ԿարևորՄշակույթՌեպորտաժներ

Վինիլային ժառանգություն․ ջազի նոր շունչը՝ Էլվինա Մակարյանի ձայնով

Ջազը վերադարձավ Էլվինա Մակարյանի անզուգական ձայնով։ Տարիներ առաջ ձայնագրված, բայց երբևէ չթողարկված 6 անգլերեն երգեր, որոնք նոր կյանք են ստանում վինիլային ձայնասկավառակի տեսքով։

Նա ավելի փոքրամարմին ու փխրուն էր, քան երևում էր էկրանից: Եթերային կերպարն ավելի խիստ էր՝ սուր հայացքով ու ակնոցով, ծխախոտը ձեռքին։ Բայց ձայնն անhնար էր շփոթել։ Նա արտիստ էր, որ պայքարում էր կարծրատիպերի դեմ թե՛ կյանքում, թե՛ արվեստում։ Էլվինա Մակարյանը մի առիթով ասել է․ «Ես ինքս ինձ կողքից տեսնելու և լսելու ունակություն ունեմ, ինչը, դժբախտաբար շատ մարդկանց մոտ չկա»։

Երևանի սրտում այս օրերին կրկին հնչում է այդ անմոռանալի ձայնը։ Ջազը վերադարձել էր Էլվինա Մակարյանի անզուգական ձայնով։ Տարիներ առաջ ձայնագրված, բայց չհրապարակված 6 երգ նոր է կյանք ստացել վինիլային ձայնասկավառակի տեսքով։

«Արարողները մահ չունեն»․ այսպես սկսեց Ավետ Բարսեղյանը երեկոն, որը դարձավ ոչ միայն երաժշտական հանդիպում, այլև հուշերի և սիրո տոն։ Օրվա բեմը կիսեցին հայ էստրադայի ճանաչված անուններ՝ Արսեն Սաֆարյան, Շուշան Պետրոսյան, Արման Աղաջանյան, Ալլա Լևոնյան, ԱՐՄԵՆ Քոլոյան, Կարինա Առուստամյան, Անահիտ Շահբազյան, Սրբուկ, Աննա Լառայ, Աննա Վարդազարյան, Անուշ Հարությունյան, Գրիշա Աղաղանյան, Վիգեն Հովսեփյան։ Հին ու նոր երգերը հնչեցին այնպես, ինչպես միայն սրտով կարելի է երգել։

Էլվինա Մակարյանի «Արեգակը» ծագեց սաֆարյանական ոճով ու ձեռագրով։

«Ինչ ես երգում եմ՝ իմ մոտեցումն է։ Իհարկե, չեմ կարող  հեղինակի նման կատարել, ու կարծում եմ, որ դա ճիշտ չէ․․․ նա ֆենոմենալ արտիստ էր։ Նրա թողած ձայնադարանի շնորհիվ հանգիստ կարող ես սերունդներ կրթել ու ճաշակ թելադրել»։

Կարինա Առուստամյանը և Գրիշա Աղախանյանը ներկայացրին իրենց արդեն սիրված դուետը՝ «Առանց սեր չկա գարուն» երգը։ Երգչուհին խոստովանում է, որ սկզբում չէր ցանկանում կատարել Էլվինայի երգը՝ ձայնի նմանության պատճառով, բայց երբ սկսեց, հասկացավ, որ պետք է երգի․

«Նմանատիպ միջոցառումների շնորհիվ  էլվինայի թողած ժառանգությունը շարունակում է ապրել,  որը շատ թանկ է մեզ համար։ Իմ երգացանկում շատ են Էլվինայի երգերից։ Ու մեծագույն պատիվ է երգել Էլվինա։ Ես մաքսիմալ փորձել են լավագույն կերպով այն կատարել»։

Երգչուհի Սրբուկը Էլվինայի երգերը կատարելիս երաժշտական ազատություն է զգում։

Ավետ Բարսեղյանը Էլվինայի հեռանալուց հետո է միայն անդրադարձել նրա երաժշտությանը՝ որպես խոսքերի հեղինակ։

