
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սպիտակ տանը Ադրբեջանի հետ համատեղ հռչակագիր ստորագրելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը Հայաստանին կապահովի արտաքին աշխարհի հետ կարևորագույն երկաթուղային կապերով։
Նա ընդգծել է, որ այս ապաշրջափակումը տեղի կունենա Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավասության շրջանակներում։
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ այսօր ձեռք բերված համաձայնությունները լիովին համապատասխանում են հուլիսի 16-ի իր մամուլի ասուլիսի ժամանակ ուրվագծված սկզբունքներին։
Օրը որակելով «անհավանական» և «պատմական», նա նաև խոնարհումի խոսքերն է ասել բոլոր նահատակներին, նրանց ընտանիքների անդամներին։
«Ուզում եմ ասել, որ այսօր, որն իմ ընդգծմամբ և համոզմամբ վստահաբար Հայաստանի անկախության, ինքնիշխանության բարձրակետն է, մենք այս կետին հասել ենք մեր ընկած եղբայրների սխրանքի և հերոսության շնորհիվ։ Իմ խոնարհումը։ Ես ծնկի եմ գալիս նրանց բոլորի, նրանց ընտանիքների, հարազատների առաջ»,-ասել է վարչապետ Փաշինյանը։
Փաշինյանի գնահատմամբ՝ տեղի ունեցածը կարևոր հաջողություն է ինչպես Հայաստանի ու Ադրբեջանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար։




