 100 անգամ արել են, նոր կարողացել են գնել»։
Հիմա տոմս գնելը հեշտ է, բայց թանկ։ Համացանցում արդեն տարածվում են վերավաճառողների հետ հաղորդակցվելու ուղեցույցներ, փորձառուները պատմում են՝ ինչպես ֆուտբոլասերը վստահ լինի, որ մի քանի անգամ ավելի բարձր արժեքով ձեռք բերված տոմսն ի վերջո կհասնի իրեն, որ նույն տոմսը մի քանի մարդու չի վաճառվի։ Վերավաճառողի հետ զրույցից պարզ է դառնում՝ գործարքն արվում է զուտ բանավոր համաձայնության ու վստահության հիմքով, ընդ որում՝ վերավաճառողները ևս կայացնում են գնորդին վստահել-չվստահելու որոշումը։
«Դուք երեք տոմս եք ուզում, ես ձեզ տալու եմ երկու օֆիցիալ էջ։ Ամեն էջում երկու տոմս է․ ընդհանուր չորս տոմս է լինում։ Ես պիտի վստահ լինեմ նաև, որ դուք էդ մի տոմսին ձեռք չեք տա, ես էլ ձեզ պիտի վստահեմ, որ հանկարծ չօգտվեք էդ տոմսից, որ ես դա վաճառելու եմ մեկ ուրիշի։ Առավոտ՝ ժամը 9-ին, բացվելու են QR-երը։ Ես ձեզ իմ անձնական էջն եմ տրամադրում, որի մեջ լինելու են տոմսերը։ Դուք կմտնեք, դուրս կգաք, ես մյուս օրը էջը հետ կվերցնեմ, գաղտնաբառը կփոխեմ, դրանով ոչ մեկը էլ չի մտնելու։ Այսինքն` միայն ձեզ է տրամադրվելու, ու ոչ մի խնդիր չի առաջանա»։

Այս բանաձևով՝ քաղաքացիները կարող են ձեռք բերել տոմսեր, այս պահին՝ դեռ 70․000 դրամով։ Տոմս շատ կա՝ ասում է վերավաճառողը։ «Կարմիր արծիվներ» ֆան ակումբի նախագահը կանխատեսում է, որ տոմսերի գները դեռ կաճեն։ Բայց դրանք գնողների մեծ մասը որևէ կերպ չի օգնի հավաքականին և չի նպաստի մարզադաշտում հաղթական տրամադրության ձևավորմանը։
«Աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է լինելու Հայաստանում։ Արդեն էդ թեզը շատ մարդկանց շրջանում պտտվում է, ասում են` երեխայիս երազանքն է տեսնել էդ ֆուտբոլիստին։ Այսինքն՝ շատ մարդիկ էդ 50, 60, 100 հազար դրամը չեն խնայելու, տալու են գնելու են, որ իրանց երեխան տեսնի համաշխարհային մեծության աստղի։ Բայց իրական ֆուտբոլասերներ են լինելու, որոնք չեն գնալու մարզադաշտ։ Էդ երեխաներն էլ ի՞նչ են անելու․ Աստված չանի՝ էդ ֆուտբոլիստը հանկարծ հաջողության հասավ դաշտում՝ բարձրանալու են ու գոռալու, վանկարկելու են նրա անունը։ Էդ դեպքն էլ նախկինում եղել է ու սպասելի է, որ նմանատիպ երևույթ կլինի ստադիոնում»։
Այսպես, կայքի խափանման, համբերատարների ու հաջողակների՝ խաղը բիզնես դարձնելու պատճառով, ըստ ֆան ակումբի նախագահի, հնարավոր է՝ տուժի մի քանի բան՝ իրական երկրպագուների նյարդերը, մարզադաշտի տրամադրությունը, հայ մարզիկների ոգին։




