ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ծորակում դատարկություն է կամ ժանգագույն հեղուկ․ ջրային խնդիրները պատասխանատուների ու վերահսկողների աչքերով

Չկա ամբողջ օրը, չկա գիշերային ժամերին, կա, բայց խմել չի լինում ժանգահամի պատճառով․ սոցցանցերում «Ջրի հետ կապված խնդիր ունե՞ք» հարցը հարյուրավոր պատասխաններ է ստանում, որոնք հիմնականում տեղավորվում են վերոնշյալ երեք խմբերում։ Ամռան տապին մարդիկ պարբերաբար դժգոհում են՝ ջրանջատումները շատ են ու երկարատև։

«Երեկ չէ առաջին օրն են կտրել․ 24 ժամ չի եղել ջուր»։

«Ռադիոլուր»-ի՝ Ջրվեժի բնակիչ զրուցակիցն ասում է՝ առավոտյան գնում է աշխատանքի, երեկոյան տուն գալիս, բայց խնդիրը զգացնող է։ Չի պատկերացնում՝ ինչպես են օրը կազմակերպում տանը մնացողները․

«Էս շոգ պայմաններին՝ 40 աստիճանից ավելի, երեկոյան չենք կարողանում քնել, գոնե մտնում ես ջրի տակ, մի քիչ զովանում ես, գալիս պառկում ես․․․ սենց ո՞նց պետք է լինի, շատ վատ վիճակ է։ Ես տանը փոքրիկ երեխա չունեմ, 50-անց կին եմ, բայց ինձ համար շատ դժվար է․ բա ես մտածում եմ՝ փոքր երեխա ունեցողները ի՞նչ կլինեն»։

«Վեոլիա ջուր» ընկերության «Երևան» շահագործման տնօրեն Մխիթար Գալստյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցի ժամանակ նշել է՝ ջրանջատումները ջրի սակավության պատճառով են, իսկ ջրի սակավությունը մի շարք պատճառներ ունի․

«Շոգ եղանակով պայմանավորված՝ Երևան քաղաքի Նոր Նորք, Նորք Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում նկատվում են ջրամատակարարման գրաֆիկի խնդիրներ։ Նշված վարչական շրջաններում ջրամատակարարումն իրականացվում է բացառապես մեկ՝ Կաթնաղբյուրի ջրամբարից, և տեխնիկապես այլ ջրաղբյուրներ ներգրավելը հնարավոր չէ։ Ընկերությունը նշված խնդրի կարգավորման համար դեռ 2024-ից սկսել է Կաթնաղբյուրի ջրատարից սնվող թաղամասերի ջրամատակարարման համակարգերի վերակառուցման աշխատանքները»։

Հատկապես ամռանը խմելու ջուրը հաճախ օգտագործվում է ոռոգման համար․ սա էլ «Վեոլիա ջուր» ընկերության Աբովյանի տեղամասի պետ Արման Սաֆարյանի դիտարկումն է։ Այս տեղամասում է գտնվում Կաթնաղբյուրի ջրամբարը․

«Հատկյապես ամռան ամիսներին ջրաքանակը ոռոգման նպատակով է օգտագործվում, այս տարածքից էլ սնուցվում է Երևան քաղաքի մեծ մասը, այսինքն՝ Կաթնաղբյուրի ջրամբարից։ Ապօրինությունները բավական շատ են, մասնավորապես օգտագործում են ոռոգման նպատակներով։ Փորձում ենք, հայտնաբերում ենք, կազմվում են համապատասխան արձանագրություններ և ապամոնտաժվում են։ Հուլիս ամսվա ընթացքում Աբովյանի տեղամասը կազմել է մոտ 55 արձանագրություն, դրանց մեջ են՝ շրջանցող ջրագիծ, ապօրինի միացումներ, ջրաչափի միջամտություններ։ Ընդհանրապես ամսվա կտրվածքով մոտավորապես 30-50 հատ կազմվում է»։

Այս ամենից հետևում է, որ քաղաքացիներին չի հասնում այլ քաղաքացիների գողացած ջուրը։  Ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված միջոցառումների մասին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի վերջին հայտարարությունը հենց այս թեմայով  է․ Արմավիրի մարզում քարի մշակմամբ զբաղվող ընկերությունն արտադրական նպատակով խորքային հորից կատարել է ապօրինի ջրառ առանց ջրօգտագործման թույլտվության։ Խորքային հորի ապօրինի շահագործումը կասեցվել է։ Նշանակվել է վարչական տուգանք՝ 2 միլիոն դրամի չափով։

