ԿարևորՀասարակություն

Հրազդանում այսօրվա սպանությունը բացահայտվել է թարմ հետքերով

Օգոստոսի 8-ի գիշերը Ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր ստացվել են «Հրազդան» բժշկական կենտրոնից: Բուժօգնության է տեղափոխվել դանակահարված երկու քաղաքացի, որոնցից մեկը` Հրազդանի բնակիչ 32-ամյա Արմեն Մ․-ն վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Ավելի ուշ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել նաև դանակահարված մեկ այլ տղամարդու` Հրազդանի Ջրառատ թաղամասի 28-ամյա բնակչի:

Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների ստացած տեղեկություններն իրացրել են Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի գործընկերներ հետ:

Պարզվել է, որ գիշերվա ժամը 2.30-ի սահմաններում մահացած Արմեն Մ․-ն 41-ամյա ընկերոջ հետ գնացել է Հրազդանի կենտրոնում գործող մի խանութ, որտեղ եղել են մի խումբ անձինք, այդ թվում՝ հիվանդանոց տեղափոխված 28-ամյա ջրառատցին։

Խանութում միջանձնային վեճ է սկսվել մահացածի և 28 տարեկան մի երիտասարդի միջև, որը Հրազդանի Կենտրոն թաղամասի բնակիչ է: Վեճը վերածվել է ծեծկռտուքի:

Ներկաները հանդարտեցրել են նրանց և խանութից դուրս հանել: Վիճաբանությունը շարունակվել է դրսում, որտեղ էլ Հրազդանի Կենտրոն թաղամասի 28-ամյա բնակիչը դանակով հարվածներ է հասցրել հիվանդանոց տեղափոխված երեք տղամարդկանց:

Իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում ժամը 4.20-ին դանակահարողը ներկայացել է Հրազդանի բաժին ու ձերբակալվել: Նա խոստովանել է արարքն ու ներկայացվել նախաքննական մարմին:

Ձեռնարկվում են միջոցներ` հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Կարդացեք նաև

Back to top button