
Աստղիկ Սարգսյան
Վաշինգտոնից
Ըստ նախնական պայմանավորվածությունների` Հայաստանի Հանրապետությունը ապաշրջափակվում է. լինելու է նաեւ ՀՀ տարածքով դեպի Նախիջեւան անցում։ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց ճանապարհներն օգտագործելու են փոխադարձության սկզբունքով՝ միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության շրջանակներում։ Հայաստանը երկաթուղային կապ է ստանալու արտաքին աշխարհի հետ՝ դեպի Իրան, Չինաստան, Կենտրոնական Ասիա, Ռուսաստան։ Դեպի Նախիջեւան անխոչընդոտ անցումը տեղավորվում է ՀՀ ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության շրջանակում։ Հայաստանով անցնող ենթակառուցվածքները գտնվելու են ՀՀ ինքնիշխանության ներքո, այսինքն՝ ինչպես ՀՀ ցանկացած այլ տարածքում գործելու են ՀՀ օրենքները, ՀՀ պետական ինստիտուտները, իրավապահները եւ այսպես շարունակ։
Ակնկալվում է
«Թրամփի ուղի» ենթակառուցվածքային ներդրումային ծրագիրը. կառավարման ձեւով այն աննախադեպ չէ Հայաստանի համար. նման ծրագրեր այսօր էլ կան՝ օրինակ՝ նույն կերպ է իրականացվում «Հարավկովկասյան երկաթուղիների» եւ «Զվարթնոց միջազգային օդանավակայանի» կառավարումը, փոխարենը «Թրամփի ուղի»– ն աննախադեպ է ներդրումային մասշտաբներով. ներդրումային ծրագիրը ոչ միայն երկաթուղու եւ ավտոճանապարհների մասին է, այլեւ գազամուղերի, նավթամուղերի, էլեկտրահաղորդման գծերի, մալուխների, որոնց անցումը ՀՀ տարածքով ոչ միայն եկամուտի, այլեւ անվտանգության էական աղբյուր է։
ԱՄՆ նախագահի ներկայությամբ նախաստորագրվելու է Խաղաղության համաձայնագիրը. կողմերը ԱՄՆ նախագահի ներկայությամբ կպարտավորվեն պահպանել խաղաղությունը, բացառել վրեժխնդրությունը, հրաժարվել միմյանցից տարածքներ գրավելու գործելակերպից՝ այսօր եւ ապագայում, հիմնված այն փաստի վրա, որ Հայկական ԽՍՀ եւ Ադրբեջանական ԽՍՀ տարածքները նույնական են անկախ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքների հետ։
Կողմերը համատեղ դիմելու են ԵԱՀԿ–ին՝ Մինսկի խումբը լուծարելու հարցով, նրա գոյությունը տարածքային պահանջները բացառելու բերումով դառնում է ավելորդ։ Ակնկալիքը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ փաստացի խաղաղությունն է։
Կարձանագրվի, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի եւ վավերացվի եւ նաեւ ԱՄՆ նախագահն է սրա համար պատասխանատվություն վերցնում։
«Թրամփի ուղին» դիտարկվում է որպես ռազմավարական ենթակառուցվածքային նախագիծ՝ տարածաշրջանային հաղորդակցման նոր ցանցեր ձևավորելու և միջազգային կապերը խթանելու համար։ Ծրագիրն ունի ներուժ դառնալու Հայաստան-ԱՄՆ ներդրումային համաձայնագրի գործնական հիմք։
Մանրամասները, տողատակերում ծագող հարցերը հանրային ռադիոյի եթերում՝ այդ թվում սոցցանցերում, հենց Վաշինգտոնից կպարզաբանեն պատասխանատու բարձրաստիճան պաշտոնատար անձինք։