Խնդրի մեկ այլ աղբյուր էլ հնամաշ, երբեմն արդեն շահագործման ոչ ենթակա ջրամատակարարման համակարգերն են։ Դրանց պատճառով ջրի լուրջ կորուստներ են լինում։ Խնդիրը լուծման փուլում է՝ ասում է Մխիթար Գալստյանը։ 

«Ընթացքի մեջ են Արաբկիր վարչական շրջանի, Սարի թաղի, Նորք–Մարաշ վարչական շրջանի ու Առինջ համայնքների ջրամատակարարման համակարգերի բարելավման աշխատանքները։ Խնայված ջրաքանակը կուղղվի վարչական շրջանների կայուն ջրամատակարարման ապահովմանը»։

Ջրի քանակը հարցի միայն մի կողմն են համարում այն մարդիկ, որոնց տան ծորակից հոսող ջուրը շատ հեռու է զուլալ լինելուց։ Ըստ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանի՝ «Ռադիոլուր»-ին փոխանցած տվյալների՝ ջրի որակին առնչվող բողոքներն ուռճացված են․

«2025 թվականի ընթացքում 72 խմելու ջրամատակարարման համակարգեր վերականգնվել են, դիմում բողոքների հիման վրա տասը վարչական վարույթ է հարուցվել, նախաձեռնությամբ՝ 36 վարչական վարույթ։ Տասը վարչական վարույթից մեկին է տրվել կարգադրագիր, մնացածը կարճվել են խախտումների բացակայության հիմքով․ թեև բնակիչը կարծել է, որ ջուրը կեղտոտ է, լաբորատոր հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ էդ ջուրը համապատասխանում է սանիտարական նորմի պահանջներին»։

Ջրի տարօրինակ համը, հոտը կամ գույնը ջրի որակի մասին պատմող ցուցիչներ չեն՝ ասում է Աննա Հարությունյանը։ Անհրաժեշտ է թողնել, որ ջուրը հոսի 10 րոպե․

— Հակառակ այն հանգամանքին, որ ջուրը կարող է փոխել օրգանոլեպտիկ հատկանիշները, այսինքն՝ հոտ, համ և տեսանելի պղտորություն լինի, բայց դա չի նշանակում, որ ջուրը աղտոտված է։
— Եթե քաղաքացին բացում է ծորակը, և այնտեղից հոսում է տարօրինակ համ, հոտ և գույն ունեցող ջուր, ի՞նչ է դա նշանակում։  
— Մեր քաղաքացիները մտածում են, որ ջուրը աղտոտված է, և եթե իրենք խմեն, անպայման կառաջանա հիվանդություն․ դա այդպես չէ։ Այդ հոտը, պղտորությունը, համի փոփոխությունը առաջանում են, եթե ջրանջատում է եղել, կատարվել են ջրագծերի փոխման աշխատանքներ, այդ ժամանակ կարող է հող գա, կամ ինչ-որ գունավորում լինի։
— Դե, դա արդեն իսկ խնդիր է, չէ՞։ Այսինքն՝ մենք չենք կարող քաղաքացիներին առաջարկել պարզապես խմել այդ ջուրը։
— Իհրակե ոչ, դրա համար ծորակը բացելուց հետո 5-10 րոպե անհրաժեշտ է սպասել, հետո նոր օգտագործել ջուրը։ Իսկ եթե իրենք համոզված չեն, որ ջուրը մաքուր է, անպայման պետք է եռացնեն, նոր օգտագործեն ու պարտադիր կերպով զանգահարեն տեսչական մարմնի թեժ գծին՝ 81 07 հեռախոսահամարով։

Ջրի քանակի և որակի խնդիրները լուծելու համար «Վեոլիա ջուր» ընկերության ու Ջրային կոմիտեի միջև կնքված համաձայնագրում փոփոխություններ են արվել, որոնք ընդլայնում են ներդրումներ կատարելու պարտավորությունները։ Նախատեսվում է 2025-2026 թվականներին շուրջ 11 միլիարդ դրամի կապիտալ ներդրումներ անել ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման նպատակով։

Ներդրումները կլինեն համատեղ ուժերով՝ ապահովելով Երևանի և հարակից համայնքների ներքին ցանցերի մասնակի հիմնանորոգում։ Ակնկալվում է, որ ջրի ընդհանուր կորուստների կրճատմամբ՝ ջրամատակարարման ցանցում կլրացվի ևս 270 լ/վ ջուր։

Կարդացեք նաև

Back to top button