
Օգոստոսի 9-ին, շաբաթ երեկոյան, Թել Ավիվում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ բողոքելու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Գազայի հատվածում Իսրայելի զինված ուժերի ռազմական գործողություններն ընդլայնելու և Գազա քաղաքը վերահսկողության տակ վերցնելու ծրագրի դեմ։
Ցուցարարները կոչ են արել անհապաղ դադարեցնել Իսրայելի պատերազմը ՀԱՄԱՍ-ի դեմ և հասնել զինյալների կողմից դեռևս պահվող իսրայելցի պատանդների ազատ արձակմանը։ Կազմակերպիչների խոսքով՝ միջոցառմանը մասնակցել է 100,000 մարդ։
Նրանք պաստառներ են պահել իսրայելցի պատանդների, նաև Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողության ժամանակ զոհված պաղեստինցի երեխաների նկարներով։
Reuters-ը նշում է, որ հասարակական կարծիքի հարցումների համաձայն, Իսրայելի բնակչության մեծամասնությունը կողմ է պատերազմի անհապաղ դադարեցմանը՝ պատանդներին ազատ արձակելու համար: Իսրայելի կառավարության տվյալներով՝ 50 մարդկանցից, որոնց ազատ արձակումը դեռևս չի իրականացվել, 20-ը դեռևս ողջ են։
Ավելի վաղ՝ օգոստոսի 8-ին, Իսրայելի անվտանգության կաբինետը հաստատել է պաղեստինյան իսլամիստական շարժում ՀԱՄԱՍ-ին «ջախջախելու» և Գազա քաղաքն Իսրայելի բանակի վերահսկողության տակ վերցնելու ծրագիրը: Որոշումը կայացվել է Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների գիշերային հանդիպումից հետո։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ներկայացրել էր ծրագրերի մի մասը՝ ասելով, որ Իսրայելը պլանավորում է վերահսկողություն հաստատել ամբողջ Գազայի հատվածի նկատմամբ: Իսրայելական բանակն արդեն վերահսկում է անկլավի մոտ երեք քառորդը։
Գազա քաղաքն անկլավի այն քիչ տարածքներից մեկն է, որը չի տարհանվել։ AP գործակալությունը նշում է, որ այս գոտում լայնածավալ ցամաքային գործողությունը կարող է հանգեցնել տասնյակ հազարավոր մարդկանց տեղահանման և ավելի բարդացնել սննդի մատակարարումը։
Օգոստոսի 9-ին Գերմանիան, Իտալիան, Միացյալ Թագավորությունը, Ավստրալիան և Նոր Զելանդիան համատեղ հայտարարություն են տարածել, որով դատապարտել են Իսրայելի անվտանգության կաբինետի որոշումը՝ Գազայի հատվածում նոր հարձակում սկսելու վերաբերյալ։




