
Չորեքշաբթի՝ օգոստոսի 13-ին, եվրոպացի առաջնորդների հետ տեսակոնֆերանսի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հստակեցրել է, որ Ուկրաինայի տարածքային հարցերը կարող են քննարկվել միայն Ուկրաինայի իշխանությունների, մասնավորապես՝ նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ, հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Նա նաև նշել է, որ, դատելով տեսակոնֆերանսում Թրամփի արած հայտարարություններից, օգոստոսի 15-ին Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսվող հանդիպման ժամանակ ամերիկացի առաջնորդը մտադիր է հասնել հրադադարի։
Բացի այդ, Մակրոնն ընդգծել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի քննարկումը շարունակում է մնալ օրակարգում։
Նա նաև առաջարկել է կազմակերպել «եռակողմ հանդիպում» Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու մասնակցությամբ՝ Եվրոպայում բոլոր կողմերի համար ընդունելի չեզոք երկրում։ Մակրոնի ձևակերպումից ենթադրվում է, որ հանդիպման երրորդ մասնակիցը պետք է լինի նաև Վլադիմիր Պուտինը, որի նկատմամբ գործում է Միջազգային քրեական դատարանի ձերբակալման օրդերը։
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան, որը եւս մասնակցել է տեսակոնֆերանսին, Ֆրանսիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում լրագրողներին պատմել է Դոնալդ Թրամփի և ԵՄ առաջնորդների միջև համաձայնեցված երեք նպատակների մասին.
- Հասնել հրադադարի,
- Հաստատել Ուկրաինայի պարտադիր մասնակցությունը բոլոր որոշումների կայացմանը «Ոչինչ Ուկրաինայի մասին առանց Ուկրաինայի» սկզբունքով,
- ԱՄՆ-ի և Եվրոպայի համատեղ պատրաստակամությունը ապահովելու անվտանգության պայմաններ՝ արդար և երկարատև խաղաղության հասնելուց հետո։
Կոշտան հույս է հայտնել, որ օգոստոսի 15-ին Թրամփը և Պուտինը կկարողանան համաձայնության գալ հրադադարի վերաբերյալ՝ դրանով իսկ ճանապարհ բացելով դեպի արդար և երկարատև խաղաղություն Ուկրաինայում։
«Մենք միավորված ենք Ուկրաինայի դեմ այս սարսափելի պատերազմը դադարեցնելու և արդար և երկարատև խաղաղության հասնելու մեր ցանկության մեջ»,- տեսակոնֆերանսից հետո X սոցիալական ցանցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ շնորհակալություն հայտնելով ԱՄՆ նախագահին դաշնակիցների հետ իր առաջնորդության և համագործակցության համար։
«Հիմա գնդակը Պուտինի դաշտում է»,- եզրափակել է գլխավոր քարտուղարը։




