
Հայաստանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ Ներքին գործերի նախարարների խորհրդի նիստին։ Ինչպես նշվում է ԱՊՀ Գործադիր կոմիտեի կայքում, միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչներ, սակայն Ադրբեջանից մասնակցողներ չեն գրանցվել։ Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ Բաքուն հրաժարվել է մասնակցությունից, սակայն Ադրբեջանի ՆԳ նախարարի բացակայության պատճառը չի նշվել։
Նիստի ընթացքում քննարկվել են հանցագործության դեմ համատեղ պայքարի, իրավապահ մարմինների փոխգործակցության, անօրինական միգրացիայի խնդիրների և դրանց լուծման ուղիների, ինչպես նաև տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման հարցեր։
Մոսկվայի և Բաքվի հարաբերությունները լարվել են հունիսի 27-ին ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում Ադրբեջանի քաղաքացիների մասսայական ձերբակալությունների ֆոնին։




