ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Հայաստանն ու Ադրբեջանը՝ խաղաղության խաչմերուկում․ ի՞նչ են ասում ղեկավարները

«Կարծում եմ՝ նախագահ Թրամփն արժանի է խաղաղության Նոբելյան մրցանակի, հուսով եմ՝ մեզ կհրավիրեք»,-ասում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Գուցե մենք վարչապետ Փաշինյանի հետ պայմանավորվենք համատեղ դիմում ուղարկել Նոբելյան հանձնաժողովին, որ նախագահ Թրամփին հանձնվի խաղաղության Նոբելյան մրցանակ»,-առաջարկում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Երկու երկրների՝ Թրամփին որպես խաղաղության Նոբելյան մրցանակակիր տեսնող առաջնորդներն այս զրույցն ունեցան օգոստոսի 8-ի լույս 9-ի կեսգիշերին՝ Թրամփի վկայությամբ այսուհետև խաղաղ ապրելու մասին հռչակագիրը ստորագրելուց րոպեներ առաջ։

Վաշինգտոնում կնքված այս հռչակագիրը 7 կետ ունի, սա խաղաղության պայմանագրի նախաստորագրման արարողությունն էր, որը նաև արձանագրեց՝ Հայաստանն ու Ադրբեջանը դուրս են գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբից, վերաբացում են ուղիները ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա, կառուցում են բարիդրացիական հարաբերություններ՝ հիմնված միջազգային սահմանների անքակտելիության և տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքների վրա, վճռականորեն մերժում և բացառում են վրեժխնդրության ցանկացած փորձ ներկայում և ապագայում։

Առաջին «Իսկ եթե․․․»-ն

Հռչակագիրը ստորագրելուց անմիջապես հետո Հանրային ռադիոյի թղթակիցը հարցրեց՝ ի՞նչ հետևանքներ կունենա կողմերից որևէ մեկի կողմից ստանձնած հանձնառություններից հետ կանգնելը։

«Չեմ կարծում, թե կողմերը հետ կկանգնեն իրենց ստանձնած հանձնառություններից։ Կարծում եմ՝ շատ լավ կլինի։ Ես նրանց ասել եմ՝ փոքրիկ խնդիրներ միշտ էլ լինում են, իսկ մեծերը լուծված են։ Իրենք երկուսն էլ գիտեն, որ եթե խնդիր լինի, կզանգահարեն ինձ, ես կշտկեմ։ Խնդիր չեն ունենալու»,- ասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Եթե հետքայլ անելու միտք ունենային, այստեղ չէինք գա՝ ասել է Ադրբեջանի նախագահը, վստահեցնելով, որ տեղի ունեցածը կհանգեցնի Կովկասում կայուն և հավերժ խաղաղության:

«Այն փաստը, որ նախաստորագրվում է այստեղ՝ թիվ մեկ մայրաքաղաքում, աշխարհի թիվ մեկ գրասենյակում՝ ԱՄՆ մեծն նախագահի ներկայությամբ,  նշանակում է, որ կասկած չպետք է լինի ընդհանրապես, թե կողմերից որևէ մեկը հետ քայլ կանի»։

Հուշագրի ստորագրմանը հաջորդող ժամերին Նիկոլ Փաշինյանը 2 ասուլիս ունեցավ։ Առաջինի ժամանակ պատասխանեց տեղում լուսաբանող հայ լրագրողների, մյուսի ժամանակ՝ առցանց ստացված հարցերին։ Երկուսի ընթացքում էլ վարչապետը շեշտեց՝ չկա որևէ հիմք կարծելու, որ հուշագրի կետերը չեն պահպանվի․ սա, Փաշինյանի խոսքով, բոլոր կողմերի համար ձեռնտու պայմանավորվածություն է․

«Ես դժվար եմ պատկերացնում հետդարձի շահագրգռությունը, մենք այս նախագծով ահռելի տարանցիկ բեռներ ենք հրավիրելու, և դա ահռելի եկամուտներ է բերելու թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին։ Ինչու՞ հրաժարվել դրանից, ի՞նչ նպատակի համար»։

Ինչո՞ւ հիմա, ինչո՞ւ Ամերիկայի հետ

Թրամփը դեռ հռչակագիրը ստորագրելուց առաջ բնավ ոչ առանց հպարտության նշում էր, որ շատ երկրներ են փորձել լուծել այս խնդիրը, բայց դա միայն իրեն է հաջողվել։ Փաշինյանը առցանց ասուլիսի ժամանակ նշել է, որ հռչակագիրը ստորագրել են այն երկրի հետ, որն առանց վերապահումների է մոտեցել այնտեղ նշված մի կարևոր նախադասության։

«Այս նույն տարբերակը մենք առաջարկել ենք նաև Ռուսաստանի Դաշնությանը, մյուս գործընկերներին։ Նրբությունն այն էր, որ Միացյալ Նահանգների կողմից մենք շատ ակտիվ և կենդանի ըմբռնում տեսանք տվյալ խնդրի շրջանակներում մեր արձանագրած սկզբունքների նկատմամբ, որոնք Խաղաղության խաչմերուկ նախագծի հիմնարար դրույթներն են։ Խոսքը տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքի մասին է»։

Թրամփի ներգրավվածությունը գործընթացում անխուսափելիորեն երևալու է։ Հուշագրի կետերից մեկի համաձայն՝ Հայաստանն աշխատելու է ԱՄՆ-ի և համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։

