
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կալանքից ազատելու միջնորդությունը դատարանը մերժել է: Խափանման միջոց կալանքը դատավոր Արմինե Մելիքսեթյանն անփոփոխ է թողել՝ կալանքի ժամկետը երկարաձգելով ևս 10 օրով:
Պաշտպանական խումբը միջնորդություն էր ներկայացրել՝ վերացնելու Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը։
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, հունիսի 28–ին բավարարել էր քննիչի միջնորդությունը և երկու ամիս ժամկետով կալանավորել էր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։
Շիրակի թեմի առաջնորդի կալանավորման որոշումը կայացվել էր Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված վարույթի շրջանակում, ըստ որի՝ նա մեղադրվում է զանգվածային լրատվամիջոցներով և տեղեկատվական տեխնոլոգիաներով իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի մեջ։




