
Սերբիայի մի շարք քաղաքներում՝ Բելգրադում, Նովի Սադում, Նիշում, Կրագուևացում և այլ վայրերում, տեղի են ունեցել զանգվածային բախումներ ընդդիմադիր ցուցարարների, նախագահ Ալեքսանդր Վուչիչի կողմնակիցների և ոստիկանության միջև, որի հետևանքով տասնյակ մարդիկ երեք կողմերից էլ ստացել են վնասվածքներ։
Բախումների ընթացքում օգտագործվել են հրավառություններ, ճայթռուկներ, քարեր և տարբեր առարկաներ, իսկ ոստիկանությունը միջամտել է հակառակորդ կողմերին բաժանելու համար։
Վուչիչը հայտարարել է, որ միայն Նովի Սադում վիրավորվել է իր 64 կողմնակից և ընդգծել է, որ «ավազակների և խուլիգանների» նկատմամբ լրջագույն միջոցներ կձեռնարկվեն։
Ոստիկանության տվյալներով՝ Վրբասում բախումների ժամանակ վիրավորվել է 16 ոստիկան և 50 ցուցարար։
BBC-ի սերբական ծառայության փոխանցմամբ՝ առնվազն Նովի Սադում բախումները շարունակվել են մինչև ուշ գիշեր, իսկ զոհերի և վիրավորների վերջնական թիվը դեռ ճշգրտվում է։
Ընդդիմադիր շարժումը, որը հիմնականում առաջնորդում են ուսանողական կազմակերպությունները, բողոքի ակցիաներ է անցկացնում արդեն ինը ամիս՝ սկսած Նովի Սադի երկաթուղային կայարանում տեղի ունեցած տանիքի փլուզումից, որի հետևանքով զոհվել էր 16 մարդ։
Ցուցարարները պահանջում են պատասխանատվության ենթարկել մեղավորներին, ուժեղացնել կոռուպցիայի դեմ պայքարը և անցկացնել արտահերթ ընտրություններ։ Չնայած արդեն հասել են վարչապետի հրաժարականին, սակայն նախագահ Վուչիչը հրաժարական տալու մտադրություն չունի։




