
Հուլիսի վերջին Ուկրաինայում գտնվող ուսումնական ճամբարում ռուսական հարվածից զոհվել է առնվազն 12 օտարերկրացի կամավոր՝ գրում է New York Times-ը։ Ալյասկայում օգոստոսի 15-ին նախատեսված Թրամփ-Պուտին հանդիպմանն ընդառաջ միջազգային մամուլը հիշեցնում է ռուս-ուկրաինական փոխադարձ հարվածների, հրթիռակոծությունների մասին։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հաստատում է, որ նախագահները կկենտրոնանան ուկրաինական ճգնաժամի երկարաժամկետ խաղաղ կարգավորման տարբերակների վրա։
Օգոստոսի 15-ին Ալյասկայի Անքորիջ քաղաքի օդային տարածքը կփակվի մոտ 48 կմ շառավղով՝ «VIP անձի տեղափոխման» պատճառով՝ տեղեկացնում է ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը։
Երկինքը փակվում է, որպեսզի ԱՄՆ և ՌԴ առաջնորդները ժամանեն Անքորիջ։
Ալյասկայում տեղի ունենալիք Թրամփ-Պուտին հանդիպմանն ընդառաջ ԱՄՆ նախագահը հայտարարում է, որ և՛ Մոսկվան, և՛ Կիևը ստիպված կլինեն զիջումներ անելու։ Դոնալդ Թրամփը համոզված է, որ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման առաջին երկու րոպեի ընթացքում կհասկանա՝ հնարավոր է արդյոք առաջընթացը։ Ամեն դեպքում Թրամփը կառուցողական զրույց է ակնկալում։
Ի տարբերություն ամերիկյան կողմի՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցից հետո X-ում գրում է, որ երկարատև խաղաղության համար անհրաժեշտ է առանց նախապայմանների հրադադար, իսկ դա էլ բանակցությունների նախապայման է։
Մոսկվան հույս ունի, որ Պուտին-Թրամփ հանդիպումը կխթանի երկկողմ հարաբերությունների կարգավորումը, կվերականգնի ավիահաղորդակցությունը՝ նշում է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
Իսկ Ուկրաինայի նախագահ Զելենսկիից Թրամփը դժգոհ է Ռուսաստանին տարածքային զիջումները բացառելու համար։
Օգոստոսի 15-ից երեք օր առաջ Ուկրաինայի նախագահ Զելենսկին պնդում է, որ Մոսկվան ռազմական գործողությունները դադարեցնելու մտադրություն չունի և չի պատրաստվում խաղաղության, ավելին՝ զորքեր է տեղակայում նոր հարձակումների համար։
«Այսօր նաև հետախուզությունը և ռազմական հրամանատարությունը զեկույց են ներկայացրել այն մասին, թե ինչի վրա է հույսը դնում Պուտինը և իրականում ինչի է պատրաստվում։ Նա անկասկած մտադրություն չունի հրադադարի կամ պատերազմի ավարտի: Պուտինը վճռականորեն տրամադրված է Ամերիկայի հետ հանդիպումը ներկայացնելու միայն որպես իր անձնական հաղթանակ և շարունակելու գործել ճիշտ այնպես, ինչպես նախկինում՝ կիրառելով նույն ճնշումը Ուկրաինայի վրա, ինչ նախկինում էր։ Մինչև այժմ չկա հետպատերազմյան իրավիճակին պատրաստվելու որևէ հրահանգ, ազդանշան։ Ընդհակառակը՝ նրանք իրենց զորքերն ու ուժերը տեղափոխում են և տեղակայում հարձակողական նոր գործողություններ սկսելու համար։ Մենք շարունակում ենք մեր գործընկերներին տեղեկացնել մարտադաշտում, դիվանագիտության մեջ և Ռուսաստանի հետագա գործողությունների պլանավորման իրական իրավիճակի մասին»։
ԱՄՆ և ՌԴ առաջնորդները կհանդիպեն օգոստոսի 15-ին Ալյասկայում։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ բանակցությունների հիմնական թեման կլինի ուկրաինական հակամարտության երկարաժամկետ կարգավորումը։
