
Վրաստանում ևս քննարկում են TRIPP-ը՝ Հայաստանի հարավով անցնելիք ճանապարհը, որի շուրջ պայմանավորվածություններն օրերս ամրագրվել են Վաշինգտոնում։ Պաշտոնական Թբիլիսին ողջունում է համաձայնությունը՝ նշելով, որ հարավկովկասյան ժողովուրդների համար սպասելիքները մեծ են։ Հարևան երկրի բարձր քաղաքական մակարդակում գնահատումներ են և շնորհավորանքներ, ներքաղաքական դաշտում՝ նաև բանավեճեր են ու գնահատումներ, թե արևմուտքի հետ հարաբերություններում Վրաստանն ինչպես և ինչու զիջեց իր բանակցային դիրքերը։
Պաշտոնական Թբիլիսին ամենաբարձր մակարդակով ողջունում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը՝ այն համարելով պատմական իրադարձություն տարածաշրջանի և ողջ աշխարհի համար։
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության համաձայնագիրը Հարավային Կովկասում կայունության և զարգացման նոր դարաշրջան է բացում․
«Վրաստանը ողջունում է պատմական խաղաղության համաձայնագրի կնքման և տարածաշրջանում կայունության և տնտեսական զարգացման նոր դարաշրջանի սկզբի կապակցությամբ։ Վրաստանը մշտապես աջակցել է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, և հանձնառու է այն շարունակել»։
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին անդրադառնալով խաղաղության հռչակագրին, ասել է՝ Հարավային Կովկասի համար սպասելիքները մեծ են․
«Թբիլիսին ողջունում է տարածաշրջանում ծանր բեռ դարձած երկարամյա հակամարտության լուծումը, ինչը կապահովի մեր ժողովուրդների բարեկեցիկ խաղաղ կյանք։ Վրաստանը միշտ եղել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման կողմնակիցը։ Ես անձամբ շնորհավորել եմ Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների նախագահներին, նրանք գիտեն, որ մենք միշտ ունեցել ենք խաղաղության հասնելու առաջարկ»։
Վրաստանի գործող իշխանությունը բազմիցս իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել հարևանների միջև խաղաղության հաստատմանը․ պատերազմից հետո Թբիլիսիում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները, Վրաստանն ԱՄՆ-ի և Արևմուտքի աջակցությամբ դերակատարություն է ունեցել 15 հայ ռազմագերիների վերադարձի հարցում։
Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին X-ի իր էջում ևս ողջունել է Վաշինգտոնի միջնորդությամբ կնքված համաձայնագիրը՝ դիտարկում անելով, որ խաղաղության հասնելու գործում Մոսկվան էր խոչընդոտներ ստեղծում։
«Ձեր հաջողությունը Կովկասում խաղաղության և առաջընթացի հաջողությունն է։ Վրացիները գիտեն խաղաղության և անկախության արժեքը և գնահատում են այս մեծ նվաճումը, որին Մոսկվան էր խոչընդոտում տասնամյակներ շարունակ»։
Վրաստանի ներքաղաքական քննարկումներում ևս Թրամփի միջնորդությամբ կնքված համաձայնագիրը լայն քննարկումների թեմա է։ Այս առումով գնահատվում են թե տարածաշրջանային զարգացումները, թե համեմատություն տանում արևմուտքի հետ պաշտոնական Թբիլիսիի քաղաքականության հետ, որն, ըստ որոշ դիտարկումների, ստորադասվեց։
Վրացի փորձագետների մի մասն ընդգծում է՝ ռազմավարական հարց է, որ հայ-ադրբեջանական հակամարտության ավարտը Վաշինգտոնում է նշանավորվում, և ոչ թե Մոսկվայում, ինչն արմատապես փոխում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական դասավորությունը։ Քաղաքագետ Գիա Նոդիան նշում է՝ Մոսկվան կորցրել է տարածաշրջանում իր ունեցած գլխավոր հաղթաթուղթը, Ամերիկան դարձել է հիմնական խաղացող։
Ասում է՝ «Ցավալի է ընդունել, որ մենք Ռուսաստանի վերջին ամրոցն ենք տարածաշրջանում։ Բայց սա Թրամփի մեղքը չէ։ Այս համաձայնագիրը հակասում է Ռուսաստանի և նրա վրացի գործընկերների շահերին»։
Վրացի բազմաթիվ փորձագետներ այս օրերին, սակայն, համեմատելով պաշտոնական Երևանի ու Թբիլիսիի արտաքին քաղաքականությունը, քննադատում են գործող իշխանություններին՝ գնահատում անելով, թե Վրաստանն ԱՄՆ-ի հետ գործակցության հարցում հետընթաց է ապրում։ Անցյալ տարեվերջին դադարեցվել է Վաշինգտոն-Թբիլիսի ռազմավարական գործընկերությունը։
Վրաստանը բարդ իրականության մեջ է հայտնվել՝ ասում է կովկասյան հարցերով փորձագետ Գիա Խուխիշվիլին՝ նշելով, որ Թբիլիսին դուրս է մնացել տարածաշրջանային կարևոր իրադարձությունից․
«Վրաստանը Հարավային Կովկասում Արևմուտքի միակ փարոսն էր՝ կարելի է ասել, հիմա պատկերը փոխվել է, մեր երկու հարևան բարեկամ երկրները շատ արագ տեմպերով գնում են այդ ճանապարհով, իսկ մենք շատ արագ հեռանում ենք՝ մուտք գործելով ռուսական իմպերիա»։
Որտեղ էր Վրաստանը, երբ Վաշինգտոնի միջնորդությամբ Երևանն ու Բաքուն համաձայնություն եկան։ Սա այսօր վրացական ընդդիմադիր դաշտի և լրատվամիջոցների գլխավոր հարցն է։
Վրաստանյան ներքաղաքական դաշտում նաև տնտեսական գնահատումներ են անում՝ ըստ տարբեր սցենարների, թե ինչպես կփոխվի տարածաշրջանային գործակցությունը ապաշրջափակումից հետո։




