ԿարևորՄշակույթՌեպորտաժներ

Բյուրականի բաց բեմում «Ցանկապատը» դարձավ սահման

Բյուրականի մերձակա լանջերին մի հետաքրքիր թատերական աշխարհ է ձևավորվել։ Բնության գրկում՝ բաց երկնքի տակ, այնտեղ, որտեղ սահմանը կարող է լինել հողակտորի եզրագիծը, արդեն երրորդ թատերաշրջանն անընդմեջ «ՀանդԱրտ» մշակութային կենտրոնը ցուցադրում է Ստեփան Զորյանի «Ցանկապատ» պատմվածքի հիման վրա բեմադրված ներկայացումը։

Գյուղական միջավայր՝ գառների ու հորթուկների ձայներ, Բյուրականի հրաշք սարեր, ու այդ ամենի կողքը՝ թատրոն բաց երկնքի տակ։ «Ցանկապատը» ներկայացում է, որ բեմադրվել է Ստեփան Զորյանի համանուն պատմվածքի հիման վրա։

Բյուրականի սարերն արձագանքում են Մինասի ու Թևոսի վեճին՝ ամեն մեկը ցանկապատը դեպի իրեն է քաշում։ Առաջին հայացքից կենցաղային պարզ վեճ է երկու հարևանի միջև։ Բայց այն շատ ավելի խորքային խնդիրների մասին է պատմում։ Խնդիրներ, որոնք խաթարում են մարդկային հարաբերությունները, ազդում նրանց ներաշխարհի ու հոգեբանության վրա: Ռեժիսոր Տիգրան Գյուլումյանը, որը նաև ներկայացման գլխավոր դերակատարներից մեկն, ասում է՝ «Ցանկապատը» հայելային արտացոլումն է մեր ներկայի։ «Ցանկապատում» իրադարձությունները տեղի են ունենում 100 տարի առաջ։

«Մենք խաղում ենք կենցաղ, բայց ամբողջ ներկայացման հիմքում մեր փոքր ցանկապատն  է, ու թքած, թե երկրի ցանկապատերն ու սահմաններն ինչ են լինում։ Կարևորը մեր փոքր ցանկապատն է, որ այդ 2 մետր գծով իր տեղում լինի»։

Հարևաններ Մինասի ու Թևոսի վեճը վերջին անգամ տեղի է ունենում պատերազմի ժամանակ՝ այն օրերին, երբ թշնամին գրավել էր Կարսը ու գյուղերն ավիրելով շարժվում էր առաջ։ Եվ հենց այն պահին, երբ արդեն պետք է փախչեն աղետից, հարևաններից մեկը հետ է դառնում, ցանկապատը քաշում իր ուզած տեղն ու նոր հեռանում։ Այդ պահը դառնում է բեմադրության «սահմանային գծի» խորհրդանշումը։

«Ներկայացումը ոչ թե իշխանություններին է մեղադրում, այլ մեզ՝ որպես հասարակություն։ Մենք ենք մեղավոր, որ պետություն չենք կառուցել։ Մեզ համար հայրենիքը տունն է, ոչ թե ամբողջ երկիրը»։

Մինասի դերում Մկրտիչ Արզումանյան է։ Այստեղ նրան տեսնում ենք բոլորովին այլ ամպլուայում։ Դերասանը խոստովանում է, որ այս դերը տարբերվում է իր բոլոր նախկին դերերից իր ասելիքով, իր ուղերձներով։ Անկեղծանում է՝ ներկայացման մեջ մի դրվագ կա, որը խաղալիս միշտ հուզվում է։ Դա այն դրվագն է, երբ այրում են ցանկապատը։

«Ցավոք շատ են նման կերպարները, որ հարևանի ունեցվածքին այլ աչքով են նայում։ Իսկ վերջին պահը շատ ծանր է, երբ ասում եմ՝ տերովին տերն է տարել, անտերին գելն է կերել։ Դա սառը ցնցուղ է, ու ամեն անգամ այդ հատվածը խաղալիս հուզվում եմ»։

«Հողակտորի համար կռիվ տալը արդիական է մինչև այսօր»,-ասում է դերասան Արծրուն Հարությունյանը։ Նա մարմնավորում է գյուղի տանուտերին, որը գյուղացիների կողմից շատ հարգված մարդ է, բայց երբ փոխվում են բարքերը, Հարությունյանի կերպարը նույնպես փոխվում է։ Նա դառնում է պարզապես պաշտոնյա։ Դերասանը խոստովանում է՝ դերը բավականին դժվար տրվեց, քանի որ մի ներկայացման մեջ երկու ծայրահեղ տարբեր հոգեվիճակ ունեցող մարդկանց է խաղում։

 «Հաստատ ամեն ինչ արել ենք, որ ասեն՝ ա՜խ երանի մենք նման ղեկավար ունենայիք, ու  չգիտես ինչու՞ ղեկավար ընտրելու հարցում միշտ սխալվում ենք։ Իսկ երկրորդ հատվածում այդ նույն ղեկավարը փոխվում է ու դառնում այլ մարդ, ու իր դիրքն ունի, բայց ծախվում է»։

Դերասանուհի Աստղիկ Աբաջյանը մի քանի կարևոր կետ է առանձնացնում իր կերպարից։ Նա Մինասի կնոջն է մարմնավորում։

«Ներկայացման ասելիքը հենց միասնական լինելու բացակայության մասին է վկայում։ Ու թվում է, թե համախմբվում են, բայց որ պահին, երբ թուրքը մտել է գյուղ, այսինքն՝ էդ պահին միասին են, հասկանում են, բայց միայն այդ պահին։ Այ երբ, որ իսկապես, մտածենք երկրի մասին, մենք լրիվ այլ Հայաստան կունենանք»։

«ՀանդԱրտ» մշակութային կենտրոնում «Ցանկապատ» ներկայացումը ցուցադրվել է ավելի քան 120 անգամ՝ արդեն երեք թատերաշրջան։ «Ցանկապատը» վաղուց այլևս հողակտորի գծի մասին չէ։ Այն վերածվել է հայ հասարակության վերքը բացող ու միաժամանակ բուժող խորհրդանիշի։ Ու գուցե հենց այստեղ՝ սարերի լռության մեջ մենք էլ մի օր վերջապես հասկանանք՝ հայրենիքը սկսվում է ոչ թե մեր ցանկապատից ներս, այլ դրանից դուրս։

Կարդացեք նաև

Back to top button