Նախօրեին Սյունիքի սահմանամերձ Տեղ համայնքը նշել է իր տոնը։ Հյուրասիրություն, երգ-երաժշտություն, պարգևատրում, կրթամշակութային ու սպորտային միջոցառումներ։ Օրը տոնական է եղել, իսկ օրվա խորհուրդը խաղաղությունն էր։ Տեղ համայնքի յոթ բնակավայրերն էլ սահմանամերձ են, ու վերջին օրերին բնակիչները կրակոցի ձայներ չեն լսել։
«Ավանդական մեր սեղանին լինում ա փլավ, աղ դրած դանդուռ, խաշլամա, ճագարի խորոված, ժենգյալավ հաց, պիսկաթան, չորաթան․․․»։

Սյունիքի մարզի Տեղ համայնքի հրապարակում տեղակայված տաղավարներից մեկից տիկին Ալիսան է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին, Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցին, համայնք այցելած հյուրերին ներկայացնում ավանդական խոհանոցն ու հյուրասիրում։ Սահմանամերձ Տեղն առաջին անգամ նշում է համայնքի օրը։ Համայնքապետ Դավիթ Ղուլունցն այս տարվա մարտին ավագանուն առաջարկեց ընդունել որոշում նշելու ոչ թե որևէ բնակավայրի, այլ հենց համայնքի օրը։ Դավիթ Ղուլունց․

«Համայնքը, հենց Տեղ գյուղը ստեղծել է Շահանդուխտ թագուհին, բայց կոնկրետ օր նշված չէ։ Մեր մտահղացումն է եղել հենց օգոստոսի 10-ին հիմնել ու նշել համայնքի տոնը։ Համայնքի յոթ գյուղի բնակիչներն այստեղ են, նաև Եվրոպայում, Ռուսաստանում ապրողներն էլ են եկել»։

Տեղ համայնքում այսօր 6․350 մարդ է ապրում։ Մշտական բնակիչների կազմը վերջին երկու տարում համալրվել է 300 արցախցիներով։ Համայնքի բոլոր՝ յոթ բնակավայրերը սահմանամերձ են՝ Արավուս, Խոզնավար, Կոռնիձոր, Քարաշեն, Վաղատուր, Խնածախ,Տեղ։ Արավուսի դպրոցի նախկին տնօրեն Ելենա Հայրապետյանի դիտարկմամբ՝ իրենց գյուղը և՛ սահմանամերձ, և՛ սահմանապահ է։

«Ե՛վ –մերձ ենք, և՛ –պահ ենք։ Ամեն առավոտ իրենց ձայնը մենք լսում ենք, մերն էլ՝ իրենք են լսում։ Բայց մենք անսասան ենք։ Օրվա մանուկից մինչև 90 տարեկանը չենք լքել գյուղը։ Ամեն գիշեր կրակում են։ Թող կրակեն, ինչքան ուզում են։ Մենք չենք վախենում։ Տես, քանի պատերազմ ենք տեսել, բայց գյուղից դուրս չենք եկել, չենք էլ լքելու։ Ծնվել եմ ստեղ, կմեռնեմ ստեղ, ապրում եմ ստեղ՝ Արավուսում։ Միայն Արավուս»։

Համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցն է հավաստիացնում՝ վերջին օրերին կրակոցներ չկան։ Ասում է՝ տեղցին խաղաղության կարոտ է։
«Ուզում եմ կարևորել օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երաշխավորությամբ խաղաղության հռչակագրի նախաստորագրումը։ Դրա գինը, արժեքը սահմանի վրա կանգնած գյուղացին ավելի լավ է զգում։ Իրոք, մենք խաղաղության կարոտ ենք, մենք խաղաղություն ենք ուզում, որ ապրենք ու արարենք։ Տեղցիները նամուս-թասիբով ժողովուրդ են, արարող- ստեղծող են, խաղաղություն լինի՝ Տեղ համայնքը զարգացող համայնք է, հիմա էլ է զարգացած»։

Ժամերգություն Տեղի Սուրբ Գևորգ եկեղեցում, իրենց գործունեությամբ տարբեր ոլորտներում աչքի ընկած տեղցիների պարգևատրում, տոնական համերգ, կրկես, բռնցքամարտի առաջնություն, մինչև ուշ երեկո հարուստ խոհանոցով բազմաթիվ տաղավարներ, տոնական հրավառություն։ Խնածախի բնակիչ Սուրիկ Աբրահամյանն օրվա խորհուրդը կարևորում է ոչ միայն իրենց գյուղի, այլև համայնքի յոթ բնակավայրերի համար։
«Ուրախություն, ուրախություն, երեխաների հրճվանք։ Կուզեի՝ հաճախ կազմակերպեին, որ բոլոր գյուղերի բնակիչները ճանաչեին իրար։ Յոթ գյուղերը միասին ուրախություն են անում»։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն է հյուրերի հետ շրջում տաղավարից տաղավար, շնորհավորում բնակիչներին, համտեսում ուտեստներ, ինչու չէ` վայելում նաև բնակիչների ձեռքով պատրաստված գինին։ Նման միջոցառումներով՝ համայնքի բնակիչներն իրենց միասնությունն են ցույց տալիս, ջերմ վերաբերմունք միմյանց նկատմամբ, իսկ հյուրերին ներկայացնում են սյունեցիների տրամադրությունը՝ ասում է Ռոբերտ Ղուկասյանը։
«Այնքան ժպիտ, որ այսօր այստեղ ենք տեսնում, հազվադեպ երևույթ է։ Սյունիքի մարզի տասնյակ գյուղեր սահմանամերձ են․ այստեղ էլ, ըստ էության, յոթ բնակավայր կա, յոթն էլ`սահմանամերձ` Խոզնավարից սկսած մինչև Արավուս, Կոռնիձոր, բայց այսօրվա միջավայրն ու մթնոլորտը ցույց են տալիս, թե ինչին է ձգտում մեր ազգը՝ խաղաղության, որը միշտ պակասել է մեզ»։


Ըստ ավանդության` Անդրանիկ Օզանյանը երբ պաշտպանում էր Սյունիքը, Տեղ գյուղի Մավր սարն է բարձրանում, նայում Հադրութին ու խոստանում ազատագրել այն։ Հենց սա հաշվի առնելով` համայնքի օրվա տոնակատարությանը Տեղի հավերժության պուրակում բացվեց Անդրանիկ Զորավարի կիսանդրին։ Սա էլ խորհուրդ ունի․որ Տեղ համայնքում զորավարներ ծնվեն։ Խաղաղությունից բացի՝ տեղցիները զորավարների կարիք ունեն։




