ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Գենդերազգայուն ու զոհակենտրոն մոտեցում ընտանեկան բռնության ենթարկվածներին. աջակցման կենտրոնները զարգացնում են մասնագետների հմտությունները

«Աջակցման կենտրոնները հանուն գենդերազգայուն մոտեցման» «ՕքսեՋեն» հիմնադրամի ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի ու Վայոց ձորի մարզերում վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվել համայնքային սոցիալական աշխատողների, խնամակալության և հոգաբարձության մարմինների ու այն կառույցների մասնագետների համար, որոնք առնչվում են ընտանեկան բռնությանը, քննարկվել են այդ ընտանիքների հետ շփման առանձնահատկությունները:   

Բռնության ենթարկված անձանց հետ աշխատելիս իրավասու մարմինները հաճախ ցուցաբերում են կողմնակալ ու ոչ պատշաճ վերաբերմունք: Աշխատանքային էթիկայի խնդիրները ծագում են ոլորտի անպատրաստ մասնագետներից՝ ասում է  Արմավիրի «Աջակցման կենտրոնի» ղեկավար, սոցիալական աշխատող Սուսաննա Մատինյանը:

«Մասնավորապես, համայնքային սոցիալական աշխատողները, խնամակալության և հոգաբարձության մարմինների աշխատակիցները չեն ցուցաբերում զգայուն մոտեցումներ, հաճախ մեղադրում են կնոջը, չեն տարանջատում՝ ո՞վ է բռնարարը, և ո՞վ է զոհը: Նույնացնում են անձանց, չեն ցուցաբերում համապատասխան աջակցություն, ինչը հարկավոր է զոհին, դժվար իրավիճակում հայտնված անձին»:   

Համայնքային սոցիալական աշխատողներն ու համայնքապետին կից գործող Խնամկալության և հոգաբարձության մարմնի աշխատակիցներն իրենց գործառույթների շրջանակում փորձում են լուծել ընտանեկան վեճերը, իսկ անհնարինության դեպքում՝ դիմում  իրավապահ մարմիններին ու ընտանեկան բռնության հարցերով զբաղվող հասարակական կառույցներին: Բաղրամյանի համայնքապետարանի սոցիալական աշխատող Հակոբ Մադոյանի կարծիքով՝ իրականում դեպքերն ավելին են:

«Ամսվա կտրվածքով մեկ կամ երկու դեպք ենք ունենում: Իրականում դեպքերը շատ են, բայց մեծ մասը բացահայտված չեն, հիմնականում կանխարգելման աշխատանքներն ենք իրականացնում»:

Դեպքերի մասին սոցիալական աշխատողը տարբեր աղբյուրներից է տեղեկանում՝ մարզպետի աշխատակազմից, ոստիկանությունից, վարչական կենտրոնների աշխատակիցներից: Սոցաշխատողը կարծում է, որ ընտանեկան բռնության պատճառները հիմնականում սոցիալական խնդիրներն են:

«Առհասարակ կրթությունը, միջավայրը նպաստում են ընտանեկան բռնությունների ավելացմանը: Բռնարարներն ու բռնության ենթարկված անձինք հիմնականում ունեն ցածր ինտելեկտ, դպրոց չեն հաճախել, կրթություն ու աշխատանք չունեցող անձինքն են»:

Երեխաների լավագույն շահից ելնելով բռնության ենթարկված ընտանիքների երեխաներին Խնամակալության ու հոգաբարձության մարմնի որոշմամբ մինչև 6 ամիս ժամկետով տեղափոխում են խնամքի կենտրոններ: Էջմիածնի Մայր Աթոռի  «Քյուրքչյան» աջակցության կենտրոնի շահառուները դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքների տղաներն են: Կառույցի հոգեբան, սոցիալական աշխատող Էդիտա Կարապետյանն ասում է, որ այն երեխաները, որոնք  ընտանիքներում ենթարկվում են հոգաբանական բռնության, հաճախ վարքագծի շեղումներ են ունենում:

«Կենտրոնում տղա երեխաները ստանում են սոցիալ-հոգեբանական աջակցություն, դասապատրաստում, կայունանում է նրան հոգեվիճակը, երեխաների կրթական մակարդակն է բարձրացվում, նաև ապահովում են սննդով ու հագուստով»:

Տղաներն այնտեղ գիշերում են, սակայն հանգստյան օրերն անցկացնում են ծնողների հետ: Հոգեբանը համոզված է, որ երեխաներին չպետք է մեկուսացնել ծնողներից: Ամառային արձակուրդներին էլ են տուն գնում, այդ ընթացքում մասնագետներն աշխատում են նաև ծնողների հետ:

«Մենք կարևորում ու շեշտը դնում ենք, որ երեխաներին չկտրենք կենսաբանական ընտանիքներից: Զուգահեռ աշխատում ենք նաև ծնողների հետ, ծնողավարում ենք իրականացնում, իսկ եթե ծնողները բացակայում են, ապա խնամակալների հետ: Մենք երեխաների համար ստեղծում ենք ապահով միջավայր»:

Խնամակալության ու հոգաբարձության մարմնի աշխատակիցները, սոցիալական աշխատողները երբեմն թերանում են ընտանեկան բռնության դեպքերի վարման ժամանակ՝ այս դիտարկումն էլ անում են   «Աջակցման կենտրոնների» ներկայացուցիչները: Բացթողումները շտկելու նպատակով  Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի ու Վայոց Ձորի մարզերում  «ՕսեՋեն» հիմնադրամը ԵՄ–ի «Աջակցման կենտրոնները հանուն գենդերազգայուն մոտեցման» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում վերապատրաստման դասընթացներ է կազմակերպել բռնության ենթարկված ընտանիքների հետ աշխատող կառույցների ներկայացուցիչների հետ: Ծրագիրը ֆինանսավորել է Եվրամիությունը՝ ասում է  Սուսաննա Մատինյանը:

«Մասնագետների վերապատրաստման առանցքում գենդերազգայուն մոտեցման բարձրացումն է, որի թիրախում երեխաների և կանանց լավագույն շահի ապահովումն է: Երեխայի և կնոջ հետ աշխատելիս  նրանք պետք է ցուցաբերեն զոհակենտրոն ու գենդերազգայուն մոտեցում»:

Հինգ մարզում վերապատրաստվել է շուրջ 100 մասնագետ, այդ թվում նաև՝ ոստիկաններ: Աշխատանքի որակի բարձրացման նպատակով աջակցման կենտրոններն առաջարկությունների փաթեթ են ներկայացնելու ոլորտի քաղաքականությունը մշակողներին:          

Կարդացեք նաև

Back to top button