Ի՞նչ կտանեն-կբերեն ճանապարհները

Հայաստանը «Թրամփի ուղու» միջոցով ունենալու է մեծածավալ ներդրումներ, ապաշրջափակման արդյունքում՝ կապ արտաքին աշխարհի հետ՝ վստահ է Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ սա ևս բոլոր կողմերի համար ձեռնտու լուծում է։ Ճանապարհը Ադրբեջանին հնարավորություն է տալու ուղիղ կապ ունենալու Նախիջևանի հետ․

«Այս նախագծով Հայաստանը Ռուսաստանի հետ երկաթուղային կապ է ստանում։ Երկաթուղային կապ ենք ստանում Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Այս համաձայնությունների արդյունքում Իրանը ստանում է երկաթուղային հնարավորություն Պարսից ծոցից մինչև Սև ծով՝ աննախադեպ մի բան։ Ռուսաստանի Դաշնությունն է երկաթուղային կապ ստանում մեր տարածաշրջանով դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն։ Մենք երկաթուղային կապ ենք ստանում Կենտրոնական Ասիայի հետ, Չինաստանն է ստանում երկաթուղային նոր ճանապարհ դեպի արևմուտք»։

Փաշինյանը ասուլիսի ժամանակ չի դիտարկել առանձին սցենարները՝ ինչ կլինի, եթե ճանապարհը փակվի, խցանվի, առաջանա այս կամ այն խնդիրը։ Սրանք, ասում է, ընթացիկ լուծման հարցեր են և կարևորում է միայն մեկ հանգամանք՝ ճանապարհի ողջ երկայնքով գործելու է ՀՀ օրենքն ու կարգը, Հայաստանի ինքնիշխանությունը որևէ կերպ չի խախտվելու։

Իսկ Սյունի՞քը

Այս քննարկումների շրջանակում ամենաարդիականը շարունակում է մնալ հետևյալ հարցը՝ «Ի՞նչ է տեղի ունենալու Սյունիքի հետ»։ Վարչապետը վստահեցնում է՝ ոչինչ, բացի զարգացումը․

«Կարծում եմ, որ էդ հարցը փակվեց ստորագրված հռչակագրով։ Մենք երկկողմ արձանագրեցինք, որ միմյանցից տարածքային նկրտումներ չենք ունենալու։ Պետք չի ստեղծել խոսույթներ, որոնք չկան։ Երկաթուղային հատվածը անցնում է Սյունիքի մարզով, և առաջիկա տարիներին Սյունիքի մարզը լինելու է Հայաստանի Հանրապետության ամենաաշխույժ ներդրումային միջավայրը՝ սրանից բխող բոլոր դրական հետևանքներով»։

Ներդրումներ անող կազմակերպությունները (և երկրները), ունենալու են իրենց անվտանգության ծառայությունները, ճիշտ այնպես, ինչպես այսօր ունեն մասնավոր կազմակերպությունները՝ բանկերը, խանութները, և այլն՝ ասում է վարչապետը։ Դրանք կարող են ունենալ առանձնահատուկ գործելաոճ, որը, սակայն, չի գերազանցելու Հայաստանի իրավապահ մարմինների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը։

Փաշինյանն ու Թրամփը, բայցի եռակողմ հռչակագրից, ստորագրել են նաև 3 երկկողմ հուշագիր։ Առաջինը Խաղաղության խաչմերուկ նախագծում ներդրումներ անելու մասին է, երկրորդը վերաբերում է արհեստական բանականության ոլորտին իսկ երրորդը՝  էներգետիկ ոլորտի զարգացմանը։ Դրանք ևս, ըստ Վարչապետի, ներդրումային լուրջ հնարավորություններ են բացելու։

Գերիները, Սահմանադրությունը, Խաղաղությունը

Խաղաղ լինելու պայմանավորվածության տնտեսական օգուտները, սակայն, հանրությանը հետաքրքրող միակ՝ գուցե նաև առաջին հարցը չեն։ Թեև ստորագրված հռչակագրում Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին ոչինչ չկա գրված, վարչապետ Փաշինյանն այս հարցին անդրադարձել է 2 ասուլիսների ժամանակ, առաջինում՝ սեփական նախաձեռնությամբ, երկրորդում՝ լրագրողների հարցերին ի պատասխան․

«Մեր փաստաթղթերում դա արտահայտված չի, բայց ուզում եմ իմանանք, որ մենք ոչ մի խոսակցության ժամանակ չենք շրջանցում անհետ կորած մեր հայրենակիցների, գերեվարված և անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցը։ Պարզապես սկզբունք ունեմ՝ երբեք նախապես ոչինչ չասել։ Այս պահին որևէ հայտարարություն չեմ անում։ Բայց խնդրում եմ որևէ կասկած չլինի, որ այդ հարցում ամենաշահագրգիռ ձևով, ամենաբարձր մակարդակով անդրադարձել ունեցել ենք, և հետևողական ենք լինելու այս խնդիրների լուծման առումով»։

Խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետքայլ չի լինի՝ պնդում են խաղաղության հավակնող երկրների առաջնորդները։ Երբ խաղաղության համաձայնագիր է ստորագրվում, բոլոր հարցերը պետք է լուծվեն՝ լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել է Իլհամ Ալիևը։ Նա, սակայն, բոլոր հարցեր ասելով նկատի է ունեցել Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը․

«Չեմ կասկածում, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխության դեպքում՝ իսկ հայկական կողմն ինքը հայտարարում է նման փոփոխությունների անհրաժեշտության մասին, տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ այնտեղից կհանվեն։ Հակառակ դեպքում դա, առաջին հերթին, կլինի անհարգալից վերաբերմունք Միացյալ Նահանգների հանդեպ՝ ասել է Ալիևը։

Կարդացեք նաև

Back to top button