ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Խաղաղության համաձայնագրի տողատակում․ ինչ խնդիր կլուծի ու կստեղծի 17-կետանոց փաստաթուղթը

Նախորդ շաբաթ Վաշինգտոնում Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի ղեկավարների ներկայությամբ արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի նախաստորագրած Խաղաղության համաձայնագրի 17-կետանոց տեքստը Երևանն ու Բաքուն հրապարակեցին միաժամանակ։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում փաստաթուղթը հրապարակելով գրեց, որ «այն հուսալի և տևական խաղաղություն հաստատելու ամուր հիմք է, Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության արդյունք, որն արտահայտում է երկու երկրների հավասարակշռված շահերը»։ Հաստատական այս նախադասությունը, փորձագետների կարծիքով, հարցական նշանի կարիք ունի։

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցի ժամանակ նկատում է․

«Իմ գնահատմամբ՝ Խաղաղության պայմանագիր կոչվող այդ տեքստը գործնական առումով քիչ կապ ունի իրական խաղաղության հետ, որովհետև իրական խաղաղությունը՝ որպես ամուր հիմք, պետք է ունենա ուժերի չափելի հավասարակշռություն։ Խաղաղության պայմանագիրը, հակառակը, իմ գնահատմամբ, արտացոլել է ուժերի անհավասարակշռությունը, և խնդիրը ավելի շատ, թերևս հայկական կողմից, այն է՝ գտնել այդ պայմանագրի տեքստում ոչ այնքան հավասարակշռված բովանդակություն, որքան հանրությանը ավելի դյուրին մատուցելի ձևակերպումներ»։

Ասվածը հիմնավորելու համար քաղաքագետը վերլուծում է համաձայնագրի առանձին հոդվածները։ 7-րդ կետը, որի շուրջ կողմերը երկար ժամանակ համաձայնության չէին հանգում, հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով որևէ երրորդ ուժեր չտեղակայելու պատրաստակամության մասին է։ Բադալյանը հիշեցնում է, որ Հայաստանը, Ադրբեջանից բացի, ոչ մի հարևանի հետ նման պայմանավորվածություն չունի, և սա Հայաստանի ինքնիշխան իրավունքն է։

«Հիմա կարող ենք ասել, որ սա փոխադարձ դրույթ է, բայց  մենք պետք է չափենք իրավիճակը նաև գետնի վրա․ յուրաքանչյուր պայմանագիր արդյունավետ է այնքանով, որքանով այն համապատասխանում է գետնի վրա եղած ուժերի հարաբերակցությանը։ Եվ հիմա այս պահանջը, որ Ադրբեջանը բերել է օրակարգ,  ակնհայտորեն նշանակում է, որ Հայաստանը սահմանափակում է իր ինքնիշխան տարածքում 3-րդ կողմերի հետ հարաբերության իրավասությունը։ Սա ակնհայտ է, և վիճարկել այս հանգամանքը, ես կարծում եմ, պարզապես նույնիսկ անիմաստ է»։

Խաղաղության համաձայնագրի տեքստն ադրբեջանական կողմի հետ համաձայնեցնելուց հետո վարչապետ Փաշինյանը հայտարարել էր՝ երկար բանակցություններից և Անվտանգության խորհրդի նիստերում քննարկումներից հետո որոշել են կոմպրոմիսային համաձայնության հասնել։

«Մենք, ըստ էության, նախօրոք արտահայտված մեր դիրքորոշումը չենք փոխել, որովհետև մենք փոխել ենք մեր ընկալումը՝ տեքստի վերլուծությամբ»։