Քաղաքագետ Արա Պողոսյանն առանձնահատուկ ուշադրության է արժանացնում հանդիպման վայրի ընտրությունը և այդ մասին Թրամփի հայտարարությունը․ «Ես գնում եմ՝ հանդիպելու Պուտինի հետ։ Ուրբաթ օրը կմեկնեմ Ռուսաստան»,- հայտարարում է Թրամփը։ Քաղաքագետն ուշադրություն է դարձնում Թրամփի լեզվական սայթաքումին․
«Իսկ հետաքրքիրն այն է, որ հանդիպման վայրը ոչ թե Ռուսաստանն է, այլ ԱՄՆ Ալյասկա նահանգը։ Ի դեպ, ինձ շատ հետաքրքրեց վայրի ընտրությունը։ Մոտ 158 տարի առաջ` 1867 թվականի մարտի 30-ին ԱՄՆ-ն Ռուսական կայսրությանը պատկանող Ալյասկան գնեց ընդամենը 7 միլիոն 200 հազար դոլարով։ Միայն 1959 թվականից Ալյասկան դարձավ ԱՄՆ-ի 49-րդ նահանգը, որն իր տարածքով ամենամեծ նահանգն է։
Ռուս-ամերիկյան հարաբերությունների վերջին լարվածության ֆոնին Ռուսաստանում սկսեցին խոսել Ալյասկան վերադարձնելու անհրաժեշտության մասին։
Իսկ Թրամփի սայթաքումն իսկապես հետաքրքիր է»։
Միջազգային մամուլը գրում է, որ Ալյասկայում Թրամփը մտադիր է տարածքների փոխանակում կազմակերպել և Ուկրաինային վերադարձնել կարևոր տարածքների մի մասը, որոնք գրավել է Ռուսաստանը։ Թե ինչ տարածքների մասին է խոսքը, դեռ պարզ չէ։
Daily Telegraph-ն իր աղբյուրներին հղումով գրում է, որ հնարավոր է՝ Ուկրաինան համաձայնի ռազմական գործողությունների դադարեցմանը և ՌԴ-ին հանձնի որոշ տարածքներ։
Ըստ պարբերականի՝ Ուկրաինայի նախագահ Զելենսկին եվրոպացի առաջնորդներին խնդրել է, որ նրանք մերժեն ԱՄՆ նախագահի յուրաքանչյուր առաջարկ, ըստ որի՝ Ուկրաինան ավելի շատ տարածքներ կզիջի, իսկ Ռուսաստանը կպահպանի իր բռնագրաված տարածքների մեծ մասը։ Նշվում է, որ դա կնշանակեր ռազմաճակատի գծի սառեցում և Ռուսաստանի փաստացի վերահսկողություն Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի նահանգների և Ղրիմի նկատմամբ։
Daily Telegraph-ին իր աղբյուրները հայտնել են, որ հնարավոր է՝ ուկրաինական խնդրի կարգավորման ծրագիրը վերաբերի միայն զինվորականների զբաղեցրած ներկայիս դիրքերին։
Ալյասկայում օգոստոսի 15-ին նախատեսված հանդիպմանն ընդառաջ ԵՄ ղեկավարները հայտարարություն են տարածել։ Նրանք ողջունել են Դոնալդ Թրամփի ջանքերը ուկրաինական պատերազմին վերջ դնելու և Ուկրաինայում արդար ու տևական խաղաղություն և անվտանգություն հաստատելու ուղղությամբ։
«Արդար և երկարատև խաղաղությունը, որը կայունություն և անվտանգություն է բերում, պետք է հարգի միջազգային իրավունքը՝ ներառյալ անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության սկզբունքները, իսկ միջազգային սահմանները չպետք է փոխվեն ուժով»,— նշված է ԵՄ ղեկավարների հայտարարության մեջ։
ԵՄ-ն ընդգծում է, որ Ուկրաինայի ուղին դեպի խաղաղություն չի կարող որոշվել առանց Ուկրաինայի։ ԵՄ-ն ԱՄՆ-ի և մյուս գործընկերների հետ կշարունակի աջակցել Կիևին, ինչպես նաև կպահպանի Մոսկվայի դեմ պատժամիջոցները։
ԵՄ երկրների ղեկավարները, բացառությամբ Հունգարիայի, որը հրաժարվել է հայտարարությանը միանալուց, ԱՄՆ նախագահին կոչ են արել Ուկրաինայի հարցով բանակցություններ վարելու միայն զինադադարի կամ մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազեցնելու պայմաններում։
Ալյասկայում նախատեսված Թրամփ-Պուտին հանդիպմանը Զելենսկին չի մասնակցի, սակայն Թրամփն ասում է, որ հաջորդը կլինի Զելենսկիի և Պուտինի կամ Զելենսկիի, Պուտինի և իր հանդիպումը։




