ԿարևորՔաղաքական

Հայաստան-Ադրբեջան համաձայնագրերը նշանակալի առաջընթաց են տասնամյակներ տևած հակամարտությանը վերջ դնելու համար. Կայա Կալաս

Այսօր Սպիտակ տանը վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի կողմից նախագահ Թրամփի ներկայությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագրերը նշանակալի առաջընթաց են տասնամյակներ տևած հակամարտությանը վերջ դնելու համար, Եվրամիության անունից հայտարարության մեջ ասել է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը։

«Մենք խիստ գովաբանում ենք երկու կողմերին և ԱՄՆ վարչակազմին՝ առկա թափը օգտագործելու և առաջընթացը հնարավոր դարձնելու համար։ Այժմ կարևոր կլինի ապահովել համաձայնեցված քայլերի ժամանակին իրականացումը, մասնավորապես՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը և վավերացումը»,-նշել է Կալասը։

«Անցյալ տարվա մարտին խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ Հայաստան-Ադրբեջան երկկողմ բանակցությունների ավարտից հետո սա կարևոր և վճռական հաջորդ քայլ է դեպի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորումը՝ հիմնված միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման վրա՝ համաձայն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի։ Կիրառվելուց հետո այսօր համաձայնեցված քայլերը, ենթադրվում է, դրական ազդեցություն կունենան տարածաշրջանի ընդհանուր խաղաղ զարգացման վրա և կնպաստեն հակամարտության ժառանգությամբ բաժանված հասարակություններին մոտեցնելուն կայուն խաղաղության և համատեղ բարգավաճման»,-ասել է Բարձրագույն ներկայացուցիչը։

«ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին և տարիներ շարունակ աշխատել է երկու կողմերի և մեր միջազգային գործընկերների հետ՝ երկարատև խաղաղության պայմաններ ստեղծելու համար։ Մենք շարունակում ենք պատրաստ լինել գործընկերների հետ համագործակցել լիարժեք կարգավորման ուղղությամբ՝ տրամադրելով լրացուցիչ աջակցություն և փորձագիտություն, այդ թվում՝ հաջորդ քայլերի գործնական իրականացման համար»,-եզրափակել է նա։

Կարդացեք նաև

Back to top button