ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Տարածաշրջանի ապաշրջափակումը կծառայի բոլոր երկրների շահերին. Փաշինյանի հարցազրույցը՝ Fox News-ին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Fox News-ին տված հարցազրույցում  անդրադարձել է Վաշինգտոնում Հայաստանի և  Ադրբեջանի միջև Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ ստորագրված հռչակագրին՝ ընդգծելով դրա կարևորությունը ոչ միայն երկկողմ, այլև տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում։ Համաձայնագրի մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում խոսել է նաև ՏԿԵ նախարարը։ Ըստ Դավիթ Խուդաթյանի՝ ճանապարհների ապաշրջափակումը կյանքի կոչելու համար մոտ ապագայում կստեղծվեն աշխատանքային խմբեր. ՏԿԵ նախարարը շեշտել է, որ հետագա բոլոր որոշումների համար կարմիր գիծ են լինելու տարածքային ամբողջականության, իրավազորության, ինքնիշխանության և փոխադարձելիության սկզբունքները։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Վաշինգտոնում ստորագրված խաղաղության հռչակագիրը բավականին շոշափելի օգուտներ է պարունակում ոչ միայն կողմերի, այլև Իրանի, ու Ռուսաստանի համար։ Այս մասին նա ասել է օգոստոսի 9-ին Fox News-ին տված հարցազրույցում։ Վարչապետը մասնավորապես հայտարարել է.

«Երբ այն կյանքի կոչվի, օրինակ, Իրանը հնարավորություն կունենա Պարսից ծոցից երկաթուղով հասնել մինչև Սև ծով, իսկ Ռուսաստանն ու Իրանը հնարավորություն կունենան ունենալ երկաթուղային կապ միմյանց միջև»։

Փաշինյանի կարծիքով՝ համաձայնագրի իրականացումն աննախադեպ կլինի նաև այն առումով, որ երկաթուղային կապ կստեղծվի Իրանի և Ռուսաստանի միջև։

«Եթե մենք կենտրոնանանք այս համաձայնագրի տնտեսական կողմի վրա, ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը, Միացյալ Նահանգները, այլև Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը կունենան շատ կարևոր և շոշափելի օգուտներ։ Նման երկաթուղային կապը տարածաշրջանի համար աննախադեպ կլինի, քանի որ Հարավային Կովկասից ներկայում չկա երկաթուղային կապ, որը կմիացնի Իրանն ու Ռուսաստանը»։  

Հայաստանի վարչապետը շեշտել է նաև նոր համաձայնագրի նշանակությունը միջազգային կայունության և անվտանգության տեսանկյունից։

«Կարծում եմ՝ սա շատ կարևոր համաձայնագիր է, որը կարող է զգալի օգուտներ բերել բոլոր երկրներին և ամբողջ միջազգային հանրությանը, միջազգային կայունության և անվտանգությանը՝ նույնպես»,- ասել է ՀՀ վարչապետը։

Փաշինյանը հիշեցրել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին՝ հույս հայտնելով, որ այս համաձայնագիրը կդառնա համագործակցության և խաղաղության խաչմերուկ տարածաշրջանում։

«Մենք չենք ցանկանում տարաձայնություններ հրահրել, չենք ցանկանում սադրել լարվածություն և այլն։ Մեր նպատակը կայունություն, խաղաղություն, կայուն զարգացում, տնտեսական և քաղաքական համագործակցություն ապահովելն է»։ + 5

Ինչ ժամկետում, ինչպես, ինչ փուլերով է տեղի ունենալու ապաշրջափակումը․ այս պահին մեխանիզմներին առնչվող շատ հարցեր հստակ պատասխաններ դեռևս չունեն, գործընթացի մանրամասներն առայժմ հայտնի չեն։ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը նշում է  ընդհանուր ձևակերպումը՝  նախաստորագրված համաձայնագրով Հայաստանը ստանում է ապաշրջափակված ճանապարհներ՝ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության պահպանմամբ։  

«Այս փուլի համար այնքան մեկնաբանություն և այնքան տեղեկություն, որքան նպատակահարմար է գտնվել փոխանցել, արդեն փոխանցվել է և ես դրան ավելացնելու ոչինչ չունեմ։ Առաջիկայում կմեկնարկեն աշխատանքային գործընթացներ, և, այն պահից սկսած, երբ որ հավելյալ ինֆորմացիա փոխանցելու անհրաժեշտություն լինի՝ վստահաբար կառավարությունն այդ ինֆորմացիան կփոխանցի»։

Խուդաթյանի կարծիքով՝ խաղաղության պայմանագրի նախաստորագրումը մեզ մեծ քայլով մոտեցնում է խաղաղությանը։ Անդրադառնալով համաձայնագրի շուրջ տարաբնույթ մեկնաբանություններին՝  նախարարը նկատում է․

«Տեքստի հրապարակումից հետո պարցվեց, որ այնտեղ ՀՀ-ի համար ո՛չ մի սարսափելի, ո՛չ մի ողբերգական և ո՛չ մի չարագուշակ բան չկար։ Մենք սովոր ենք, որ հիմա էլ այս փաստաթղթի հետ կապված այդպիսի մեկնաբանություններ կարվեն այնքան ժամանակ, մինչև գա պահը ավելի մանրամասնելու ստորագրված փաստաթղթի իրականացման ճանապարհային քարտեզը»։

Խուդաթյանը շեշտեց նաև, որ ՀՀ-ի համար բացվում են այն ճանապարհները, որոնք անցնելու են Ադրբեջանով, որովհետև ապաշրջափակումը երկկողմանի գործընթաց է։ Պատասխանելով հարցին, թե Հայաստանի վերահսկողությունն ինչ ձևաչափով կլինի այդ ճանապարհի վրա, Խուդաթյանն ասաց, որ դետալային հարցերի վերաբերյալ քննարկումներ կլինեն, երբ ձևավորվեն աշխատանքային խմբերը, իսկ արդյունքների մասին հանրությունը պատշաճ կիրազեկվի։ Նախարարը կարծում է, որ երկար սպասելու անհրաժեշտություն չի լինի։  

Կարդացեք նաև

Back to top button