Վարչապետի խոսքով՝ կողմերը պայմանավորվել են խաղաղության համաձայնագրի ստորագրումից և դրա՝ ուժի մեջ մտնելուց հետո բացառել սահմանին որևէ երրորդ ուժի տեղակայումը։ Սահմանների թեման համաձայնագրում այդքանով չի սպառվում։ Նույն հոդվածով նշվում է, որ «կողմերը մինչև փոխադարձ սահմանի սահմանազատումը և դրան հաջորդող սահմանագծումը կիրականացնեն անվտանգության և վստահության ամրապնդման փոխհամաձայնեցված միջոցներ, այդ թվում՝ ռազմական ոլորտում՝ սահմանամերձ շրջաններում անվտանգությունն ու կայունությունն ապահովելու նպատակով»: Քաղաքագետ Հակոբ Բադալյանի դիտարկմամբ՝ այս ձևակերպումը մտահոգիչ է մի քանի տեսանկյունից․

«Առնվազն առաջանում են հարցեր, թե, օրինակ, ինչպե՞ս պետք է որոշվեն այդ միջոցները կամ միջոցառումները և ինչպե՞ս պետք է չափվի դրանց իրականացումը, նախ՝ որոշումը, հետո իրականացումը։ Եվ սրանից բացի, եթե խոսենք սահմանազատման մասին, ապա մենք գիտենք, որ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների հանձնաժողով կա, որը ընդունել է կանոնակարգ։ Եվ այստեղ, երբ, օրինակ, պայմանագրում արձանագրվում է սահմանազատման և սահմանագծման հանգամանքը, պետք է նկատի ունենալ այս նրբերանգը։ Այդ կանոնակարգը՝ աշխատանքային հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգը, Հայաստանում արժանացել է ներպետական լիարժեք վավերացման գործընթացի։ Այդպիսի վավերացման գործընթացի արժանանում են այն պայմանագրերը, որոնք ենթադրում են պետության միջազգային պարտավորություն։ Դրա համար են այդպիսի պայմանագրերը անցնում ներպետական լիարժեք վավերացման գործընթաց՝ Սահմանադրական դատարանի եզրակացություն, Ազգային ժողովի վավերացում։ Հայաստանը սահմանազատման կանոնակարգը ենթարկել է լիարժեք ներպետական վավերացման։ Սա ինքնին արտառոց է։ Ադրբեջանը այդ ներպետական վավերացումը չի իրականացրել։ Այսինքն՝  ենթադրվում է, որ Ադրբեջանը սահմանազատման կանոնակարգով չի  վերցնում իր վրա որևէ միջազգային պարտավորություն, իսկ Հայաստանը վավերացրել է, ուրեմն, Հայաստանը վերցնում է, ստանձնում է միջազգային պարտավորություն»։

Վարչապետը վաշինգտոնյան բանակցություններից հետո անդրադարձել էր սահմանազատման ու սահմանագծման թեմային և ընդգծել․

«Պետք է սահմանազատման պրոցեսը շարունակվի։ Եվ այնտեղ, որտեղ մենք ունենք մեզ չպատկանող տարածքներ, որոնք գտնվում են մեր վերահսկողության ներքո, մենք պետք է վերադարձնենք Ադրբեջանին, էնտեղ, որտեղ Ադրբեջանը ունի տարածքներ, որոնք չպատկանելով իրեն գտնվում են իր վերահսկողության ներքո, իրենք պետք է վերադարձնեն մեզ»։

Խաղաղության համաձայնագրի շուրջ թեժ քննարկումների կիզակետում է նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի և անհետ կորածների հարցը։ Համաձայնագրում առաջինի մասին վերաբերող որևէ դրույթ չկա, փոխարենը 9-րդ հոդվածի համաձայն՝ «Կողմերը ճանաչում են անհետ կորած անձանց ճակատագրերի բացահայտման, այդ թվում՝ մասունքների որոնման և վերադարձման, պատշաճ քննության միջոցով այդ անձանց առնչությամբ արդարության ապահովման կարևորությունը` որպես հաշտեցման և վստահության ամրապնդման միջոց»։