«Արման Աղաջանյանի երաժշտական արխիվում պահված, խոսքեր չունեցող երգեր շատ կան։ Արմանը շատ մեծ թրթիռով ու պահապան հրեշտակի պես պահում ու պարբերաբար վստահում է այն արտիստներին, որոնք էլվինայի երգերը կընկալեին ու կփոխանցեին այնպես ինչպես էլվինան կսիրեր Դա իր կողմից չգրված պայման է։ Դու պարզապես չես կարող երաժշտությանը մոտենալ հասարակ ձևով ու հիթային տափակ մտածելակերպով։  էլվինայի երգերը  ստիպում է քեզ դուրս գալ այդ կաղապարներից»։

Երգերի խոսքերի հեղինակ Ռիտա Սուքիասյանը հիշում է, թե ինչպես տարիներ առաջ Էլվինան և Արման Աղաջանյանը դիմեցին իրեն՝ նոր ստեղծագործությունների համար բառեր գրելու առաջարկով։ Զարմանքը շուտով վերածվեց ոգևորության։

«Լսում էի երգերը ու փորձում էի պատկերացնել՝ ինչ է զգացել այդ երաժշտությունը գրելիս, ինչ ապրումներ է ունեցել ու ինչ է ցանկացել փոխանցել ունկնդրին։ Իսկ Էլվինային հնարավոր չէ  նկարագրել մեկ բառով։ Նա հզոր և բազմաշերտ անհատականություն էր՝ թե՛ որպես մարդ, թե՛ որպես ստեղծագործող»:

Իսկ այս նախագիծը կյանքի կոչվեց երգիչ, ռեժիսոր Արման Աղաջանյանի, Վահան Մարտիրոսյանի և Գրիգոր Վահրամյանի ջանքերով։

Արմանի խոսքերով՝ տարիներ առաջ վեց երգերի ձայնագրումը մնաց անավարտ, մինչև որոշվեց դրանք թողարկել վինիլով․ «CD թողարկելն այսօր արդիական չէ, իսկ վինիլը ոչ միայն որակ է, այլև յուրօրինակ հուշանվեր Էլվինայի երկրպագուների համար»։

Արմանը դժվարանում է ասել՝ էլվինայի հետ շփվելը դժվար էր,թե ոչ։

«Սկզբում նա իմ ուսուցիչն էր, հետո դարձավ քույրը։ Մենք համարյա ամենօրյա շփման մեջ էինք, նա ֆանտաստիկ հումոր ուներ»։

Նա նեղացած չգնաց․ պարզապես ծնվել էր ոչ իր ժամանակին։ Այդ տարիներին մարդիկ պատրաստ չէին ջազային երաժշտություն լսելու։ Այդ երաժշտությունը պրոպագանդելու անհրաժեշտություն կար։

«Նա ոչ մի կերպ չէր հարմարվում իր միակ զավակի կորուստի հետ։ Նրանք շատ կապված էին, օդի ջրի պես իրար կողք էին։ Իսկ երբ զավակը արդեն չկար, շատ էր բարդացել իր կյանքը ու դժվարանում էր կյանքի գույները տեսնել»։

«էլվինայի երաժշտությունը պետք է պրոպագանդել, քանի որ նրա երգերը դեղամիջոց են մեր խեղաթյուրված էստրադայի համար» ։

Վինիլային ձայնասկավառակը, որն այժմ վաճառքում է, այլևս պարզապես ալբոմ չէ։ Դա յուրօրինակ հուշագիր է արվեստագետից։

Նոր թողարկված վինիլը բացեց Էլվինա Մակարյանի երաժշտական ժառանգության մինչև այժմ չհնչած էջերը՝ վերադարձնելով նրա ձայնը բեմ ու լսարան։ Այն դարձավ կամուրջ անցյալի ու ապագայի միջև՝ հիշեցնելով, որ իսկական արվեստը ժամանակ չի ճանաչում։

Կարդացեք նաև

Back to top button