«Կոնկրետ գերիներին անդրադարձ չլինելուց զատ, ընդհանրապես, մարդասիրական հարցերին որևէ անդրադարձ չկա, և փոխարենը, հակառակը, կա անդրադարձ Արցախյան առաջին պատերազմում և դրանից հետո որոշակի ժամանակահատվածներում տեղի ունեցած իրադարձությունների ինչ-որ մեղավորներ բացահայտելու, արդարադատություն իրականացնելուն, սա համաձայնագրի 9-րդ կետն է, և էստեղ սահմանվում է նույնիսկ պարտավորություններ։ Ի՞նչ է սա նշանակում։ Մենք գիտենք, թե Ադրբեջանը ինչ պահանջներ է այս ընթացքում առաջ քաշել՝ կապված Արցախյան առաջին պատերազմի այսպես կոչված հանցագործությունների հետ։ Այսինքն՝ էստեղ ամրագրվում է ինչ-որ պարտավորություն այդ թեմաների առնչությամբ արդարադատություն իրականացնելու։ Դարձյալ թվում է, թե սա փոխադարձ պարտավորություն է, բայց էլի, երբ նայում ենք իրադարձությունների զարգացմանը, հատկապես վերջին հնգամյակի տրամաբանությունը, տեսնում ենք և պատկերացնում ենք, թե գետնի վրա ինչպիսին է իրավիճակը»։

Նույն հոդվածի համաձայն՝ «անհետ կորածներին առնչվող բոլոր խնդիրների կարգավորումները կբանակցվեն և մանրամասնորեն կհամաձայնեցվեն առանձին համաձայնագրով»։ Այսինքն, Բադալյանի խոսքով, քանի դեռ չի լինի այդպիսի առանձին համաձայնագիր, կհամարվի, որ խաղաղության պայմանագիրը չի կատարվում կամ կատարվում է թերի: Քաղաքագետի խոսքով՝ նման սցենարները կանխելու համար կողմերը և հատկապես հայկական կողմը պետք է բանակցեին Ադրբեջանի հետ միջազգային որևէ միջնորդությամբ։

«Եթե երկու տարբեր ուժային ռեսուրսներ ունեցող սուբյեկտներ մնում են միմյանց դեմ, ապա այստեղ շատ պարզ տրամաբանություն է, որ ուժեղ կողմը թելադրելու է իր պայմանները։ Սրա համար էր կարևոր, որ հայ-ադրբեջանական գործընթացը լիներ միջնորդական պատասխանատվության ներքո, մինչդեռ մենք տեսնում ենք, որ միջնորդները շատ հանգիստ,  իրար հետևից հերթով հրաժարվեցին որևէ ֆորմալ պատասխանատվությունից, հայտարարեցին, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց հետ ավելի լավ են խոսում, Երևանն էլ ընդունեց այդ խաղի կանոնները»։

Վաշինգտոնյան բանակցություններից հետո Ադրբեջանը մի քանի անգամ հիշեցրել է խաղաղության պայմանագրի ստորագրման արդեն միակ նախապայմանը։ Բաքուն ակնկալում է, որ Հայաստանի սահմանադրության մեջ փոփոխություններ կկատարվեն, իր գնահատմամբ, Ադրբեջանի նկատմամբ դեռևս գոյություն ունեցող տարածքային պահանջները վերացնելու նպատակով։

Հայաստանում սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին իշխանությունը խոսում է նախորդ տարվանից։ Վարչապետի ձևակերպմամբ՝ նոր սահմանադրությունը ոչ թե Ադրբեջանի պահանջն է, այլ Հայաստանի ներքին անհրաժեշտությունը։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ղեկավարությամբ սահմանադրական փոփոխությունների խորհուրդն արդեն սկսել է աշխատանքները։ Կա ենթադրություն, որ սահմանադրական հանրաքվեն ու 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները միաժամանակ կանցկացվեն։ Կհանվի Սահմանադրությունից Անկախության հռչակագրին հղումը, թե ոչ՝ դեռ հայտնի չէ։

Կարդացեք նաև

Back to top button